Լրահոս

09.01.2014 12:43


ԱՄՆ–ը հրապարակել է միջուկային նյութերի անվտանգության ինդեքսը

ԱՄՆ–ը հրապարակել է միջուկային նյութերի անվտանգության ինդեքսը

«Միջուկային վտանգի կրճատման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպությունը «Միջուկային նյութերի անվտանգության ինդեքս–2014»–ն է հրապարակել։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այն հիմնադրվել է ամերիկացի մեդիամագնատ Թեդ Թյորների և նախկին ժողովրդավար սենատոր Սեմ Նաննի կողմից։ Փաստաթղթի հեղինակների խոսքերով՝ նրանում գնահատվում են միջուկային նյութերի պահպանման պայմանները 176 երկրներում։ Այդ ցուցակից առանձնացվել են 25 պետություններ, որոնք տիրապետում են 1 և ավելի կգ միջուկային նյութերի պիտանի զենքի ստեղծման համար։ 151–ն էլ 1 կգ–ից քիչ կամ ընդհանրապես միջուկային նյութեր չունեցող երկրներն են։ Այնուամենայնիվ, այդ երկրները, հետազոտության հեղինակների կարծիքով, կարող են օգտագործվել որպես հարթակ ապօրինի միջուկային գործունեության համար։ Ինդեքսի հեղինակները նշել են 2012–ից սկսած 7 պետություն՝ Ավստրիա, Չեխիա, Հունգարիա, Մեքսիկա, Շվեդիա, Ուկրաինա և Վիետնամ, որոնք ոչնչացրել են բոլոր պիտանի նյութերը միջուկային ռումբ ստանալու համար։ Հետևաբար, նրանք լքել են այդ ցուցակը։ Լավագույն ցուցանիշներով առաջին հինգ տեղերը զբաղեցրել են Ավստրալիան, Կանադան, Շվեյցարիան, Գերմանիան և Նորվեգիան։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր տեղում հայտնվել են Բելառուսը (9–րդ) և Ղրղզստանը (15–րդ)։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինը միջուկային նյութերի անվտանգ պահպանման ցուցակում զբաղեցրել է 18–րդ տեղը։ Սեմ Նաննը հավելել է, որ ԱՄՆ–ն ու Ռուսաստանը մեծ թվով միջուկային նյութերի են տիրապետում, և միշտ առկա են հնարավորություններ դրանց պահպանության պայմանները լավացնելու համար։ Ինդեքսի որոշման չափորոշիչներից են միջուկային նյութերի ֆիզիկական անվտանգության աստիճանը, նրանց ծավալը և օբյեկտների քանակը, որտեղ դրանք պահպանվում են, երկրում առկա քաղաքական իրավիճակը, կաշառակերությունը և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը