Մեկնաբանություն

27.08.2013 12:55


Օֆշորային ընդդիմություն

Օֆշորային ընդդիմություն

Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը ամիսներ առաջ համատեղ հուժկու ասուլիս տվեցին ու հայտարարեցին, որ վերականգնելու են ՀՀՇ–ն։ Թերևս՝ ՀԱԿ–ի «ինադու»։

Նշյալ գործիչները, բնականաբար, հայտարարեցին նաև, որ հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից։ Ես կասեի՝ «թունդ ընդդիմադիր» դիրքերից։

Լավատեղյակները, սակայն, պնդում են, որ նոր ՀՀՇ ստեղծելու գաղափարը ծնվել է իշխանական կաբինետներում։ Ավելի կոնկրետ՝ Կառավարության շենքում։

Խոսվում է այն մասին, որ այդպիսով Տիգրան Սարգսյանը փորձում է քաղաքական դաշտի կռճոններից ու արտադրական թափոններից իր համար քաղաքական հենարանի նման մի բան ստեղծել (այդ ծրագրի շրջանակներում է նաև ջանքեր գործադրվում ԱԺՄ–ի վերակենդանացման համար), քանի որ ՀՀԿ–ում նա այդպես էլ չկարողացավ իր տեղն ամրացնել ու գոյատևում է զուտ Սերժ Սարգսյանին հլու–հնազանդ ծառայելու և «ատկատային» տնտեսության կառավարումը փայլուն իրականացնելու շնորհիվ։

Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանն ուզում է, այսպես ասած, «օֆշորային ընդդիմություն» ձևավորել, որպեսզի քաղաքական վայրիվերումների ժամանակ կարողանա խուսափել համապատասխան մարմինների ներկայացուցիչներին Կիպրոսի «տեսարժան» վայրերի մասին հանգամանալից պատմելու տհաճ պարտականությունից, ինչպես նաև մյուս «քաջագործություններից» խոսելու տխուր հեռանկարից։

Թե որքանով են իրականությանը մոտ շրջանառվող այդ տեղեկությունները հին ու նոր ՀՀՇ–ականների գործունեության մասին՝ կարելի է դատել օրերս տեղի ունեցած մի արարողության մասնակիցների կազմին ծանոթանալով։

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ունեցած տեղեկություններով՝ Օպերայի շենքի հարակից տարածքում գտնվող իր «օբյեկտում» Արարատ Զուրաբյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Եվ ինչպես «թունդ ընդդիմադիրների» հետ է հաճախ պատահում՝ խնջույքին մասնակցել են իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներ։ Տվյալ դեպքում թամադայություն է արել օվշորային գործի մեծն գիտակ Տիգրան Սարգսյանը։ Այսինքն կարելի է ասել, որ ծնունդը տեղի է ունեցել «օֆշորային» գոտում։

Ականատեսների վկայությամբ՝ Արարատ Զուրաբյանը անհարմարության աստիճանի քծնել է վարչապետին և դիֆերամբներ շռայլել նրա հասցեին։ Մյուս «թունդերի» պահվածքի մասին մեր աղբյուրները լռում են։ Կարելի է միայն ենթադրել։

Ահա այսպիսի նոր ՀՀՇ է սպասվում։ Նրանք աշխատանքային օրերին դաժան քննադատության կենթարկեն ատկատների և օֆշորների հեղինակներին, և նույնիսկ կմրթմրթան, որ ուրիշներն ուշացնում են հեղափոխությունը, իսկ ազատ օրերին կամ տիգրանսարգսյանական մեռելոցների երկուշաբթիների ժամանակ կխմեն ատկատահեն և օֆշորամետ տնտեսության ռահվիրայի կենացը։

Դե ինչ, վարչապետի թամադայությամբ ծննդյան օրը նշելը «թունդ ընդդիմադիր» գործունեության համար վատ մեկնարկ չէ։ Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել այդ քեֆին։ Ազատության հրապարակին կից սրճարանում հեղափոխական մթնոլորտ կստեղծվեր։ Միասին կպահանջեին տարատեսակ հրաժարականներ։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանինը կամ Լևոն Տեր–Պետրոսյանինը։ Բացի այդ՝ կգոռային «Սեր–ժի՛կ, նախագա՛հ», իսկ Վլադիմիր Գասպարյանի ոստիկաններն էլ քնքշորեն կարգի կբերեին գոռգոռացող հեղափոխականներին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը