Լրահոս

01.08.2013 17:05


Ոստիկանության ավագ տեսուչը մեղադրվում է պաշտոնական լիազորություններն անցնելու և կաշառք ստանալու մեջ

Ոստիկանության ավագ տեսուչը մեղադրվում է պաշտոնական լիազորություններն անցնելու և կաշառք ստանալու մեջ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ավագ տեսուչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք պահանջելու և ստանալու փաստերի առթիվ հարուցված քրեակական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բ.Ավետիկյանը քաղաքացուց կաշառք է պահանջել` իր լիազորությունների շրջանակում Երևան քաղաքի բնակիչ Հ.Մարտիրոսյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու համար, ինչպես նաև` անցել իր լիազորությունների շրջանակը` կատարելով բռնությամբ զուգորդված գործողություններ:

Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` Բ.Ավետիկյանը, 2013թ. մայիսի 16-ին նկատելով, որ Երևան քաղաքի Շիրակի 82/18 հասցեի տան սեփականատեր Հ.Մարտիրոսյանը տան` ազբեստյա թիթեղով ծածկված ցանկապատը վերակառուցում է քարե պատով, պարզել է, որ իրականացվող շինարարությունը կատարվում է առանց համապատասխան թույլտվության:

Նշված վարչական իրավախախտման փաստն իրեն վերապահված լիազորության շրջանակում չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար հիշյալ տան սեփականատիրոջ հարևանի` Կ.Հարությունյանի միջոցով պահանջել է կաշառք` սկզբում հյուրասիրության, ապա նաև` գումարի տեսքով:

Այսպես.
Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Կ.Հարությունյանը գարեջրատանը Բ.Ավետիկյանի համար կազմակերպել է հյուրասիրություն, որից հետո ոստիկանության աշխատակիցն իր աշխատասենյակում պահանջել է նաև գումար` 100 000 դրամի չափով:

Այս կապակցությամբ Բ.Ավետիկյանի և Կ.Հարությունյանի միջև վիճաբանություն է սկսվել, որը ոստիկանության բաժանմունքի միջանցքում վեր է ածվել քաշքշուկի և փոխադարձ հայհոյանքների: Այդ ընթացքում Բ.Ավետիկյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կ.Հարությունյանի նկատմամբ. ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ.Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը