Լրահոս

09.12.2013 17:06


Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուղևորափոխադրողներին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուղևորափոխադրողներին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, ձյան տեղումներով պայմանավորված, ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել՝ կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը և նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված էլ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով այն հերթական անգամ չի կարող կայանալ:

Այս խորագրի վերջին նյութերը