Լրահոս

06.12.2013 10:21


Թատերական նախաձեռնություն հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

Թատերական նախաձեռնություն հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ` դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունն իր հարկի ներքո կհյուրընկալի թատերական մի յուրօրինակ նախաձեռնություն, որը բազմանշանակ է իր խորհրդով, քանզի արվեստի լեզվով ու միջնորդությամբ այն արծարծելու է հասարակական նշանակության կարևորագույն ու հրատապ մի հիմնախնդիր, որն է` հաշմանդամություն ունեցող անձանց ու մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հասարակական ինտեգրումը, նրանց կրթական ու հոգևոր բարօրության ամրագրումը:
Այդ օրը Միության բեմահարթակից կներկայացվի «Հրաշագործ ծաղիկը» թատերական ներկայացումը, որի բովանդակության առանցքում ընկած է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեման առ այն, որ պետք է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի և ոչ մեկի հանրային ներգրավվածությանը կյանքում ու արվեստում, ուր պաշտպանված կլինի բազմազանության արժեքն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը:

Ներկայացման ողջ թատերախումբը կազմված է հաշմանդամություն ունեցող դերասաններից, իսկ գլխավոր դերերում հանդես կգան Արփինե Գրիգորյանը, Վերգինե Ավետիսյանը, Աբրելիկ Ազարյանը և Դավիթ Ավագինյանը, ովքեր բոլորն էլ հաճախում են «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպությանը կից գործող Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների «Փրկություն» թատերական խմբակը, որը 2008 թվականից ի վեր ունի կայացած թատերախումբ` բեմադրող ռեժիսոր Կարինե Մարգարյանի գեղարվեստական ղեկավարության ներքո:
Միջոցառումն անց է կացվում Նարեկացի արվեստի միության «Ձեռք ձեռքի` հաշմանդամների հետ» մշտական շարքի շրջանակում, որը ստեղծվել է հասարակական այս խոցելի խմբի հանրային ինտեգրմանը, նրանց արժանապատիվ ու լիարժեք կյանքի կայացմանը և հավասարության նրանց անօտարելի իրավունքի ամրապնդմանը նպաստելու նպատակով: Այս իմաստով, Միության տեսլականը լիովին համահունչ է «Փրկություն» ՀԿ-ի առաքելությանն ու գործունեության սկզբունքին, որը կենտրոնի մանկավարժները ձևակերպում են հետևյալ կերպ. «Գլխավորը ցանկությունն է, իսկ մնացյալին կարելի է հասնել նրանց հավատալով ու նրանց հետ աշխատելով»:
Մասնակիցներ` Գրիգորյան Արփինե (1991, գլխավոր դերակատար), Ավագիմյան Դավիթ (1987, գլխավոր դերակատար), Ազարյան Աբրելիկ (1984, գլխավոր դերակատար), Ավետիսյան Վերգինե (1994, գլխավոր դերակատար), Խաչատրյան Նարեկ (1994, գլխավոր դերակատար), Հակոբյան Լուսինե (1995, գլխավոր դերակատար), Գեղամյան Դիանա (1992), Դավթյան Մարիամ (1988), Մուրադյան Գոհարիկ (1986), Ասատրյան Աբգար (1994), Բայդրելով Ալիկ (1982), Անտոնյան Աստղիկ (1991), Հայրապետյան Նորայր (1987), Մարտիրոսյան Մարատ (1996), Պետրոսյան Զարուհի (1993), Մաթևոսյան Նարինե (1988), Դադոյան Նարինե (1995), Օրդուխանյան Աշոտ (1980), Հունանյան Եղիշե (1991), Դալլաքյան Արման (1981), Միրզոյան Արման (1983), Սահակյան Սյուզաննա (1999), Ավետիսյան Արամ (1981)
Նարեկացի արվեստի միություն

Այս խորագրի վերջին նյութերը