Լրահոս

04.11.2013 13:28


ՀՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել է զանգվածային հոսանքազրկմանը

ՀՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել է զանգվածային հոսանքազրկմանը

Ինչպես պարզաբանել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նոյմեբերի 2–ին Հայաստանի ողջ տարածքում էլեկտրականության անջատման պատճառը վթարն է եղել։ Նախարարը մանրամասնել է, որ Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մատակարարման ժամանակ այնտեղից Հայաստան ներկրվող էլեկտրաէներգիան 200 մեգավատ է եղել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Իրանական կողմում վթարը կարգավորվել է մի քանի րոպեում, իսկ Հայաստանում, նախարարի խոսքերով, որոշել է զգուշավոր լինել՝ ելնելով տեխնիկական հզորությունների հսկայական տարբերությունից։ Այլ վթարները կանխելու համար էլ որոշել են հոսանքազրկել ողջ համակարգը:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Պարզապես ատոմակայանը գտնվում էր վերանորոգման և վերալիցքավորման մեջ։ Մեր համակարգը ծեր է, ժամանակ է պետք, որ կարողանանք ներդրումներ իրականացնել,–հավելել է Ա. Մովսիսյանը:

Նման խոշոր վթար 13 տարվա մեջ առաջին անգամ է գրանցվում։

Նշենք, որ ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պարզաբանման՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10 անց 24 րոպեին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է ԻԻՀ էներգահամակարգից: Այդ պատճառով անմիջապես գործարկվել է ռելեային պաշտպանման համակարգը (ՌՊՀ) և հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։

Ի դեպ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Ուստի այս օրերի ընթացքում Իրանից Հայաստան էր ներկրվում 190 ՄՎա հզորությամբ էլեկտրաէներգիա։ Տեղի ունեցած մեկուսացման արդյունքում Հայաստանի էներգահամակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 Հց, որի պատճառով էլ տեղի էին ունեցել հոսանքազրկումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը