Մեկնաբանություն

10.10.2013 13:31


Այո՛ սերժանտացմանը

Այո՛ սերժանտացմանը

2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանխորոշվելու էր այն հարցը, թե ով պետք է լինի իշխանության թեկնածուն 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ։

Ամեն գնով նախագահի աթոռին ձգտող Սերժ Սարգսյանին խանգարում էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գործոնը և ԲՀԿ–ի հավակնությունները։

Բանն այն է, որ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել էր, թե դեռ պետք չէ շտապել, և ՀՀԿ–ից նախագահի թեկնածու համարել Սերժ Սարգսյանին։

Բոլորն էլ այն ժամանակ հասկանում էին, որ եթե Սերժ Սարգսյանը չգլխավորի ՀՀԿ–ի ցուցակը, ապա հարցականի տակ կհայտնվի նրա՝ ՀՀԿ–ի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, մանավանդ որ, բուն ՀՀԿ–ի ներսում Մարգարյանի վարկանիշն անհամեմատ բարձր էր Սարգսյանի վարկանիշից։ Բացի այդ, այնտեղ դեռ չէին մոռացել, որ 1999թ. հոկտեմբերի 27–ից հետո պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Այդ իրավիճակում Սարգսյանը սեփական քաղաքական նպատակների քաղաքական լուծումը չուներ, բայց ամեն ինչ միանգամից փոխվեց, երբ հանկարծամահ եղավ Ա. Մարգարյանը։ Սերժ Սարգսյանին դա հնարավորություն տվեց նստել և՛ վարչապետի, և՛ ՀՀԿ նախագահի աթոռներին։ Դա արդեն ճանապարհ բացեց ՀՀԿ–ից նախագահի թեկնածու դառնալու համար։

Ինչ մնում է ԲՀԿ–ին, ապա այդ ուժի դեմ, բացի կուլիսային պայքարից, Սարգսյանը նաև որոշեց բոլորիս հայտնի տեխնոլոգիան կիրառել, այն է՝ ընդդիմադիր դաշտից հանդես եկող ուժի միջոցով հարձակվել մրցակցի վրա։

Այդ իսկ նպատակով 2007թ. ընտրություններից առաջ ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմպիչմենտ» դաշինքը, որի առաջ քաշած արմատական կարգախոսի մեջ կար նաև «Ո՛չ սերժանտացմանը» ձևակերպումը, բայց դաշինքի ու դրան սպասարկող «Հայկական ժամանակ» թերթի հիմնական խնդիրն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի դեմ սերժահաճո կոդերով հակաքարոզչություն իրականացնելն էր, ինչն այն օրերին «թունդ ընդդիմադիր» կեցվածքի տեղ կարելի էր անցկացնել։

«Իմպիչմենտի» մաս կազմած անհատների ճնշող մեծամասնությունը, բնականաբար, չէր էլ պատկերացնում, որ մտել է մի խաղի մեջ, որի արդյունքը լինելու է «Այո՛ սերժանտացմանը» բանաձևի կյանքի կոչումը (թեև կարող էին գլխի ընկնել, քանզի հարց է առաջանում, թե որտեղի՞ց արմատական այդ ուժին փող, որ ընտրարշավ ու գովազդ է անում)։

Թե ինչ եղավ 2007–ին, և ինչ հաջորդեց ԱԺ ընտրություններին, հիշեցնելու կարիք չկա։ Միայն նշենք, որ խայտառակ ընտրակեղծիքների միջոցով Սերժ Սարգսյանին հաջողվեց խորհրդարանի տեղերի կեսից ավելին վերցնել և ինքնահռչակվել նախագահի թեկնածու իշխանական թիմից։

Այն, որ «Իմպիչմենտ» դաշինքի առանձին անդամներ գիտեին, թե ովքեր են իրենք, և իրականում ում շահերն են ներկայացնում, ցույց տվեցին հետագա քաղաքական զարգացումները։

Ճիշտ է, Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը և իշխանափոխության հոտն առնելը Նիկոլի ու մյուսների համար հնարավորություն էր ստեղծել «քցել» Սերժ Սարգսյանին (դա էր պատճառը, որ Սերժը որոշեց բանտում երկար պահել Նիկոլին. դա յուրօրինակ պատիժ էր խաղեր տալու համար), բայց 2008–ի մարտի 1–ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ «անառակ որդիները» որոշել են վերադառնալ իրենց նախկին գործին ու «թունդ ընդդիմադիր» դիրքերից պայքարել Սերժ Սարգսյանի համար վտանգ ներկայացնող ուժերի՝ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

Տեղին է հիշեցնելը, որ «Իմպիչմենտ» դաշինքը ներկայացնող քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշանակվեց «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն ու սկսեց բացահայտորեն քարոզել Սերժ Սարգսյանի օգտին և ներգրավվել գեբելսյան քարոզչամեքենայի «մուտիլովկայական» գործընթացներ։

2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Ազատություն» ռադիոկայանը մասնագիտացել էր ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ աշխատելու գործում այն նույն ոճով, ինչ ոճով որ «Իմպիչմենտն» էր 2007–ին օգտագործվում ԲՀԿ–ի դեմ։

