Լրահոս

03.08.2009 09:38


Մառնեուլի շրջանի հայակական գյուղերի բնակիչների բաց նամակը Հայաստանի իշխանություններին

ՀՀ վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանին

ՀՀ Արտաքին Գործերի Նախարար պրն. Էդվարդ Նալբանդյանին

ՀՀ Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանին

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցությանը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը

Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի Դմանիսի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի և Մառնեուլի շրջանները կազմում են պատմական Հայաստանի Գուգարք նահանգի մի քանի գավառները։ Վերջիններս հետագայում ներառվել են Լոռու թագավորության մեջ' կազմելով նույնանուն գավառը։ Այս նահանգը մինչև վերջին շրջանը աշխարհագրորեն համարվել է Հայաստանի Լոռվա  հյուսիսային հատվածը և համարվել հայկական պատմական տարածք։

Խորհրդային տարիներին Քվեմո Քարթլի նահանգում աստիճանաբար սկսեց ուժեղանալ ադրբեջանական գործոնը, իսկ հայերը տարածաշրջանում կա՛մ աստիճանաբար վրացականացվում, կա՛մ հեռանում են։ Վրաստանի անկախացման առաջին իսկ օրերից լքված և, փաստորեն, մոռացված լինելով ՀՀ իշխանությունների ու հայ հասարակության կողմից՝ հայկական գյուղերի բնակչությունը մինչ օրս զգում է թե՛ Վրաստանի հակահայկական քաղաքականության դրսևորումները և թե՛ տեղի ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքը, որն ուղղված է հայ ազգային փոքրամասնությանը նահանգից վերջնականապես զտելուն։

Հակահայկականության դրսևորումներն իրենց առավել զգացնել են տալիս Մառնեուլի հարավային շրջանում գտնվող հինգ՝ Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր հայկական գյուղերում, որոնք մինչև 1930-ականները փաստացի գտնվել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։

Որպես օրինակ բերենք մեկ փաստ։ Վերջին շրջանում Մառնեուլի շրջանի վրացական Սիոն գյուղի բնակիչների ու տեղի վրացի պաշտոնյաների միջամտությամբ հայկական Դամիա գյուղ մատակարարվող խմելու ջրի հիմնական խողովակն անսպասելիորեն դադարեց գործել, և հայկական գյուղը ներկայումս մնացել է առանց խմելու ջրի։ Հատկանշական է, որ շրջանի վրացի և ադրբեջանցի պաշտոնյաները, ի պատճառաբանություն խողովակի փակման, նշում են, թե այդ ջուրը, որն արդեն մի քանի տասնամյակ անդադար հոսել է դեպի Դամիա գյուղ, համարվում է վրացաբնակ Սիոն գյուղի սեփականություն և հայերին չպետք է հասնի։

Վրացիների և ադրբեջանցիների կողմից նմանատիպ ագրեսիվ գործողությունները հայկական հինգ գյուղերիս համար նորություն չեն և շարունակական բնույթ են կրում։ Հատկանշական է այն փաստը, որ շրջանում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ ագրեսիվությունն ուժեղանում է այն բանից հետո, երբ ժամանակ առ ժամանակ տարածաշրջան են այցելում Ադրբեջանի  Հանրապետության՝ Մեջլիսի պատգամավորական կառավարության հասարակական-քաղաքական ակտիվիստներից կազմված պատվիրակություններ։ Այս պատվիրակությունների ներկայացուցիչներն ակտիվորեն այցելում են Քվեմո Քարթլի նահանգի ադրբեջանական գյուղեր և  տանում հակահայկական, հակավրացական ու «պրոադրբեջանական» բացահայտ քարոզչություն։

Մասնավորապես հայտնի է, որ վերջերս Մառնեուլ քաղաք այցելած Ադրբեջանի ազգային Մեջլիսի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարել են, թե Ղարաբաղը շուտով հետ են վերցնելու, թե ուժեղացնելու են ադրբեջանական գործոնը Թբիլիսիի շուրջ և Ծալկայում, և որ Ադրբեջան պետությունը, ի տարբերություն Վրաստանի, լուծելու է տեղի ադրբեջանցիների տնտեսական, սոցիալական ու քաղաքական խնդիրները։

Ելնելով վերը նշվածից՝ մենք՝ հայկական Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր գյուղերի բնակիչներս, ՀՀ կառավարությունից ու Ազգային ժողովից պահանջում ենք. 

Ա. Ուշադրության կենտրոնում պահել Քվեմո Քարթլի նահանգի հայաբնակ շրջաններում զարգացող իրավիճակը։

Բ. Լուծումներ տալ տեղի հայ բնակչության տնտեսական, սոցիալական հիմնահարցերին և տարածաշրջանում հզորացնել հայկական գործոնը։  

Գ. Պատասխանատվության երթարկել ՀՀ-ի այն անձանց և կազմակերպություններին, որոնք ներկայանում են որպես վիրահայոց հարցերով «մտահոգ» անձինք, ովքեր  իրենց գերպասիվությամբ, բայց նորանոր գումարներ ստանալով մեր հարցերը լուծելու համար, մեր գյուղերն անտերության են մատնել։

Դ. Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հետ համատեղ ճանաչել Հյուսիսային Լոռու քաղաքական հիմնախնդիրն ու չդիտարկել այն զուտ սոցիալ-տնտեսական կամ սփյուռքի հիմնահարց։

Ե. Կազամակերպել ՀՀ հասարակական-քաղաքական, պատգամավորական ու կառավարական պատվիրակությունների այցելություններ տեղի հայկական գյուղերի հայ բնակիչների հիմնախնդիրներին մոտիկից ծանոթանալու, վրացական ու ադրբեջանական քմահաճույքների առջև մեզ միայնակ չթողելու համար։

Զ. ՀՀ կառավարությունից պահանջում ենք ՀՀ-Վրաստան սահմանագծի վերաճշտման ընթացքում հաշվի առնել մեր գյուղերի՝ հայաբնակ լինելն ու աշխարհագրորեն Լոռի աշխարհի անքակտելի մաս լինելը։

  Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր գյուղերի բնակիչներ

03.08.2009թ

Այս խորագրի վերջին նյութերը