Տնտեսական

26.11.2013 16:15


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումներն իրակա՞ն են, թե՞ թղթի վրա

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումներն իրակա՞ն են, թե՞ թղթի վրա

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանի հետ զրուցել ենք Դալարիկի հատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարի և երկաթուղային համակարգում տիրող իրավիճակի մասին։

–Երկաթգծի Գյումրիին մոտ հատվածում վերջերս տեղի ունեցած հրդեհի արդյունքում մի քանի վագոն վառելիք էր այրվել։ Ո՞ր ընկերության վագոններն էին։

–«CPS» ընկերությանն են պատկանում։

–Այդ ընկերությանը հասցրած վնասը փոխհատուցելո՞ւ եք։

–Փոխհատուցում, այո՛, պահանջում է CPS ընկերությունը, բայց վագոնները պատկանում են «Վրացական երկաթուղուն», և, բնականաբար, փոխհատուցումը պետք է իրականացվի նաև «Վրացական երկաթուղու» հետ։

–Այսինքն, «Հարավկովկասյան երկաթուղիները» չի՞ փոխհատուցելու, թե՞ ինչ–որ մի մասը դուք եք հատուցելու, մյուս մասը՝ վրացական կողմը։

–Դա արդեն ներքին բանակացությունների հարց է, ես չեմ կարող դա բացել։ Ամեն դեպքում, փոխհատուցում լինելու է միանշանա՛կ։ Թե ինչ սխեմայով, դա ներքին որոշելիք հարց է։

–Ի՞նչ ժամկետներում է փոխհատուցումը լինելու։

–Ժամկետներ կան, բնականաբար, բայց դա էլ է ներքին հարց, որը ես չեմ կարող ձեզ ներկայացնել։ Միանշանակ կարող եմ ասել, որ փոխհատուցում իրականացվելու է, մենք իրավունք էլ չունենք հրաժարվել դրանից, բայց թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ սխեմայով, ե՞րբ, դա արդեն ընկերությունների միջև իրականացվող բանակացություններից հետո պարզ կլինի։

–Իսկ եթե վրացական կողմը հրաժարվի փոխհատուցումից, դո՞ւք եք ամբողջը հատուցելու։

–Դե, գիտեք ինչ, վրացական կողմի հետ փոխհատուցման պահանջ կա, ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե այդ միջադեպի պատճառն ինչ էր։ Դա կարող է լինել շարժակազմի վնասվածքը։ Բայց այժմ սպասում ենք ծառայողական քննության արդյունքներին, որից հետևություններ կանենք։

–Մեր նախորդ զրույցի ժամանակ ասել էիք, որ 2008 թվականին, երբ Հայաստանի երկաթուղային համակարգը կոնցենսիոն կառավարման հանձնվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ»–ին, նմանատիպ վթարների քանակը գերազանցում էր 300–ը։ Իսկ ահա 2012թ. եղել է նման 5 դեպք։ Բայց այդ 300 դեպքերի մեջ այսպիսի մասշտաբի հրդեհներ և պատճառված վնասներ եղե՞լ են։

–Տարբեր բաներ են եղել։ Տարբեր, տարաբնույթ, բայց այժմ չեմ կարող ասել՝ քանի պայթյուն է եղել, քանի վագոն է շուռ եկել։ Ամեն դեպքում, մեզ մոտ վիճակագրություն կա, որը ցույց է տալիս, որ այդ դեպքերը նվազել են։

Իսկ այն թվերը որ ներկայացվում է որպես ռուսական ընկերության ներդրում (1.1 մլրդ ռուբլի) հատկապես ո՞ր ուղղություններով եք ներդրել։

–Ինվեստիցիոն ծրագրի զգալի մասն այս 4 տարիների ընթացքում ուղղվել է դեպի ենթակառուցվածքի զարգացում, որի հետևանքով մենք ունենք այդ վիճակագրությունը։

–Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի վերին օղակների մենեջմենթի աշխատողներն աստղաբաշխական թվերով աշխատավարձ են ստանում, բայց, օրինակ, միջին և ստորին օղակներում ներգրավված ՀՀ քաղաքացիները՝ ցածր աշխատավարձ։

–Իսկ որտե՞ղից ձեզ նման ինֆորմացիա։

–Ուզում եք ասել, որ սխա՞լ ինֆորմացիա է։

–Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, մե՛կ, և որևէ մեկը չի կարող մի փաստաթուղթ ներկայացրել, որը կապացուցի ձեր ասածը։ Երկրորդ՝ այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ում միջին աշխատավարձը կազմում է 196 հազար դրամ։ Սա Հայաստանում միջին աշխատավարձից բարձր է մոտ 50 հազարով, եթե չեմ սխալվում։

–Իսկ վերին օղակները որքա՞ն են ստանում։

–Գիտեք, ես չեմ կարող դա ասել։ Վերին օղակ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

–Ղեկավարությանը։

–Ղեկավարությունը ո՞րն է, էնտեղ կան բաժնի պետեր, դեպարտամենտների պետեր և այլն։

–Նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն։

–Այդ հարցով երևի թե ճիշտ կլինի դիմել «Ռուսական երկաթուղիներ»–ին։

Իրե՞նք են աշխատավարձի բաշխումը կատարում։

–Ռուս մասնագետներինը՝ այո՛։ Նրանք հանդիսանում են պայմանագրային աշխատողներ, իսկ դա նշանակում է, որ ստանում են նույն աշխատավարձը, ինչը նույն պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ Սակայն, քանի որ այդ աշխատողները հիմնականում այստեղ են գործուղման սկզբունքով, նրանց հետ կնքվում է լրացուցիչ պայմանագիր, և այդ պայմանագրով նախատեսված աշխատավարձերի չափը որոշում է մայր ընկերությունը, այսինքն՝ «Ռուսական երկաթուղիները»։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը