Մեկնաբանություն

10.10.2013 00:05


Էս երկրում միշտ «Կարգին Հասոյի» հարսանիքն է

Էս երկրում միշտ «Կարգին Հասոյի» հարսանիքն է

ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հայտնվում է կուսակից Մանվել Բադեյանի զավակի հարսանիքին:

«Բարով եկար, սիրուն կռունկ» երգելուց երկու ամիս հետո Տիգրան Սարգսյանը 2 միլիոն դոլարանոց ծախս է անում բյուջեի հաշվին և «չարթերային» ինքնաթիռով թռչում Սանկտ-Պետերբուրգ:

Քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման նպատակով հանձնաժողով ստեղծելուց հետո Տարոն Մարգարյանը կես միլիոն դոլարանոց «Էրեբունի-Երևան» տոնակատարություն է անում:

Մաքսային միություն մտնելու, այն է՝ մեր ինքնիշխանությանը վտանգելու մասին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումից շաբաթներ անց՝ Անկախության տոնի կապակցությամբ, համերգ են կազմակերպում ու Նունե Եսայանին 130 հազար դոլար շաբաշ են տալիս պետբյուջեից:

Իսկ թե քանի միլիոն է ծախսվել ԵՄ-ի հետ ավելի քան երեք տարի բանակցելու վրա, դա էլ, թերևս, ավելի ուշ կբացահայտվի:

Գազի պայմանագրից դեռ ոչ ոք ոչինչ չի հասկանում, բայց քաղաքացիները պարտաճանաչ բարձր գին են վճարում:

Իսկ Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի թոփ հյուրը կուսաթաղանթի մեծ մասնագետ ու քաղաքական գործիչ Անի Զախարյանն է:

Կարկուտից տուժած գյուղերին օգնելու նպատակով ինչ-որ հիմնադրամ են ստեղծում ու գրոշներ են շպրտում գյուղացիներին, իսկ մինչ այդ ավելի քան 16 միլիոն են մսխում՝ գյուղացուն գյուղի գործին ծանոթացնելու համար՝ հատկապես կովերին կթելու պահով:

Գործարարն արդեն 6 ամիս հայտարարում է, որ իրեն «քցել» են վարչապետն ու կամպանիան, բայց «օֆշորի գործը» դատախազությունը շարունակում է պարտակել կամ անտեսել տուժողի բողոքը:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետը կես միլիոն դոլար է վերադարձնում բյուջե ու համաներմամբ հայտնվում է ազատության մեջ: Ու ոչ ոք չի հարցնում՝ որտեղից քեզ այդքան գումար, եթե սկզբում պնդում էիր, որ դու անմեղ ես:

Վաղն էլ թոշակները կերած ու մարսած Խաչիկյանը համաներմամբ կհայտնվի ազատության մեջ: Դե եթե օֆշորային սկանդալում հայտնված Տիգրան Սարգսյանը պատասխանատվության չի ենթարկվում, ավելին՝ մնում է իր պաշտոնին, ապա ինչու՞ պետք է Խաչիկյանն ու մյուսներն անազատության մեջ մնան։

Լիսկայի մարդասպան որդուն հազիվ երեք ամիս են պահում մեկուսարանում ու բաց թողնում, իսկ խոտի դեզը ծխահարած երիտասարդներն արդեն հինգ ամիս գտնվում են կալանքի տակ եւ նրանց անպայման կդատեն: Ավելին՝ երկու տարի է, ինչ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գտնվում է բանտում:

Աշոտյանը բարձրացնում է ուսման վարձավճարները, բայց մյուս կողմից էլ որոշում է, որ Երեւանում պետք է բացվի Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը: Իբր տեղական ԲՈՒՀ-երի ուսանողներն ի վիճակի են վճարել ուսման համար, հիմա էլ ավելի թանկ մասնաճյուղ են ստեղծում՝ Մաքսային միություն մտնելու ծրագրի շրջանակներում ընդառաջելով «մեծ եղբորը»:

Դե, քանի որ ուսման վարձավճարների դեմ պայքարի դրոշ բարձրացրած նախաձեռնող խումբը երկու օր հետո մոռացավ իր նախաձեռնության մասին, ուրեմն՝ հանգիստ կարելի է «առաջ շարժվել»:

Ի դեպ, տեսե՞լ եք, թե Աշոտյանի ՖԲ-յան գրառումները ինչ քանակի «լայքեր» են հավաքում: Ակնհայտ է, Աշոտյանն իր գերատեսչությանն ամեն անգամ ոտքի է հանում սեփական գրառումները հավանության արժանացնելու «պատասխանատու» գործը ավարտին հասցնելու համար: Եթե այդ զանգվածին ավելացնենք նաև հաստիքային «ֆեյքերին», ապա վիրտուալ տարածքում տպավորիչ ցուցանիշներ ապահովելը դառնում է տեխնիկայի խնդիր։

Եվ այս ամենը թողած՝ սոցցանցերում հավաքված բազմությունը ակտիվորեն քննարկում է Շերին հասցեագրած Գարիկ Մարտիրոսյանի գնահատականը:

Ավելի մեծ անհեթեթություն չի կարող լինել: Տաքանում են, վիճում, իրար են վիրավորում: Ինչի համար՝ հայտնի չէ: Գարիկն ու Շե՞րն են գալու էս երկիրը փրկեն:

Իսկ սոցցանցերից դուրս գոյություն քարշ տվող ժողովուրդի վիճակն հիշեցնում է հայտնի պատմությունը՝ «Պարում են, ուրեմն արդեն գժվել են»:

Այնպես, որ՝ էս երկրում դեռ շարունակվում է «Կարգին Հասոյի» հարսանիքը:

Լավ, տեղը տեղին, կարգին գաղջ մթնոլորտ են «խփել»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը