Մեկնաբանություն

07.08.2013 21:55


Տարոն Մարգարյանի «ասեցվեցը» և Սերժ Սարգսյանի «հաղթեցնելը»

Տարոն Մարգարյանի «ասեցվեցը» և Սերժ Սարգսյանի «հաղթեցնելը»

«Ինձ թվում է, 150 դրամի համար որոշումը, հայտարարությունս բոլորս լսեցիք ասեցվեց՝ հանձնաժողով ստեղծվի, որ սոցիալական խմբերի խնդիրները ուսումնասիրենք, նոր քայլենք: Ինձ թվում է, էս հրաժարականներին և էս նման, հա՞, պահանջներին ժողովուրդը էդքան էլ կողմնակից չի: Հարցրեք ժողովրդին»,- երեկ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերից մեկին, այսպես է իր միտքն արտահայտել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մինչ օրս հայ հանրության հատկապես դեգրադացված հատվածը վարժվել էր «գալուստերենին», սակայն, պարզվում է «գալուստերենից» բացի, կա նաեւ «տարոներեն», ինչին եւս շատ շուտով կվարժվի:

Թեպետ, մինչ «գալուստերենն» ու «տարոներենը» արդեն իսկ եղել է մի լեզու, որն, հասկանալու համար, երեւի, պետք է օգտվել Մորզեի այբուբենից:

Հիշում եք՝ կառավարության հայտնի նիստը, երբ Սերժ Սարգսյանն իբր քննադատում էր Տիգրան Սարգսյանի գործունեությունը, վերջինիս հրահանգելով՝ «Գլխից է պետք բռնել, գլխից»: Այնուհետ՝ դժգոհություն հայտնեց, թե պաշտոնյաները մրցույթներում «հաղթեցնում» են իրենց ծանոթ-բարեկամներին:

Հիմա, խոսքն այն մասին չէ, որ այդ «պախարակող» նիստից ամիսներ անց Սերժ Սարգսյանը ստորագրեց վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակելու հրամանագիրը: Խոսքը կրթական ցենզի մասին է։

Երեկ Տարոն Մարգարյանը անկաշկանդորեն արտահայտվեց՝ «ասեցվեց»: Իսկ ավելի վաղ նույնքան անկաշկանդորեն Սերժ Սարգսյանն արտաբերեց՝ «հաղթեցնել» (ականջդ կանչի, Արամ Աբրահամյան, որ մինչ 2008 թվականը գրեթե ամեն օր խոսում էիր «գավառականության եւ տգիտության» մասին, իսկ հիմա «հաղթեցնել»–ը եւ «ասեցվեց»-ը չես լսում ու նկատում):

Եվ ընդհանրապես, պալատին ծառայելուն լծված «անկախ» լրատվամիջոցները 2008-ից հետո գերադասում են խուլի եւ կույրի կարգավիճակը՝ չհանդգնելով որեւէ կերպ անդրադառնալ Սերժ Սարգսյանի «բանահյուսական գոհարներին», ինչով առատ էր հատկապես վերջին նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը:

Դե, ինչ կարող ենք ասել, երբ «Սայաթ-Նովա» ֆիլմում ամեն ինչ ասվել է՝ «Պալատական փափուկ կյանքը կոշտացրել է մարդու հոգին»:

«Անկախ» լրատվամիջոցները հիմա նման «մանրուքներ» չեն նկատում եւ չեն գրում «գավառականության եւ տգիտության» մասին:

Դառնալով «մեր ոչխարներին» պետք է ասել, որ Տարեն Մարգարյաննն իր կրթական ցենզով հավասարազոր է իր կուսառաջնորդին: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա:

Ճիշտ է՝ ինչպես բռնապետի հակումներ ունեցող ցանկացած ինքնասիրահարված առաջնորդ, այնպես էլ Սերժ Սարգսյանը փորձել է իր կրթական ցենզից ավելի պակաս մակարդակ ունեցող մարդկանց ընտրել որպես ենթակա, սակայն այդ հարցում վերջինիս, կարծես թե չի հաջողվել ընտրել «ավելի պակաս» մակարդակ ունեցողներին: Նույն հարթության վրա են:

Ի դեպ, ժամանակին, երբ Տարոն Մարգարյանը առաջադրվել էր Ավանի թաղապետի թեկնածու, դեռ այն ժամանակ, լրագրողները թեկնածուից հարցազրույց վերցնելու համար հանդիպում եւ զրուցում էին ոչ թե Տարոն Մարգարյանի, այլ նրա «օգնականի» հետ: Թեկնածու Տարեն Մարգարյանի փոխարեն հարցերին պատասխանում էր նրա «օգնականը»՝ ՀՀԿ-ից:

Այնպես, որ հիմա պետք չէ զարմանալ, որ Տարոն Մարգարյանը ոչ միայն խոսում է, այլեւ քայլելով պատասխանում է քաղաքապետարանի դիմաց շարունակվող ակցիաների մասնակից ակտիվիստի հարցերին:

Մեր աչքի առաջ «աճում» է երիտասարդ քաղաքապետը, որն արդեն կարողանում միաժամանակ անել երկու բան՝ քայլելով խոսել:

Մնում է մտածել կարողանա: Ինքնուրույն:

Ավաղ, այդ հարցում ամենալավատեսներն անգամ ընկնում են վատատեսության գիրկը՝ ոչ մի կերպ չպատկերացնելով, որ նա երբեւէ կկարողանա ինքնուրույն մտածել:

Քանզի նա, ով նրան «հաղթեցրել» է՝ ավելի քան տեղյակ է, որ «հաղթեցվածը» առանց իր գիտության ոչ մի դեպքում չի կարող «ինքնաբուխ» մտածել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը