Լրահոս

26.08.2013 11:55


Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը
Կոմիտասի 3, 5 և 7 շենքերի բակում կասկածելի իրավական հիմքերով ու շինարարական նորմերի ակնհայտ խախտումներով բարձրահարկ շենքի կառուցման, ակնհայտ հակաօրինական գործողություններ կատարած պաշտոնյաների հետագա պաշտոնավարման եւ պետական կառավարման համակարգի այլ ապօրինությունների դեմ պայքարող ակտիվ քաղաքացիների նկատմամբ կիրառվող ոստիկանական ահաբեկչությունը արդյունք չի տալիս, իսկ պայքարող քաղաքացիների թիվն օրըստօրե աճում է:

Այս պատճառով ոստիկանական բռնությունները զուգակցվում են հանցավոր համակարգի օրգանական մաս կազմող քրեական տականքի բռնարարքներով: Քրեական տարրերը ակտիվիստների նկատմամբ բռնություն են կատարում ինչպես ոստիկանների ներկայությամբ, այնպես էլ քաղաքացիական ակցիաների վայրից նրանց կարճաժամկետ բացակայությունների ընթացքում, ինչը մի դեպքում կատարվում է մարդկանց հոգեբանորեն ընկճելու, իսկ մյուս դեպքում` հանցագործներին թաքցնելու ու հովանավորելու նպատակով:

Ասվածի մասին են վկայում օգոստոսի 22-ին Կոմիտասի 3, 5, ու 7 շենքերի մոտ հավաքված քաղաքացիների եւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի հանդիպման ընթացքում` Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Մովսիսյանի ու բազմաթիվ այլ ոստիկանների ներկայությամբ նույն փոխքաղաքապետի վարորդի գլխավորած շուրջ 10 հոգանոց քրեական խմբի կողմից քաղաքացիական ակտիվիստ Անուշավան Պետրոսյանին եւ օգոստոսի 25-ին, գիշերվա ժամը 01:30-ի սահմաններում Արարատ հյուրանոցի մոտ դարձյալ շուրջ 10 հանցագործների կողմից ակտիվիստներ Միհրան Մարգարյանին եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանին դաժանաբար ծեծի ենթարկելու ու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստերը:

Այս փաստերն ավելի խոսուն են դառնում, օրինակ, օգոստոսի 24-ին Ոստիկանության մասնակցությամբ կատարված դեպքերի համատեքստում, որոնցից հատկանշական են Կոմիտասի պողոտայում պայքարող քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության կիրառած զանգվածային բռնությունները, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանների կողմից ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկելու դեպքը, որի հետևանքով նա ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, ինչպես նաև ակտիվիստների նկատմամբ շատ ավելի դաժան միջոցներ գործադրելու վերաբերյալ նույն Ոստիկանության` օգոստոսի 24-ին տարածած հայտարարությունը:

Նախախորհրդարանը խստորեն դատապարտում է հանուն արժանապատվության, արդարության, ազատության եւ իրավունքների պայքարող քաղաքացիների դեմ հանցավոր համակարգի երկու օրգանական բաղադրիչների` Ոստիկանության ու քրեական խմբերի համադրված գործողությունները:

Նախախորհրդարանը զգուշացնում է համակարգի պետական-պաշտոնական մասի մարմիններին ու պաշտոնատար անձանց, այդ թվում` Ոստիկանությանը եւ ոստիկաններին, որ անկախ իրենց տրվող հրամանների բնույթից ու բովանդակությունից, նրանք պարտավոր են ծառայել օրենքին, եթե չեն ցանկանում մոտակա հեռանկարում` ժողովրդի իշխանության հաստատումից հետո, նույնացվել քրեական տականքի հետ և պատասխան տալ այդ նույն օրենքի առաջ:

Նախախորհրդարան

Այս խորագրի վերջին նյութերը