Լրահոս

26.12.2013 15:41


ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը (տեսանյութ)

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը (տեսանյութ)

Այս պահին խորհրդարանում մեկնարկել է ՀՀ ԱԺ 5–րդ գումարման 4–րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը։ Օրակարգում 2 հարց է.

  1. ԱԺ 2013թ. դեկտեմբերի 23–ի նիստում ոչ էլեկտրոնային համակարգով տեղի ունեցած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը։
  2. Կազմակերպական հարցեր։

Արտահերթ նիստին ՀՀԿ–ական Տաճատ Վարդապետյանն ու ՕԵԿ–ական Իշխան Խաչատրյանը, ինչպես նաև հանձնաժողովի ՀՀԿ–ական նախագահ Սուքիաս Ավետիսյանը չեն ներկայացել։ Թեև, հանձնաժողովի տեղակալ Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, ով և վարում է արտահերթ նիստը, իրենք պատշաճ կերպով տեղյակ են պահել հանձնաժողովի բոլոր անդամներին։

–Պարզ դարձավ, որ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանալու նիստին, քանի որ իր համար օրակարգը հստակ չէ։ Բայց պարզ է, թե ինչի համար չի եկել,–ասել է Լ. Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ հանձնաժողովի անդամների 1/3–ը կարող է արտահերթ նիստ հրավիրել։

Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված «գազային» համաձայնագիրը ԱԺ–ն չի վավերացրել, և իրենք այդ որոշման հարցը վիճարկելու համար դիմելու են Սահմանադրական դատարան։

Հաշվիչ հանձնաժողովի այս որոշումը, որը միաձայն ընդունեցին ՀԱԿ–ից Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ–ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ–ից՝ Արծվիկ Մինասյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ներկայացվելու է Հովիկ Աբրահամյանին։

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Լ. Սարգսյանն առաջարկել է Հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ ընտրել։

–Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, հաշվի չի առել հանձնաժողովի անդամների կարծիքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները,–ընդգծել է Լ. Սարգսյանը։

Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Թևան Պողոսյանի թեկնածությունը, սակայն վերջինն ինքնաբացարկ է հայտնել՝ առաջարկելով Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը։

Իմ տեսակը խուսափող տեսակ չէ, և ես պատրաստ եմ ստանձնելու այդ պարտականությունը,–ասել է Լ. Սարգսյանը, և հանձնաժողովի անդամները նրան միաձայն ընտրել են նախագահ։

Այնուհետև Լ. Սարգսյանը հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում կրկին առաջարկել է Թևան Պողոսյանի թեկնածությունը, սակայն վերջինը կրկին հրաժարվել է։ Արդյունքում որոշվել է այդ պաշտոնում ընտրել ՕԵԿ–ական Իշխան Խաչատրյանին, ով հանձնաժողովի նիստին չէր մասնակցում։

Ի դեպ, ծրագրվել էր Հաշվիչ հանձնաժողովի նիստն անցկացնել ԱԺ 334 սենյակում, նիստի մասին տեղյակ էր պահվել նաև խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին, սակայն այսօր 334 սենյակի դուռը փակ է եղել, և ոչիշխանական խմբակցությունների 4 անդամները ստիպված են եղել հանձնաժողովի նիստն անցկացնել ՀՅԴ խմբակցությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը