Լրահոս

25.07.2009 09:43


ՀԱԿ կոչը փաստաբաններին

Հայաստանում իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբը որպես բռնությունների իրագործման անմիջական գործիք, ի թիվս այլոց, օգտագործում են կամակատար դատավորներին: Ի հեճուկս վարչախմբի և նրա սպասավորների, շինծու դատավարությունների ընթացքում օրինախախտումների դեմ արդյունավետ և անզիջում պայքար են իրականացրել քաղաքական բանտարկյալների և հալածյալների փաստաբանները, որոնք արժանապատվորեն կատարել և շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտքը: Վարչախմբի փոքրոգի սպասավորները, չհանդուրժելով այն, որ փաստաբանները մերկացրել են դատավարությունների ընթացքում թույլ տրվող բազմաթիվ ճչացող օրինախախտումները, քրեական հետապնդում են սկսել քաղբանտարկյալների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ: Նրանք մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ այն բանի համար, որ դատավարական կամայականության դեմ բողոքի նշան լքել են դատական նիստերի դահլիճը:

Հայտարարված համաներումը տարածվում է Փաստաբանների վրա, սակայն վերջիններս հրաժարվել են դրանից և պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել օրինազանց դատավորներին՝ Արշակ Պետրոսյանին և Եվա Դարբինյանին: Ակնհայտ է սակայն, որ կամակատար դատարանների կողմից կայացվելիք կանխատեսելի մեղադրական դատավճիռների արդյունքում դադարեցվելու է փաստաբաննների արտոնագրերի գործողությունը և նրանք զրկվելու են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու հնարավորությունից: Դա արվելու է դատավորների կողմից գործած հանցավոր արարքները պարտակելու նպատակով:

Համարելով, որ փաստաբանի մասնագիտական պարտքն է իրականացնել իրենց վստահորդի շահերի պաշտպանությունը օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով, հարգելով փաստաբանի մասնագիտական անկախությունը, ընդգծելով նշված և այլ փաստաբանների հանդես բերած քաղաքացիական խիզախությունը, նրանց կոչ ենք անում. օգտվել հայտարարված համաներման ընձեռած հնարավորությունից, համաձայնել համաներման հիմքով կարճել իրենց նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործերը, ու դրանով իսկ պահպանել իրենց փաստաբանական գործունեության արտոնագրերը։ Փաստաբանի մասնագիտական պարտքի պարտաճանաչ կատարումը խիստ կարևոր է Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար և վեր է իշխանական նենգ դավադրություններին որպես հակազդեցություն առաջաջացած արդարացի անձնական հույզերից:

Այս խորագրի վերջին նյութերը