Մեկնաբանություն

13.08.2013 11:58


Բարի Գալուստն ու անորսալի Սերժը

Բարի Գալուստն ու անորսալի Սերժը

Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր ու համատեղությամբ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է բազմաթիվ անեկդոտների և կոլաժների պատճառ դարձած արձակուրդի, ավելի ճիշտ՝ կոնսպիրոլոգիայի բոլոր կանոններով կազմակերպված «պախկվոցիի» թեմային։ Խոսքը, ինչպես գլխի եք ընկնում, ՀՀԿ ղեկավարի և համատեղությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու արձակուրդի մասին է։

«Սերժ Սարգսյանի բոլոր պաշտոնական աշխատանքային գործառույթները տեղեկացվում են հասարակությանը, բայց հանգստի պահերին. երբ մարդն իր անձնական խնդիրներն ունի, պետք չի լուրեր հեղեղել, առավել ևս, որ անվտանգության հարց կա»,– թերթերից մեկին թված հարցազրույցում հայտարարել է Գալուստ Սահակյանը։

Գալուստը նաև նշել է, թե կարիք չկա ամբողջ աշխարհին տեղեկացնել, թե որտեղ է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը։

Վերջապե՛ս։ Վերջապես Գալուստը բացահայտեց թե ինչն ինչոց է։ Մնում է պարզել, թե ինչ անձնական խնդիրներ ունի (Աստված չանի. թու՛, թու՛, թու՛) տոկոս «խփելու» մեծ սիրահարը և արդյոք այդ անձնական խնդիրներն այնքան են գլուխ բարձրացրել, որ հեռու տնից տեղից...

Մի խոսքով, Սերժի ֆանատներս վերջապես մի փոքր լուր ստացանք նրանից։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը հիշեցնում է «Անորսալի Ջոյի» մասին հայտնի պատմությունը։ Այնպես, որ Սերժ Սարգսյանը թող շարունակի իր անվտանգ հանգիստը որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է հեռու բունկերներում (կամ խաղատներում)։ Այդպես լավ կլինի հա՛մ իր, հա՛մ հայ ժողովրդի համար։

Դե իսկ բարի Գալուստին լիքը «լայք», քանզի նա ցուցաբերեց պետական բարձր մտածողություն, ինչպես նաև բելոռուսական պարտիզանի գաղտնապահություն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը