Լրահոս

30.07.2009 16:11


Վաղը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով

-Հուլիսի 28-ին հանրապետությունով անցավ մթնոլորտային բավականին ցուրտ ճակատ, որով պայմանավորված՝ ողջ տարածքում դիտվեցին հորդառատ տեղումներ, ամպրոպներ, տեղ-տեղ՝ կարկուտ,- «7օր»-ի հետ զրույցում ասել է Հայպետհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների  բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ըստ մասնագետի՝ ցուրտ ճակատի թիկունքային մասով Սև ծովի շրջանից ՀՀ տարածք են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան նախորդ երկու օրերի ջերմային ֆոնի վրա։

-Օդի ջերմաստիճանը երկրում հուլիսի 29-ին և 30-ին՝ մասնավորապես գիշերային ժամերին, նվազեց 6-8 աստիճանով։ Նվազագույն ջերմաստիճանները գրանցվեցին լեռնային շրջաններում։ Օդի ջերմաստիճանը նվազեց մինչև 4 աստիճան տաքություն, Տաշիրում՝ մինչև 3 աստիճան։

Օդերևութաբանական կանխատեսումների  բաժնի պետն ասել է, թե վաղվանից սկսված՝ հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որոնք մեր մթնոլորտին որոշակի ջերմություն կհաղորդեն։

-Վաղը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Սակայն օգոստոսի 1-ին կրկին արևմուտքից սպասվում է մթնոլորտային ցուրտ ճակատի անցում, որով պայմանավորված՝ շրջանների մեծ մասում կդիտվի անձրև և ամպրոպ,տեղ-տեղ՝ կարկուտ, և օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Օգոստոսի 3-ից ջերմաստիճանը կրկին կբարձրանա 1-3 աստիճանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը