Մեկնաբանություն

09.08.2013 13:35


Ի՞նչ արժե Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը»

Ի՞նչ արժե Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը»

Առաջարկում եմ մի պահ կտրվել հայաստանյան իրականությունից։

Եկեք մի պահ ենթադրենք, որ մարտի 1–ի տասը զոհերի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի պռոշը ճաքում է ժողովրդավարական արժեքեների համար, և դա է պատճառը, որ նա արևմտամետ է դարձել։

Եկեք նաև ենթադրենք, որ «ատկատահեն» տնտեսական մոդելի կողմնակից Սերժ Սարգսյանի քունը չի տանում Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու և ժամանակակից պետություն սարքելու համար։

Շատ հնարավոր է, որ ՌԴ հատուկ ծառայությունների կողմից մեդալի արժանացած Սերժ Սարգսյանը որոշել է մոռանալ չեկիստական անցյալն ու ինտեգրվել Արևմուտքին (պատմությունից հայտնի են դեպքեր, երբ գործակալը դուրս է գալիս վերահսկողությունից ու սկսում ինքնուրույն խաղալ)։

Անհասկանալի է, սակայն, թե ինչու է Սարգսյանն Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման տակ հասկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը։ Ո՞վ է ասել, որ ԵՄ–ին ինտեգրվելը պետք է պարտադիր ՀՀ անվտանգության համակարգի փլուզման գնով լինի։

Ինչո՞ւ է Սարգսյանին թվում, թե հակառուսական հիստերիա բարձրացնելով ինքն ավելի առաջադեմ է դառնում և ժողովրդավար։ Ռուսաստանի (նախկինում նաև ՍՍՀՄ–ի) հետ փայլուն հարաբերություններ ունի (ուներ), օրինակ, Ֆինլանդիան, որը միաժամանակ նաև արևմտյան աշխարհի բաղկացուցիչներից է։ Այնպես որ առնվազն հիմարություն է Արևմուտքին ինտեգրվելը դիտարկել որպես ՌԴ–ի հետ հարաբերությունների վատացում, մանավանդ մեր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով։

Հակառուսական հիստերիայի միջոցով արևմտամետություն էր խաղում նաև Սաակաշվիլին, բայց դրա արդյունքում դե ֆակտո և դե յուրե կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Վրաստանի տնտեսությունն էլ դարձրեց Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը։ Սաակաշվիլու նախագահության շրջանում եվրոպական ոչ մի շուկա չի բացվել ո՛չ վրացական գինիների, ո՛չ հանքային ջրերի, ո՛չ թեյի, ո՛չ ցիտրուսային մրգերի համար և ո՛չ էլ եվրոպացի տուրիստներն են լցվել Վրաստանի ծովափնյա հանգստավայրերը։ Սաակաշվիլու արկածախնդրության պատճառով Վրաստանը կորցրեց իր ռուսական շուկան, բայց նոր շուկաներ չգտավ։ Փոխարենը թուրքերն ու ադրբեջանցիներն են Վրաստանը դարձրել «պռախադնոյ դվոռ» և իրենց ոտնամաններն են սրբում այդ տարածքում։

Հիմա եթե Սարգսյանը որոշել է սաակաշվիլիություն անել և ԵՄ–ից ֆինանսական օգնության դիմաց գնալ մի քայլի, որի մասին երազում են Թուրքիան ու Ադրբեջանը, ապա այդտեղից դավաճանության հոտ է գալիս։

Դատեք ինքներդ. եթե ԵՄ–ի խոստացած փողի դիմաց Սերժ Սարգսյանը աճուրդի է հանել Ղարաբաղն ու հարվածի տակ դրել ՀՀ անվտանգությունը, ապա ուրիշ էլ ի՞նչ անուն դնես այդօրինակ «արևմտամետությանը», եթե ոչ դավաճանություն։ Լավագույն դեպքում դա քաղաքական անմեղսունակության դրսևորում է։ Բայց դե անմեղսունակներին էլ չի կարելի պետության ղեկ վստահել, քանզի արդյունքը նույնն է լինում։ Այնպես որ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի հեռացումն է։ Կապ չունի, որ ընտրական գործընթացներն ավարտվել են։ Իրական ընտրությունը նոր է սկսվում։

Հայաստանը կանգնած է «կամ–կամ» ընտրության առաջ։ Կա՛մ Սերժ Սարգսյանը կմնա իշխանության և Հայաստանը, անձնական շահերից ելնելով, կդարձնի մանրադրամ հզորների ձեռքում, կա՛մ կձևավորվի հայաստանակենտրոն նոր իշխանություն, որը արևմտյան մոդելով կարդիականացնի պետական կառավարման համակարգն ու տնտեսությունը, բայց ոչ ՀՀ և ԼՂՀ անվտանգության հաշվին։

Երրորդ տարբերակ չկա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը