Մեկնաբանություն

21.12.2013 13:06


Նախարարական շոուների շարքը մեկնարկեց

Նախարարական շոուների շարքը մեկնարկեց

Տիգրան Սարգսյանի կառավարության անդամները սկսել են տարվա ամփոփիչ ասուլիսները: Նախարարները հերթով հանդիպում են լրագրողների հետ, ներկայացնում իրենց ոլորտների «ձեռբերումները», մի ժամ գլուխ են գովում, լրագրողներին նվերներ են բաժանում, խնդմնդում, կատակում ու հեռանում են:

Դատելով երկու նախարարների ասուլիսների բովանդակությունից՝ թերեւս որոշվել է ամփոփիչ ասուլիսներն անցկացնել «թեթեւ ժանրի» մեջ:

Դե, ներկա գտնվող լրագրողներն էլ անմիջապես ենթարկվում են թելադրված ժանրի կանոններին ու տալիս են «ամենասուր» հարցը՝ կոկորդիլոս դնելո՞ւ եք ձեր սեղանին:

Երեկ երկու նախարար ամփոփեցին տարին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ նրանց համար ամեն ինչ օքեյ է:

Թովմասյանը, հետեւելով իր ղեկավարին՝ Տիգրան Սարգսյանին, ռոք է լսում: Ռոքի սիրահար նախարարն ասում է, որ երկրում արդարադատության վիճակը լավ է: Քանի որ արդեն 15 րոպեում կարելի է կազմակերպություն գրանցել, ուրեմն երկրում արդարադատություն կա: Իսկ որ, ասենք, Եվրադատարանում ՀՀ-ի դեմ 48 հայց է քննվում, դա այնքան էլ էական չէ: Կամ, ասենք, Լիսկայի մարդասպան որդուն 3 ամսից ազատում են մեկուսարանից՝ առանց դատ ու դատաստանի, դա էլ հեչ: Դե, «Հարսնաքարի» դեպքն էլ հեչ ու հեչ: Իսկ օֆշորը «մութ ուժերի» կազմակերպած գործն է։

Կարեւորը նախարարի համոզումն է, որ արդարադատություն կա, ով, ի դեպ, մեկ տարի առաջ ծաղրանքով էր խոսում դատապարտյալի՝ բերանը կարելու փաստի մասին:

Ահա այսպիսի նժդեհական-ռոքասեր նախարար, ով նաեւ պարծենում է, որ ինքը փողոցում հանգիստ քայլում է, օդանավակայանում անցնում է սովորական քաղաքացիների համար նախատեսված տեղով, եւ իր ավտոմեքենան եթե խախտում է կատարում, վարչական տուգանքի է ենթարկվում:

Այս ամենի մասին այնպես է ասում, կարծես հերոսական վարքագիծ է դրսեւորել:

Նորմալ երկրներում դա սովորական բան է, եւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գիտակցում են, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, բայց Թովմասյանն այդ ամենը մատուցում է որպես աննախադեպ քայլ, որ կատարել է միայն ինքը :

Ինչեւէ, սեփական պիառը անելուց հետո համարվեց, որ «ամփոփեց տարին»:

Իսկ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ուսման վարձավճարների բարձրացացումից հետո ավելացված գումարներով բուհերում ոչ թե կրթական որակն է բարելավվել, այլ այդ գումարներն ուղղվել են դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը եւ վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Մեկ ամիս առաջ պոլիտեխնիկի դասախոսները հավաքվում ու ժողովներ էին անում, մեղադրում էին բուհի ղեկավարությանն այն բանի համար, որ իրենց աշխատավարձերը չեն բարձրացել: Եվ էլի շատ բուհերում աշխատավարձերը չեն բարձրացել: Իսկ Աշոտյանը բացահայտ ստում է:

Ինչ վերաբերում է «ռեմոնտին», դա հաստատ արվում է, քանի որ ձեռնտու է կողմերին. շինարարությունից (հաճախ՝ անիմաստ. ներքին պատերը փոփոխելու, ավելորդ պարիսպներ կառուցելու ձեւով) «ատկատները» շատ են, գոհ են թե՛ նախարարությունը եւ թե՛ այս կամ այն բուհի ղեկավարությունը:

Աշոտյանը նաեւ փորձեց բոլորիս համոզել, թե այնքան էլ շատ չէ ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների կամ ռուսական դասարանների թիվը: Սակայն նշեց թվեր, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում ռուսերենի էքսպանսիան մեծ թափ է հավաքում: 60 դպրոց իրականացնում է ռուսերենի խորացված ուսուցում, իսկ ռուսական դասարաններ գործում են 40 դպրոցներում:

Էս էլ մյուս նժդեհականը, ով, ի դեպ, որեւէ հոդաբաշխ բացատրություն չգտավ՝ հիմնավորելու Տարոն Մարգարյանի՝ «գիտությամբ չալելու» անհագուրդ ցանկությունը: Դե, ԲՈՀ-ը կաշառակերության որջ է, այնտեղ կարող են անգամ գիտության դոկտորի վկայական տալ թերուս փողատերերին: Ուղղակի Աշոտյանը չգիտի այդ մասին: Ոչինչ, մեկն ու մեկը երեւի մի օր կասի:

Նախարարական շոուները շարունակվում են: Սպասենք մյուս նախարարների «ամփոփիչ ասուլիսներին»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը