Լրահոս

25.07.2009 17:05


Լավագույն մարզական ընտանիքը Կոտայքի մարզից է

Լավագույն մարզական ընտանիքը Կոտայքի մարզից է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, մրցանակներ և վկայագրեր է հանձնել հաղթողներին:

Նախագահը շնորհավորելով մրցույթի մասնակիցներին և հաղթողներին՝ ասել է, որ այս մրցույթում կարեւորը մասնակցությունն է:  «Զանգվածային սպորտը, ակտիվ հանգիստը ոչ միայն ամուր առողջություն են ապահովում, այլև բարձր, լավ տրամադրություն: Նայեք, թե ինչպիսի լավատեսությամբ են ճառագում առաջին հերթին երեխաների դեմքերը: Եթե մեր հանրապետությունում բոլոր ընտանիքները զբաղվեին սպորտով, ակտիվ հանգստանային, ապա, կարծում եմ, մենք ամենաերջանիկ երկրներից մեկը կլինեինք:

Ես ցանկանում եմ, որ միշտ լավատես լինեք, որովհետև առողջությունը, տրամադրությունը, լավատեսությունը  շատ լավ նախադրյալներ են, որպեսզի մենք կարողանանք կյանքում հաջողությունների հասնել: Պարտադիր չէ օլիմպիական չեմպիոն դառնալ, որ համարես, որ հաջողության ես հասել: Եթե քո երեխան առողջ է մեծանում, դառնում է հասարակության արժանի անդամ, ապա որպես ծնող, բնականաբար, հաջողություն ես ունենում:

Բոլորիդ շնորհավորում եմ և ցանկանում, որ հաջորդ տարի 170 ընտանիքների այս միությունը վերածվի  գոնե 250 ընտանիքների միության»,- ընգծել է երկրի ղեկավարը:

«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի այս տարվա հաղթողներ են դարձել՝ Սանթրոսյանների ընտանիքը Երևանից՝ երրորդ տեղ, Սահակյանների ընտանիքը Արարատի մարզից՝ երկրորդ տեղ, Եղյանների ընտանիքը Կոտայքի մարզից՝ առաջին տեղ: Հաղթող ընտանիքները ստացել են վկայագրեր և դրամական պարգեւներ:

Այս խորագրի վերջին նյութերը