Լրահոս

03.12.2013 08:36


ՀԱԿ-ը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները

ՀԱԿ-ը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները

Դեկտեմբերի 2-ին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ (շուրջ 110 մարդ) Գյումրիում եւ Երեւանում վաղ առավոտից սկսած, բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիական ակտիվիստներից զատ, նրանց մեջ կան նաեւ լրագրողներ, ինչպես նաեւ պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ։ Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ։ Բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության հնարավորությունից։

Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ։ Այդ գործողություններն անհամաչափ են եւ չեն տեղավորվում նաեւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում։ Դրանք, ըստ էության այլ բան չեն, քան մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ վկայում են ռեժիմի բնազդական վախը քաղաքացիական ակտիվության դրսեւորումների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները, որոնք ուղղված են սեփական քաղաքացիներին սահմանադրական իրավունքներից զրկելուն եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվածներին։

Հայ Ազգային Կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը