Մեկնաբանություն

27.10.2013 20:46


Հոկտեմբերի 27–ի ներիշխանական հետևանքները

Հոկտեմբերի 27–ի ներիշխանական հետևանքները

Հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձությունները մշտապես եղել են քաղաքական շահարկումների առարկա։ Հանրության մեջ էլ տարբեր կարծիքներ կան տեղի ունեցած ահաբեկչական գործողության առումով։

Քաղաքական դաշտում տարբեր շրջանակներ միմյանց տարատեսակ մեղադրանքներ են ներկայացրել։ Ժամանակի ընթացքում փոխվել են թիրախները, բայց քաղաքական շահարկումը չի դադարեցրել իր գոյությունը։

Հիշեցնեմ, որ ՀՀԿ–ն, Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ և Արամ Սարգսյան–Ստեփան Դեմիրճյան զույգի ներգրավմամբ, 2000թ. պահանջում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի ու Հանրային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի հրաժարականները՝ նշելով, որ սույն պաշտոնյաները խոչընդոտում են «Հոկտեմբերի 27»–ի գործի բացահայտումը։

Սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենը հետագայում պատվիրեց Տիգրան Նաղդալյանի սպանությունը, դատապարտվեց և Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն պես՝ ազատ արձակվեց։ Լավատեղյակները պնդում են, որ Նաղդալյանի սպանության իրական պատվիրատուն Վազգեն Սարգսյանի ընտանիքի մեկ այլ անդամ էր, սակայն, ելնելով ինչ ինչ էթիկական նկատառումներից, կալանավայր ուղարկվեց ապաքաղաքական Արմեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27–ի ազդեցությանը ներիշխանական դասավորությունների վրա, ապա ունեցանք հետևյալ պատկերը. Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր հոկտեմբերի 27–ից առաջ և ահաբեկչությունից հետո մնաց այդ պաշտոնին, իսկ ահա Սերժ Սարգսյանը, ով Վազգեն Սարգսյանի վարչապետ դառնալուն պես զրկվել էր ՆԳՆ և ԱԱ սուպերնախարարի կարգավիճակից և դե ֆակտո կորցրել ներիշխանական համակարգում ազդեցության որոշակի լծակներ, հոկտեմբերի 27–ից շատ չանցած դարձավ ՀՀ պաշտպանության նախարար՝ իշխանական բուրգում ստանձնելով դե ֆակտո երկրորդ դեմքի ֆունկցիան ու ստանձնելով քրեաօլիգարխիկ շրջանակների փաստացի ղեկավարի դերը։ Ահա այսպիսին էին հոկտեմբերի 27–ի ներիշխանական հետևանքները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հին ժամանակներից գալիս է «Ում էր դա ձեռնտու» հարցը։ Այդ հարցը տրվում էր հանցագործությունները բացահայտելու համար ճիշտ ուղղությամբ վարկածը զարգացնելու համար։

Եթե կան մարդիկ, ովքեր գտնում են, որ հոկտեմբերի 27–ը ներիշխանական «ռազբորկաների» և ազդեցությունների վերաբաշխման հետևանք էր, ապա պետք է նայեն, թե այդ ահաբեկչությունից առաջ ով ինչ դիրքում էր և հետո ինչ դիրքում հայտնվեց։

Հ.Գ.–2։ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը բազմիցս ծառայություններ է մատուցել Սերժ Սարգսյանին և շարունակում է մատուցել։ Եվ որպեսզի բացատրի, թե այդ ինչպես է ստացվում, որ հոկտեմբերի 27–ի համար Սերժի հրաժարականը 13 տարի առաջ պահանջած մարդն այժմ «տակից» հաճախորդություն է անում, շրջանառության մեջ է դրել սպանության ռուսական շրջանակների վարկածը։ Դա Արամին թույլ է տալիս «պարզ ճակատով» խաղալ «արևմտամետ» Սերժ Սարգսյանի դաշտում և փորձել «կույս» մնալ։ Նկատենք, որ դա չի ստացվում, քանզի կարելի է հիմարացնել մարդկանց մի փոքր շրջանակի, բայց ոչ ամբողջ հասարակությանը։

Հ.Գ.–3։ Որոշակի օրինաչափություն կա այն առումով, որ պաշտոնյաների անժամանակ մահերը կամ սպանությունները բարենպաստ ազդեցություն են թողել Սերժ Սարգսյանի կարիերայի վրա։ Այդպես եղավ նաև Անդրանիկ Մարգարյանի մահից հետո։ Սարգսյանը դրանից հետո անմիջապես գրավեց Մարգարյանի երկու աթոռները՝ ՀՀԿ նախագահի ու վարչապետի։ Այդ ամենը նրան թույլ տվեց դառնալ 2008թ. նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն և մարտի 1–ի 10 զոհերի գնով հայտնվել նախագահի աթոռին։

Այս խորագրի վերջին նյութերը