Լրահոս

18.07.2009 12:47


Հոգեհանգիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոգեհանգիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։

Արարողության ընթացքում ներկաներին իր ցավակցական խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետը:

«Խորը վշտով են համակված մեր հոգիները: Թեհրան-Երևան օդանավի չարաբաստիկ աղետը մարդկային շատ կյանքեր խլեց: Ցավ է մեզ, որ բազմաթիվ մարդկանց երկրավոր կյանքի ընթացքը ավարտվեց ողբերգական իրադարձությամբ: Ասյպիսի դժվարին պահերին ևս մենք մեր աղոթքներն ենք բարձրացնում առ Աստված, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Զնեղութիւն և զանձկութիւն գտի և զանուն Տեառն կարդացի» (Սաղմ. ՃԺԴ 3-4): Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մխիթարի մեզ ցավի և տրտմության մեջ, զորակից լինի՝ հաղթահարելու անդառնալի կորստի կսկիծը»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Հայոց Հայրապետը նաև իր ցավակցությունն ու սիրտակցությունը հայտնեց զոհվածների բոլոր հարազատներին, Իրանի և Վրաստանի իշխանություններին և ժողովուրդներին՝ աղոթելով, որ Տերը խաղաղության մեջ հանգստություն և երանություն պարգևի հանգուցյալների հոգիներին և Սուրբ Հոգու շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր բոլոր սրտերը:

Հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, Մայր Աթոռի միաբաններ, զոհվածների հարազատներ:

Այս խորագրի վերջին նյութերը