Լրահոս

28.11.2013 19:28


Կկանխվեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքի խախտումները

Կկանխվեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքի խախտումները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու իրավակիրառ պրակտիկան:

Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն: Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով: Մտքերի փոխանակության ընթացքում դրա պատճառ է համարվել պատշաճ իրազեկվածության բացակայությունը: Այս հիմնավորմամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել պատգամավորների առաջարկության ընդունումը: Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է տնտեսվարողներին հասցնել օրենքով սահմանված արտոնության էությունը:
Քննության է առնվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 2.5 տոկոս: Գտնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձևով, կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավորին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այս խորագրի վերջին նյութերը