Մեկնաբանություն

25.12.2013 18:30


Խաղ Սերժ Սարգսյանի դաշտում կամ հասունանալու ժամանակը

Խաղ Սերժ Սարգսյանի դաշտում կամ հասունանալու ժամանակը

Այս տարի լրացավ ղարաբաղյան շարժման 25 տարին: Այդ շարժումն այսօրվա հայաստանյան հասարակության ծննդավայրն է. քսանհինգ տարի առաջ հայաստանցին սկսեց ժողովրդավարական շարժում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ հանրապետություն և ազատագրված Ղարաբաղ:

Ղարաբաղյան շարժումը հայկական քաղաքական ու քաղաքացիական պայքարի սկիզբն էր՝ մեկնարկը: Հետագայում ձեռք բերված հաջողությունները հետզհետե վատնվեցին, և, վերջապես, գլուխ բարձրացրեց հակահեղափոխությունը, ինչի արդյունքում մենք այսօր ունենք ավտորիտար ռեժիմ:

Քսան տարուց ավելի հայաստանյան հասարակությունը գտնվում է ակտիվ քաղաքական գործընթացների մեջ: ՀՀ-ում տեղի են ունեցել վեց նախագահական ընտրություններ, որոնցից չորսն ունցել են լուրջ հետընտրական գործընթացներ: Ուստի, հայաստանցին անցել է քաղաքական-հասարակական դպրոց և ունի բավականին լուրջ քաղաքական փորձառություն:

Քաղաքական- հասարակական գործընթացների կուլմինացիան եղավ 2008 թվականը, որը նաև ամենաողբերգական տարիներից էր հայոց նորագույն պատմության մեջ: Մարտի մեկի սպանդը՝ տասը անմեղ զոհերը, դրդեցին մեր հասարակությանը արագ հասունանալ՝ լրջանալ, ճիշտ այնպես, ինչպես մեծ ողբերգություն ապրած մարդն է արագ հասունանում: Սակայն փաստ է, որ հայաստանյան հասարակության մի մասը դեռ չի հասունացել, չի լրջացել: Այդ անլուրջ մթնոլորտն առավել ակներև է դառնում, երբ հանրության քննարկմանն է հանձնվում որևէ քաղաքական տեքստ, կամ սկսվում է որևէ լուրջ քաղաքական գործընթաց: Դրանցից են, օրինակ, վերջին երկու դեպքերը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում և ոչկոալիցիոն չորս խմբակցությունների ընդհանուր բոյկոտը ԱԺ-ում: Երկուսի դեպքում էլ մենք ականատես եղանք Սերժ Սարգսյանի պարզագույն հակագրոհներին:

Իշխանության կողմից հրահրած թամաշան ցույց տվեց, որ հայաստանյան քաղաքական և հասարակական դաշտում, այնուամենայնիվ, ոչ բոլորն են հասունացել և լրջացել: Հրապարակ նետվեցին ու լուրջ կերպով քննարկվեցին ամենաֆանտաստիկ ու ամենաանհեթեթ տեսակետները, հայոց վերլուծագանգերը վերախմբագրեցին և ապա, էդ վերախմբագրվածի հիման վրա մղձավանջային տեքստեր հրապարակելով՝ «վերլուծեցին» Տեր-Պետրոսյանի ելույթը, հրապարակ նետվեց մանդատները վայր դնելու «երկաթե տրամաբանությունը», և այսպես շարունակ:

Մանկամտության և անլրջության մեկ այլ փաստ էլ քաղաքական դաշտում իրար հետ «տակից» և «վրայից» մրցակցող իշխանական և «ընդդմադիր» տարբեր գործիք-գործիչների հակամարտությունն է: Արդեն ակնհայտ է, որ մեր երկրում շատերն են իրենց պատկերացնում Բաղրամյան 26-ում: Այս մարդիկ լրջորեն մտածում են, որ Սերժ Սարգսյանը 2018թ. պատրաստվում է ինքնակամ հեռանալ իշխանությունից: Այդ իսկ պատճառով այսօրվանից սկսել են մրցել իրար դեմ 2018-ի համար, ու կարևորը՝ չհաշվարկելով Ազատիչի գործոնը: Սա ևս մանկամտության և քաղաքական բոբիկության վառ ապացույց է: Ինչպե՞ս կարող է որևէ լուրջ մարդ, ով ծավալում է ակտիվ քաղաքական գործունեություն, չհասկանալ, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ հանձնել իշխանությունը, առավել ևս՝ նա չունի ժառանգորդ, և միտք էլ չունի այն պատրաստել: Բացի այդ՝ կդիմանա՞ ՀՀ–ն սերժսարգսյանական «նախաձեռնողականությանը» մինչև 2018թ., որ մի հատ էլ քննարկենք, թե ով է նրան փոխարինելու։

Ինչևէ, պետք է ընդունել, որ Ազատիչը բավականին լավ գիտի մարդու հոգեբանություն, հատկապես՝ պոտենցիալ հաճախորդներինը, և նա շատ ճարպիկ կերպով օգտագործում է դա, ապա մենության մեջ, ըստ երևույթին, «քահ- քահ» ծիծաղում նրանց վրա: Ուստի, այսօրվանից Բաղրամյան 26 շտապող բոլոր մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, թե ում են ձեռնտու իրենց պլանները, և ում ջրաղացին են ջուր լցնում: Վերջապես պետք է լրջանալ ու մանկապարտեզային տարիքի բարդույթները հաղթահարել։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը