Լրահոս

14.08.2013 12:13


Պահանջում են հրապարակել տեսագրությունները

Պահանջում են հրապարակել տեսագրությունները
Հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում մենք՝ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը, անց ենք կացնում նստացույց` Հենրիկ Նավասարդյանի եւ Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով։ Օրերս տարբեր լրատվամիջոցներով տարածվեց մի տեսանյութ, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մեր գնահատականով տեսանյութը նպատակ ուներ զրպարտել և վարկաբեկել մեզ՝ նստացույցի մասնակիցներիս: Տեսանյութից պարզ է դառնում, որ նկարահանումների մի մասը իրականացվել է քաղաքապետարանի աստիճանահարթակից այն օրերին, երբ ոստիկանությունը միայն քաղաքապետարանի աշխատակիցներին էր թույլատրում աստիճաններից օգտվել: Քանի որ նյութը տարածվել է անանուն, իսկ այդ վայրում կարող էին գտնվել միայն քաղաքապետարանի կամ ոստիկանության աշխատակիցներ, ապա կարելի է ենթադրել, որ կա՛մ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, կա՛մ ՀՀ ոստիկանությունը բացի իրենց հիմնական գործառույթները, իրականացնում են նաև այլ ստվերային գործունեություն: Նստացույցի ընթացքում ակցիայի մասնակիցների եւ համախոհների դեմ կատարվել են մարդու կյանքին և առողջությանը, գույքին և արժանապատվությանը վնաս պատճառելու բազմաթիվ այլ ոտնձգություններ։ Մասնավորապես, քաղաքապետարանի շենք ազատ ելումուտ ունեցող անձինք հայհոյել, այլ դեպքում՝ հարվածել են նստացույցի վայրում ներկա քաղաքացիներին, մեր բացակայությունից օգտվելով գողացել են նստացույցի պահանջներով պաստառները, նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանի ձեռքի ժամացույցը։ Քանի որ այս աղաղակող փաստերըը կատարվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից տեսահսկվող տարածքում, ուստի Երևանի քաղաքապետարանը` ի դեմս քաղաքապետի, տնօրինում եք կատարված հանցագործությունների մասին վկայող փաստեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 18 օր շարունակ նստացույցի աջակիցների մեջ էր գտնվում, ոստիկանության պնդմամբ, հուլիսի 21-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացի, ով մինչև ազատազրկվելը երեք անգամ՝ 27.07.13թ. և 10.08.13թ. ինքնակամ` որպես տուժող, ներկայացել է ոստիկանական բաժանմունք և մեկ անգամ՝ 08.08.13թ., բերման ենթարկվել իբր թե վարչական իրավախախտման համար ու տեղում ազատ արձակվել, ինչպես նաև այն, որ մեր` հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներով ոստիկանությունը վարույթներ չի սկսել՝ դրանով հերթական անգամ հավաստելով, որ գործում է ոչ արհեստավարժ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով ակցիայի մասնակիցների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեղադրումն արգելելու և նրանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու վրա, մեր դեմ կատարվող հանցագործություններից և իրավախախտումներից պաշտպանվելու համար ստիպված ենք մենք ևս իրավախախտներին բացահայտելու ինքնուրույն միջոցներ ձեռնարկել: Երեւանի քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող տեսանյութերը հանդիսանում են անհրաժեշտ ապացույցներ, որոնք թույլ կտան բացահայտել հանցագործներին և իրավախախտներին։ Հետեւաբար, պահանջում ենք հրապարակել հուլիսի 26-ից առայսօր Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում կատարված իրադարձությունների բոլոր տեսագրությունները։ Գոռ Առաքելյան, Սուրեն Սահակյան, Վահագն Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը