Լրահոս

31.07.2009 18:17


Ստեփան Սաֆարյանի նամակը ՀՀ նախագահին՝ Սարգիս Հացպանյանի խնդրի կապակցությամբ

31 հուլիսի 2009

         ԺԽ-Ե-0549/09

Պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ Նախագահ

Բաղրամյան պողոտա 26

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Հարգելի պարոն Նախագահ,

Շաբաթներ առաջ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ միասին այցելեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպեցինք ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Քաղաքական ու իրավական զավեշտից զատ, որ հյուսվել է այդ արժանավոր հայորդու հանդեպ, ականջալուր եղա նաեւ նրա անձնական ու ընտանեկան կյանքի բարդ իրավիճակին. նրանք ամուսիներով քաջություն չունեն Ֆրանսիայում ապրող մանկահասակ երեխաներին ու քաղցկեղով հիվանդ, մահամերձ հորը բացատրել, թե որտեղ է այժմ գտնվում իրենց հայրը/զավակը, կամ թե պատասխանել երեխաների հարցին' «ինչու՞ է հայրիկը անընդհատ նույն ժամերին զանգում մեզ. միթե՞ ցանկացած պահի չի կարող զանգել»: Նրա խիղճն այնպես չէր տանջվում իրեն ներկայացված անհեթեթ մեղադրանքից (իհարկե անպատկերացնելի է, թե ինչպես կարող էր ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ուրանալ նրա վաստակը Արցախյան պատերազմում կամ բանակաշինության մեջ' տեղեկանք չտալով դրա կապակցությամբ, որպեսզի Սարգիսն էլ օգտվեր հայտատարված համաներման իր իրավունքից), որքան' հորը վերջին հրաժեշտը չտալու մտքից: Երեկ' հուլիսի 31-ին հեռախոսակապ ունեցա Սարգիս Հացպանյանի հետ եւ նրբանկատորեն հետաքրքրվեցի հոր առողջական վիճակով ու որպիսությամբ: Դառնացած ու զարհուրած պատմեց' որ հայրն արդեն մահվան եզրին է, հիվանդանոցում, անունակ խոսելու եւ ընդամենը հասկացրել է, թե ինչու բոլոր զավակները եկել եւ տեսել են իրեն, իսկ Սարգիսը' ոչ: Հոր առողջական վիճակի վատթարացումը հաստատեցին նաեւ ընտանիքին մոտ կանգնած այլ մարդիկ:

«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեպքից հետո սա  հերթական անտարբերությունն է, որը ուղղակի հումանիստ մարդը կարող է դաժանություն գնահատել նրանց իրավիճակը չթեթեւացնող քայլ չկատարելու պատճառով: «Ժառանգության» անունից կարող եմ հայտնել, որ իբրեւ պետական իշխանության թեպետ ընդդիմադիր, բայց մի մասնիկ, մենք իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ենք զգում այս իրավիճակում որեւէ միջոց ձեռնարկել չկարողանալու համար: Եթե Դուք այդպիսի պատասխանատվություն չեք զգում' ապա խնդրում ենք' գոնե մեզ ազատեք այդ պատասխանատվության ծանրությունից, քանի որ խնդրի լուծումը Ձեր իրավասության ներքո է. Սարգիս  Հացպանյանը պետք է իր վերջին հրաժեշտը տա իր ծնողին' կատարելով հոր վերջին ցանկությունը եւ իր որդիական պարտքը: Մեր պետությունը Ձեր բարձր երաշխավորությամբ կարող է դա կազմակերպել:

Դուք ի զորու եք ավելին անել. այն է' դիմել ԼՂՀ ղեկավարությանը եւ խնդրել հաստատելու Սարգիս Հացպանյանի վերաբերյալ տարբեր պատկան մարմիններին իրենց իսկ տված պարզաբանումները, որտեղ խոստովանել են հայրենիքի սահմանների պաշտպանության գործում նրա մասնակցությունը: Նրանք ընդամենը պետք է հաստատեն իրենց պաշտոնական գրությունները' Սարգիս Հացպանյանի վերաբերյալ տրվող տեղեկանքի տեսքով: Այդ դեպքում' Սարգիս Հացպանյանը համաներմամբ ազատություն կստանա ու կվերադառնա իր ընտանիք:  

Խիզախ, ճիշտ եւ մարդասեր քայլ կատարելու պատեհ պահն է: Այլապես' ուշ եւ շատ բաներ անշրջելի կլինեն:      

Հարգանոք՝

Ստյոպա Սաֆարյան

Այս խորագրի վերջին նյութերը