Ի դեպ, Ենոքյանը և՛ «Իմպիչմենտ» դաշինքում եղած ժամանակ, և՛ «Ազատություն» ռադիոկայանի տնօրենի պաշտոնը վարելիս մշտապես համագործակցել է իշխանությունների հետ, մասնավորապես գովազդային շուկայում (Ենոքյանի ղեկավարած «Ստարկոմ» գովազդային գործակալությունը մշտապես վայելել է իշխանական հեռուստաընկերությունների բարեհաճությունը)։ Այնպես որ, միայն անտեղյակ մարդիկ կարող էին հավատալ, որ նա հրապարակներում և լրատվամիջոցներում Նիկոլի հետ միասին «Ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով է առաջնորդվում։ Իրականությունը լրիվ այլ էր։

Նույն Աղասի Ենոքյանն օրերս աշխատանքի է անցել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ։ Իսկ դա նշանակում է, որ նա արդեն հրապարակավ որդեգրեց «Այո՛ սերժանտացմանը» կարգախոսն ու դարձավ «օֆշորային ընդդիմություն»։ Դա նշանակում է նաև, որ իշխանություններն այլևս Աղասու մասով ձևականությունների հետևից չեն ուզում ընկնել, և աշխատանքի են ընդունում բազմամյա իրենց հաճախորդին։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն իր բոլոր հաճախորդներին մի օր ֆորմալ կարգավիճակ է տալիս։ Արտաշես Գեղամյանին ՀՀԿ–ի ցուցակով տարան ԱԺ, Վիկտոր Դալլաքյանին՝ նախագահի աշխատակազմ, Արթուր Բաղդասարյանին՝ անվտանգության խորհուրդ, Արա Սահակյանին ու Վահան Հովհաննիսյանին՝ դեսպան։ Աղասի Ենոքյանին, ահա, տարան կառավարություն՝ իր իսկ բնութագրմամբ՝ բյուրոկրատ աշխատելու։

Փաստորեն, երբ Ենոքյանն անկախ քաղաքագետի կարգավիճակով վերջերս «խիստ ընդդիմադիր» հարցազրույցներ էր տալիս տարատեսակ «մուտիտ.am»–ներին ու հայտարարում, թե երկրում նոր ընդդիմություն է պետք, քանի որ գործողներն ու հներն իրենց սպառել են, ինքն իրեն ու իր նմաններին նկատի ուներ։

Մի ուշագրավ հանգամանք ևս. արևմտամետ քաղաքական գծի կողմնակից ներկայացող և ՌԴ–ին հայհոյող Աղասի Ենոքյանն այժմ պաշտոնապես սպասարկելու է Մաքսային միության մոլի ջատագովի վերածված Տիգրան Սարգսյանի շահերը։ Թեև զարմանալ պետք չէ։ Տիգրանն էլ էր հրապարակավ հիմնավորում, թե ինչու հնարավոր չէ Մաքսային միություն մտնել, իսկ հիմա նա այնպես է քծնում ռուսներին, որ անգամ Գեղամյանը կարող է կարմրել։

Իսկ որպեսզի պատկերացնենք, թե Տիգրան Սարգսյանն ինչքան ճիշտ է վարվել իրենից ոչ պակաս սկզբունքային ու «արևմտամետ» Աղասի Ենոքյանին աշխատանքի վերցնելով, ներկայացնենք վերջինիս՝ մինչև սեպտեմբերի 3–ը տված հարցազրույցից մեկ–երկու հատված։

«Մենք պետք է մեր միջի ռուսականությունը շրջենք դեպի եվրոպական արժեհամակարգ։ ... Ռուսական ճանապարհով գնալը բերել է այնպիսի մի անհեթեթության, որ Ռուսաստանը որոշեց լրացուցիչ ճնշումներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում ինչ կար, արդեն նրանց ձեռքում է։ Եվ նրանք անցան լրացուցիչ ճնշումների։ Հետո Ադրբեջանի միջոցով սկսեցին տեռոր անել՝ նրանց զենք վաճառելով։ Հաջորդ քայլը, թերևս, լինի Թուրքիայի միջոցով լրացուցիչ ճնշումներ անել։ Եվ զարմանալի է, որ սրանից հետո էլ իշխանությունները եվրոպական արժեհամակարգի մասին շշուկով են խոսում։ Այսօր ռուսամետ ասելով ոչ թե պետք է հասկանանք ռուսական շահերի սպասարկող, այլ ավելի վատ բան՝ կոռումպացված ու գողացող, ոչ լեգիտիմ, ինչը էապես հակադրվում է արևմտյան համակարգին: ... Որքան քիչ Ռուսաստան, այնքան Հայաստանի ավելի բարձր անվտանգություն: Շատ որոշակի քայլերի հաջորդականությամբ կարելի է կամաց-կամաց Ռուսաստանին ռեգիոնից դուրս բերել. առաջինը՝ Եվրոպա, երկրորդը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում» (հարցազրույցն ամբողջությամբ տես այստեղ

Ահա այսպիսի թունդ հակառուսական ձևակերպումներով է հանդես եկել Ենոքյանը, ով այժմ պաշտոնապես կցվել է Կրեմլի պատերը լիզող այս իշխանությանը։ Այսպիսին են հայաստանյան «արևմտամետները»։ Ու դա է պատճառը, որ նրանք քով քովի են գալիս։ Իսկ ում էլ դեռ պաշտոնապես կողքները չեն տարել այս իշխանությունները, պարզապես դեռ «դհոլային» ռեսուրս են տեսնում նրանց մեջ, և ուզում են վերջին «սոկերը» քամել, ապա նոր միայն բյուրոկրատ նշանակել։ «Կանխազգացողները» դեռ ընդդիմադիր դաշտում են պետք Սերժ Սարգսյանին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը