Լրահոս

23.07.2009 14:49


Գրիգոր Սաղյան. «1,5 Gb/վրկ–ը «ddos»–ով լցնելը ոչ մի խնդիր իրենից չի ներկայացնում, և շատ հեշտությամբ հնարավոր է փակել ամբողջ Հայաստանը»

Գրիգոր Սաղյան. «1,5 Gb/վրկ–ը «ddos»–ով լցնելը ոչ մի խնդիր իրենից չի ներկայացնում, և շատ հեշտությամբ հնարավոր է փակել ամբողջ Հայաստանը»

Տեղեկատվական ոլորտում առկա խնդիրներին անդրադառնալով՝ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատակարարող «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը ցավով է նշել՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների 2/3-ը ՀՀ պետական մարմինների կայքէջերն ընդհանրապես չի կարողանում տեսնել, քանի որ ԱրմենՏելի բաժանորդները հնարավորություն չունեն մտնել հայկական տեղեկատվական աղբյուրներ։

-Մենք ԱրմենՏելի հետ ունենք մեկ կապուղի, որը ոչ մի իրավաբանական կարգավիճակ չունի։ Եթե այդ կապուղին չաշխատի, ոչ մեկին հնարավոր չէ կանչել պատասխանատվության։ Հիմա այդ կապուղին աշխատում է իր պահանջարկի 1%-ի  չափով։ Կապուղին շատ ցածր թողունակություն ունի։ Մի տարի է, դիմում ենք այդ հարցը կարգավորելու համար, սակայն ապարդյուն։ Դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության մեջ է. բավական է հրահանգը լինի, կապուղին կբացվի և բոլորը կկարողանան միանալ,- ասել է Գ.Սաղյանը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել  Մարտիրոսյանն էլ նշել է, որ հակերային 2 տիպի հարձակում է լինում՝ «dface» և «ddos»։ Երկրորդը օգտագործվում է տեղեկատվական պատերազմների ժամանակ՝ նպատակ ունենալով լռեցնել կայքը։ Դրանք շատ ծախսատար են և հենց այնպես չեն արվում։

Հաշվի առնելով այդ փաստը՝ Գրիգոր Սաղյանը հիշեցրել է, որ Հայաստանը միացված է ընդամենը 1,5 Gb/վրկ թողունակությամբ կապուղով, իսկ «1,5 Gb/վրկ-ը «ddos»-ով լցնելը ոչ մի խնդիր իրենից չի ներկայացնում, և շատ հեշտությամբ հնարավոր է փակել ամբողջ Հայաստանը»։

Նա նաև նշել է, որ երկու շաբաթ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը սեմինար էր հրավիրել, որտեղ հավաքվել էին բոլոր օպերատորները։ Այնտեղ պարզվել է, որ ոլորտում իրավիճակը շատ ծանր է, և ՀՀ վարչապետին առաջարկություններ են ներկայացվել։

-Եթե մեր ղեկավարությունն սկսի համապատասխանաբար վերաբերվել այս ժամանակաշրջանի պահանջներին, ապա խնդիրներն անմիջապես կլուծվեն,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ոլորտի վրա ճգնաժամի ազդեցությանը, ապա  գրանցվել է շրջանառության 10% նվազեցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը