Մեկնաբանություն

24.12.2013 16:00


Ինչու են Սերժ Սարգսյանին պետք եկել մանդատները

Ինչու են Սերժ Սարգսյանին պետք եկել մանդատները

Երբ սերժական կամ մերձսերժական ճամբարից են հնչում «հուժկու» առաջարկներ պատգամավորական մանդատները վայր դնելու թեմայով, հասկանալի է։

Սերժ Սարգսյանին պարզապես սարսափեցնում է ինչ–ինչ քաղաքական զարգացումների դեպքում ԱԺ–ում սպասվող «սալտոն»։ Նա շատ լավ գիտի, որ իշխանության բանալին գտնվում է խորհրդարանում, և եթե ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» միասնաբար հանդես գան, ապա իշխանական բուրգը ճաքեր կտա, ինչին էլ կհետևի նույն այդ բուրգի ամբողջական փլուզումը (չի բացառվում նաև իմպիչմենտի տարբերակը)։

Փոքրիկ պատմական էքսկուրս

ՀՀ նորագույն պատմությունը ցույց է տվել, որ խորհրդարանում տիրող քաղաքական ներկապնակն ու մթնոլորտն է, մեծ հաշվով, կանխորոշել իշխանության ձևավորման ընթացքը։

1990ին ձևավորված խորհրդարանում կոմունիստները քանակով ՀՀՇ–ականներից շատ էին, բայց մոբիլ փոքրամասնությունը կարողացավ հաղթել դոնդող մեծամասնությանն, ու տեղի ունեցավ իշխանափոխություն։ Այն օրերին որևէ մեկը չէր ասում, թե եկեք մանդատները վայր դնենք, քանզի չենք կարող քանակով ազդել որոշումների կայացման վրա։

«Ղարաբաղ» կոմիտեն ուներ հանրային աջակցություն և կարողացավ Գերագույն խորհրդում ունեցած իր փոքրամասնությամբ հաղթանակ տանել և հռչակել անկախ Հայաստան։ Սա դրսից իշխանափոխություն և համակարգափոխություն իրականացնելու փայլուն օրինակ է։

Նկատենք, որ «Ղարաբաղ» կոմիտեն արդեն մասամբ իշխանություն էր դարձել (խորհրդարանական ընդդիմությունը նույնպես պետական կառավարման համակարգի մաս է կազմում), և, ի վերջո, Ազատության հրապարակից մասամբ խորհրդարան տեղափոխվելու արդյունքում հնարավոր եղավ ամբողջական իշխանափոխությունը։

Մեկ այլ օրինակ։

1998ին «Երկրապահ» պատգամավորական խմբի միջոցով իշխանափոխություն եղավ ԱԺ–ում, որից հետո, արդեն մի շարք այլ գործոնների ազդեցության տակ, Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց։ Սա արդեն ներիշխանական փոփոխության օրինակ է՝ առանց հրապարակի աջակցության։ Սակայն այստեղ ևս խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները բացառիկ կարևորություն ունեին։

Չմոռանանք նաև 2008–ին տեղի ունեցած դեպքերը։ Լևոն Տեր–Պետրոսյանին հաջողվել էր հսկայական զանգվածներ կոնսոլիդացնել հրապարակում, սակայն նա շատ լավ գիտեր, որ իշխանափոխության համար կարևոր է նաև պետական բուրգում ճաքեր առաջացնելը։ Դա էր պատճառը, որ նա ամեն ինչ արեց, որպեսզի մասեր պոկի իշխանական համակարգից։ Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ 7 պատգամավորների՝ ՀՀԿ–ից պոկվելն ու Տեր–Պետրոսյանին միանալու մասին հայտարություն անելը։ Դա ամենաշատն անհանգստացրեց իշխանությանը, և պարզապես ֆիզիկական ուժով նրանք հետ բերեցին «մոլորյալներին»։

Թվում է, թե 7 պատգամավորները ոչ մի բան էլ չէին կարող անել, քանզի որոշումների կայացման վրա ազդեցության որևէ իրական լծակ չունեին, սակայն տվյալ դեպքում աշխատում է ոչ թե քանակի, այլ որակի էֆեկտը, բացի այդ՝ նաև դոմինոյի էֆեկտը՝ «հոտային» հոգեբանությունը։ Իշխանությունը հենց այդ դոմինոյի էֆեկտից վախեցավ ու դրա համար հետ բերեց Տեր–Պետրոսյանի տարած «ոչխարներին»։

Ինչո՞ւ և ո՞վ է շրջանառության մեջ դրել մանդատի թեման

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի մանդատի քաղաքական ու ֆինանսական արժեքը։ Հատկապես քաղաքականը։ Վերևում նկարագրված գործընթացները նա տեսել է ներսից ու շատ լավ գիտի, որ խորհրդարանական փոքրամասնությունը և մեծամասնությունը շատ հարաբերական հասկացություններ են։ Այդ իսկ պատճառով էլ խիստ նյարդայնանում է խորհրդարանական չորս ոչկոալիցիոն ուժերի համատեղ գործողություններից։

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը» իշխանափոխության բանաձևն է, և այդ բանաձևը կյանքի կոչելու տեղը հրապարակն ու խորհրդարանն են։

Եթե 1990–ին խորհրդարանում հնարավոր եղավ ստեղծել «Կոնսենսուս մինուս ՍՍՀՄ» մթնոլորտ և հաջողության հասնել, ապա հիմա նույնը վերաբերում է դեպի Գյուլիստան սուրացող Սերժ Սարգսյանի թեմային։ Նրա հեռացման և ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխության իրականացման հարցում հրապարակում և խորհրդարանում կոնսենսուսի հասնելու դեպքում իշխանափոխությունը կդառնա տեխնիկայի հարց։

Ահա այս ամենից խուսափելու համար գեբելսյան քարոզչամեքենան և քաղաքական դաշտի «դհոլները» շրջանառության մեջ են դնում մանդատներից հրաժարվելու «կրեածիվ» գաղափարը։ Այդպիսով փորձ է արվում քաղաքական օրակարգի թիվ մեկ կետը դարձնել ոչ թե Սերժին հեռացնելու հարցը, այլ մանդատ վայր դնել–չդնելու կեղծ թեզը։

«Իշխանությունը վատն է, բայց տեսե՛ք, թե ինչ վատն է նաև ընդդիմությունը, որը կառչած է մանդատից»,– դեմագոգիկ կոդ են առաջ քաշում «անկախները»։

Ինչպես արդեն հոդվածի սկզբում նշեցի, իշխանության այս վարքագիծը հասկանալի է։ Ոչիշխանական պատգամավորների մանդատների թեման նրանք առաջ են քաշում հանրային ուշադրությունը շեղելու համար։ Անհասկանալի է, սակայն, իշխանական տիրույթից դուրս գտնվող այն մարդկանց պահվածքը (խոսքս միայն ազնիվ քյարփինջներին չի վերաբերում), ովքեր նույնպես կարծում են, որ պետք է մանդատները վայր դնել։

Այդ մարդիկ շատ էմոցիոնալ բան են ասում։ Իսկ էմոցիան որևէ կապ չունի քաղաքական ու իրավական գործընթացների հետ։

Առնվազն տարօրինակ է հիացական գնահատականներ հնչեցնել գազի հարցում խորհրդարանական չորս խմբակցությունների վարքագծի կապակցությամբ ու միաժամանակ կարծել, որ պետք է ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» ներկայացնող պատգամավորները միասին վայր դնեն մանդատները։

Դե արի ու «դասականին» մի հիշիր՝ վայր դնեն, որ ի՞նչ անեն։ Որ Սերժը 75 գրպանային պատգամավորի փոխարեն 131–ն ունենա՞։

Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընդդիմությունը մանդատը վայր է դրել խորհրդարանում ու հասել հաջողության։ Ճիշտ հակառակը. ընդդիմադիր ուժերը ձգտում են գեթ մեկ ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում, որպեսզի օգտագործեն ամենաբարձր ամբիոնը։ Եթե միայն քանակով լիներ, ապա ակադեմիկոս Սախարովը պետք է հրաժարվեր պատգամավորական իր մանդատից, մինչդեռ նա օգտագործում էր խորհրդարանի ամբիոնն ու քննադատում Սովետի արատները։

Եթե մանդատ վայր դնելու հիմնավորում է ներկայացվում այն, որ, միևնույն է, ոչիշխանական ուժերը չեն կարողանում ազդել որոշումների վրա, ապա այդ տրամաբանությամբ ճիշտն արտագաղթելն է, քանզի քաղաքացին նույնպես չի կարողանում ազդել իշխանության որոշումների կայացման վրա։ Բայց չէ՞ որ մենք որոշել ենք մնալ ու պայքարել։ Հետևաբար, պետք է օգտագործել պայքարի բոլոր ձևերն ու հարթակները։

Մանդատաթափի կողմնակիցները չեն բացատրում (չեն էլ կարող բացատրել), թե ինչ պետք է հաջորդի դրան, և այդ ո՞ր օրենքով է խորհրդարանական ճգնաժամ առաջանալու, ու ի՞նչ է հետևելու այդ ենթադրյալ ճգնաժամին։

Հրե՛ն, Արամ Զավենի Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պատգամավորական մանդատները վայր դրեցին։ Հետո՞ ինչ։ Արամը հայտնվեց Սերժի «պադվալում», իսկ Րաֆֆին գնաց ծոմ պահելու։ Մանդատ վայր դնելը քաղաքական ծոմի պես մի բան է՝ հնչեղ, «կրեածիվ» ու փուչ։

Մի խոսքով, մանդատներից հրաժարվելու կոչը Բաղրամյան 26–ի հեթական «մուտիտներից» է։ Հետևաբար, չարժե, որ ընդդիմադիր տրամադրությունների կրող մարդիկ ընկնեն այդ ջրերը։

Նայե՛ք, թե ովքեր են մանդատները վայր դնելու պահանջ ներկայացնում՝ սերժական «դհոլի» ֆունկցիա կատարող Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Լֆիկ Սամոյի հրաժարականը պահանջող գեղամյանները և այլ «կենդանիներ»։

Եվ ուրեմն, ոչ թե մանդատները պետք է վայր դնել (այսինքն՝ հանձնել Սերժին), այլ նպաստել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի» կայացմանը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը