Մեկնաբանություն

28.10.2013 17:24


Խաղը վերջացավ, վոլեյբոլի «սետկան» ծակ էր

Խաղը վերջացավ, վոլեյբոլի «սետկան» ծակ էր

Օրեր շարունակ իշխանական քարոզչամեքենան փորձում էր ուռճացնել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության պատմությունը` նպատակ ունենալով վերջում ասել, որ Գ. Ծառուկյանը կոտրվեց իշխանության ճշնումների արդյունքում:

Կյանքը ցույց տվեց հակառակը` մեկ շաբաթից ավելի Գ. Ծառուկյանը պահպանեց լռություն` այդ մեկ շաբաթը թողնելով իշխանական քարոզչամեքենային, տարբեր տիպի գործիչներին, տարատեսակ հաճախորդներին, փեսաներին, մորքուրի տղերքին և այլոց:

Երբ այս մեկ շաբաթվա ընթացքում իշխանական ծրագրերն ու նպատակները բացահայտվեցին ամբողջությամբ, և ոմանք քաղաքականապես ու բարոյապես դարձյալ մերկացան մինչև ստրիպտիզ, օլիմպիական կոմիտեն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ:

Այս հայտարարությունը ֆիքսեց, որ Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց իր խոստմանը` չճանաչել և չընդունել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Ուշադրություն դարձրեք` ՀԱՕԿ-ի հայտարարության մեջ գոնե մեկ անգամ չի հիշատակվում Արթուր Բաղդասարյանի անունը: Սա չի կարող պատահականություն լինել: Սա ընդամենն արձանագրում է միջադեպի բովանդակությունը: Որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձում էր Գ. Ծառուկյան և Ա. Բաղդասարյան հակամարտություն հրահրել, հետո էլ Սերժ Սարգսյանին դատավոր հռչակել, միևնույն է, բան չստացվեց: Օդանավակայանում Ծառուկյանը արտահայտվել էր «Աղջի՛կ, քեզ ասում եմ, հա՛րս, դո՛ւ հասկացիր» տարբերակով։

Օլիմպիական կոմիտեի հայտարարությունը կազմված էր բացառապես իրավական, արդար մարզական մրցակցության և միջազգային լսարանի համար ընդունելի լեզվով:

Գուցե ներքին լսարանում այլ երանգներ նույնպես կան, բայց սա արդեն բացառապես Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի և իշխանական քարոզչամեքենայի խնդիրն է:

Չկա ներքին քաղաքական դաշտում Ծառուկյան-Բաղդասարյան վեճ. նրանց տեսակը և քաղաքական ապագան չունեն հատման կետեր: Արթուրն ընդամենն օգտագործվել է Բաղրամյան 26–ի կողմից: Ավելին` Ա. Բաղդասարյանին որևէ կերպ ձեռնտու չէր այսօր Գ. Ծառուկյանի հետ կոնֆլիկտ ունենալ: Այնպես, ինչպես դա ձեռնտու չէ որևէ մեկին: Բայց Ա. Բաղդասարյանը թույլ տվեց, որ իրեն օգտագործեն մի հասարակ հարցի պատճառով: Իսկ նա, ով հրահրեց այս պատմությունը, թքած ուներ Ա. Բաղդասարյանի կամ ցանկացած իր այլ թիմակցի վրա, ովքեր հայտնվեցին անհարմար վիճակում:

Ա. Բաղդասարյանի ինչի՞ն էր պետք վոլեյբոլի ֆեդերացիան: Կասեք` Պատրուշևի համար: Բայց սա ծիծաղելի է: Պատրուշևին «պո բառաբանու», թե ովքեր են Հայաստանում վոլեյբոլի և մյուս բոլոր ֆեդերացիաների նախագահները միասին վերցրած:

Եթե ճիշտ պահին Ա. Բաղդասարյանը հրաժարվեր այս խաղից, ապա նա միայն կշահեր կամ գոնե չէր տուժի: Թեև հիմա էլ դեռ ուշ չէ: Խելքի ու համարձակության հարց է:

Ծառուկյանն այս իմաստով դիպուկ խաղաց. պատմության հենց սկզբում Անվտանգության խորհրդի ներկայությամբ հայտարարեց իր որոշման մասին, հետո թողեց, որ բոլորն իրար ուտեն, իսկ վերջում ՀԱՕԿ-ի քարտուղարի շուրթերով հաստատեց իր որոշումը` ՀԱՕԿ-ը չի ընդունում և չի ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Սա այն դեպքն է, երբ գնդակը չի մնում որևէ մեկի դաշտում, այլ թռչում է ուղիղ դեպի տրիբունա ու այլևս չի վերադառնում:

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը