Լրահոս

27.07.2009 17:15


ՀՀ փաստաբանների պալատի նախագահ. «Քննիչները չգիտեն Քրեական դատավարության օրենսգիրքը, շատ վատ են մեկնաբանում Քրեական օրենսգրքի նորմերը»

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ. «Քննիչները չգիտեն Քրեական դատավարության օրենսգիրքը, շատ վատ են մեկնաբանում Քրեական օրենսգրքի նորմերը»

-Չեմ կարող բացառել, որ կան նաև այդպիսի փաստաբաններ, բայց թե ով ինչպե՞ս է վարվել, ես չեմ կարող ասել,- արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հայտարարություններին՝ «7օր»-ին ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ ՀՀ-ում փաստաբանական ծառայությունները կայացել են այնքանով, որքանով, իսկ մի շարք փաստաբաններ ավելի շատ քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ.

-Ես կուզեի, որ Հայաստանում որակյալ փաստաբաններ, որակյալ փաստաբանական ծառայություններ, արժանի հակառակորդներ ունենայինք,- ասել է Ա. Հովսեփյանը՝ հավելելով.

-Եթե փաստաբանը, ուղղակի ցուցադրական մեթոդներով, դատարանում զոռբայությամբ է փորձում պաշտպանել իր ամբաստանյալին, դա զուտ ոչ թե պաշտպանություն է, այլ իր իմիջը ձևավորելու համար է արվում... Մի քանի փաստաբանների դա հաջողվել է այն առումով, որ ժողովրդի մեջ տարածում է գտել, թե՝ տեսեք ի՜նչ փաստաբան է, ո՜նց կարող է գորգոռալ կամ աղմկել դատարանում։

Իր հերթին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը նշել է, որ առանձին փաստաբաններ շարունակում են իրենց պարտականությունների կատարման իմիտացիա ստեղծելու՝ արդեն ավանդույթ դարձած մարտավարությունը, միջնորդությունների անվան տակ ներկայացնում են քաղաքական հայտարարություններ և այլն։ 

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի պատասխանն այս հայտարարություններին հետևյալն է.

-Ես կուզենայի, որ քննիչներն առավել որակյալ լինեին։ Ես գտնում եմ, որ այսօր քննչական ապարատում շատ ծանր իրավիճակ է՝ քննիչներն իրենց իրավունքները չգիտեն, չգիտեն Քրեական դատավարության օրենսգիրքը, շատ վատ են մեկնաբանում Քրեական օրենսգրքի նորմերը։ Ես կողմնակից եմ, որ և՛ քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները, և՛ փաստաբանները լինեն որակյալ։ Եվ նաև հասարակությունն է դա ցանկանում։ Բայց այսօր, ինչպես բոլոր ոլորտներում, որակի մասին բարձր գնահատականներ տալն ընդամենը երազանք է։ Մենք ունենք հոյակապ փաստաբաններ, նրանց կողքին, բնական է, կան միջակ և ավելի վատ փաստաբաններ։ Նույնը կարելի է ասել բժիշկների, լրագրողների, դատախազների, դատավորների, քննիչների, բոլորի մասին։ Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ համակարգն է։

Ռ. Սահակյանը նաև նշել է, որ Փաստաբանների պալատն ունի 850 փաստաբան։ Նրանց արտոնագրում է և ասում՝ գործե՛ք օրենքի շրջանակներում։ Իսկ թե հետագայում ո՞վ է իրեն ավելի շատ քաղաքական գործիչ ներկայացնում, ո՞վ՝ ոչ, հնարավոր չէ հետևել և պարզել։

-Հնարավոր չէ պարզել, եթե հանկարծ, պատահաբար, ինչ-որ մեկը չգա և ինձ չասի՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյա՛ն, ես ավելի շատ քաղաքական գործիչ եմ, ես քաղաքականացված եմ։ Ես նման փաստաբանի չեմ գտել, որն ինձ ասած լինի՝ ես ավելի շատ քաղաքական գործիչ եմ,- հավելել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը