Լրահոս

03.08.2009 11:28


Հոբի անապատում հայտնաբերվել են բուդդայական գանձեր

Ինչպես հաղորդում է «ВВС» հետուստառադիոընկերությունը, ավելի քան 70 տարի առաջ անհետացած բուդդայական հազվագյուտ գանձերը թաղված են եղել Հոբի անապատում։ Պատմական մասունքները 30-ականներին են թաքցվել, երբ կոմունիստական իշխանությունն սկսել էր սնանկացնել ու քանդել տաճարները։

«Интерфакс» գործակալության տվյալներով՝ գտածոների մեջ եղել են քանդակներ, պատմական այլ իրեր, սեպագիր արձանագրություններ, ինչպես նաև XIX դարի բուդդայական վանքերից  մեկի հոգևոր առաջնորդի անձնական իրերը։

Տադև անունով հոգևորականը վանական գանձերը փրկելու համար թաքցրել է անապատի տարբեր մասերում՝ տեղավորելով դրանք 64 արկղի մեջ։

Իրերը պատկանում էին վանքի առաջնորդ Դանզան Ռավջային, և միայն Տադևը գիտեր դրանց թաքստոցը։ Այդ գաղտնիքը նա փոխանցել էր թոռանը, որն էլ գտել էր մի քանի արկղեր և թանգարան բացել։ Այժմ որոնողական խմբի անդամները, որոնք  հիմնականում Ավստրիայի և Մոնղոլիայի բնակիչներ են, հայտնաբերել են ևս 2 արկղ։ Ավելի քան 20 արկղ դեռ մնում է անապատում թաքցրած։

Ինչպես հավաստիացնում է որոնողական ջոկատի առաջնորդ Միքայել Այզենռիգլերը,  արկղերը ծայրից ծայր լի են եղել բուդդայական արվեստի հիասքանչ ստեղծագործություններով։ Մոնղոլական մշակույթի համար դրանք հսկայական արժեք  ունեն, որովհետև կոմունիստական դարաշրջանում  բուդդայականությունն այդտեղ ուղղակի  վիժեցվել է։

Գտածոները կցուցադրվեն Սաինշանդ  քաղաքի թանգարանում։

Այս խորագրի վերջին նյութերը