Մեկնաբանություն

24.12.2013 00:50


Գազային «նախաձեռնողականություն»

Գազային «նախաձեռնողականություն»

Սովետի ժամանակ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարները երբեք դատարկաձեռն չէին գնում Մոսկվա: Պոլիտբյուրոյի դիրեկտիվները կատարած, փաստաթղթերի փաթեթը ձեռքին մեկնում էին:

Այսօր էլ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, թե դեկտեմբերի 24-ին հայտնի կդառնա ՄՄ-ին միանալու Ճանապարհային քարտեզը։

Բնականաբար, դարձյալ ո՛չ դատարկաձեռն: Հայ-ռուսական գազային համաձայնագիրը Ազգային ժողովի մեծամասնության կողմից «վավերացվելուց» հետո Սարգսյանն «արխային» մեկնեց կենտրոն՝ Պուտինին զեկուցելու, որ ամեն ինչ լավ է, խնդիր չկա:

Կարելի է պատկերացնել, թե Ճանապարհային քարտեզը հաստատվելուց հետո ամեն անգամ Մոսկվա մեկնելիս ինչեր է իր հետ տանելու Սերժ Սարգսյանը, որ գոհացնի ռուսական կողմին: Երբ մանավանդ, նկատի առնենք Պուտինի զարմանքը Մաքսային միություն մտնելու հարցում Սերժ Սարգսյանի շտապողականությունը, որի հետեւից չեն հասնում անգամ ՄՄ հիմնադիր պետությունները:

Իսկ թե ինչպես խորհրդարանը «վավերացրեց» համաձայնագիրը՝ հայտնի է բոլորին: Ոչ իշխանական 4 խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցի մասնակիցները ընդվզեցին, իսկ իշխող մեծամասնությունը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ընդամենը 3 անդամների ստորագրությամբ համարեց, որ փաստաթուղթն ընդունված է: Այն դեպքում, երբ ըստ ԱԺ կանոնակարգի պետք է արձանագրության տակ ստորագրեն հանձնաժողովի կեսիվ ավելի անդամներ: Այսինքն՝ առնվազն 4 հոգի: Բայց քանի որ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը ոչ իշխանական խմբակցությունների անդամներ են, որոնք բոյկոտել էին, արձանագրության տակ ստորագրեցին միայն երեքը՝ իշխանական խմբակցությունից:

Ինչեւէ, կանոնակարգի կոպիտ խախտմամբ գազային համաձայնագիրը համարվեց «վավերացված»:

Սա էր իշխանության «ամանորյա նվերը» հայ ժողովրդին: Այս դավաճանական քայլով շնորհավորեցին ժողովրդի Նոր տարին:

Իսկ Սերժ Սարգսյանն էլ վազեց Մոսկվա՝ սեփական երկրի ինքնիշխանությունը նվեր մատուցելու Պուտինին:

Ժողովրդից գաղտնի 300 միլիոն դալարի պարտք կուտակած կառավարության այս հանցաքը իբր քիչ էր, ավելացավ երկրորդը՝ գազային համաձայնագրի «վավերացման» անօրինական քայլը:

Ինչ է հետեւելու այս ամենին, մասնավորապես, ոչ իշխանական ուժերը ինչպես են փորձելու հասնել նրան, որ անօրինական համարվի քվեարկությունը եւ կազմակերպվի նորը՝ այդ մասին արդեն ասվել է, դիմելու է Սահմանադրական դատարան:

Ինչ-որ դրական որոշում սպասել ՍԴ-ից, իհարկե, չարժե: Սակայն պայքարի օրինական ձեւերն ու մեթոդներն ընտրած ոչ իշխանական ուժերը այլ ճանապարհ չունեն: Մանդատները վայր դնելու «գաղափարն» էլ իշխանության հայտնի շրջանակների նետածն է՝ հասկանալի նպատակներով։

Այնուամենայնիվ, շատերի համար հարց մեկն էր՝ սապասելի՞ էր այս ամենը: Եվ հարցադրողներն էլ պատասխանում են իրենց իսկ հարցին՝ սպասելի էր: Քանի դեռ երկրի ղեկին մնում է Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչ սպասելի է: Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տալուց հետո Սերժ Սարգսյանն ամեն ինչի է պատրաստ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը