Լրահոս

06.08.2009 14:16


Նիկոլայ Բորդյուժա. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման տարբերակն այլընտրանք չունի»

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ պատասխանելով «Ադրբեջանն անընդմեջ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, և ի՞նչ դիրքորոշում է ունենալու ՀԱՊԿ-ը Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի ժամանակ» հարցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ ինքը համոզված է, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի.

-Ես ամեն օր չեմ կարդում Ադրբեջանի նախագահի՝ ուժ կիրառելու մասին հայտարարությունները։ Ես ուրիշ բան գիտեմ. Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներն ակտիվացել են, և դրանք ուղղված են ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Այդ ֆոնի վրա մենք նշում ենք նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ակտիվացումը։ Հուսով եմ, որ այդ գործընթացն անդառնալի չի լինի և հստակ արդյունքների կբերի։ Միայն մի բան գիտեմ. ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման տարբերակն այլընտրանք չունի, և այն, ինչ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Կովկասում, ևս մեկ անգամ հաստատում է, որ ուժի կիրառումը չի բերում պետությունների միջև այս կամ այն հակամարտության կարգավորմանը։ Միայն խաղաղ և փոխընդունելի լուծումը կարող է հնարավորություն տալ խաղաղություն ապահովել Կովկասում։

Լրագրողների խնդրանքին՝ պարզաբանելայդ հարցի վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, Ն.Բորդյուժան պատասխանել է, որ պատերազմի մասին խոսելիս պետք է նշել ոչ թե դիրքորոշումների, այլ այն համաձայնագրերի մասին, որոնք գոյություն ունեն.

-ՀԱՊԿ-ը հիմնվում է իր 4-րդ հոդվածի վրա, որտեղ նշված է, որ ՀԱՊԿ անդամ որևէ պետության նկատմամբ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա յուրաքանչյուրի նկատմամբ։ Մենք դրանից ենք ելնում։ Մնացածը խոսքեր են, որոնք նման բարդ իրավիճակում միայն վնաս են հասցնում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Հուսով եմ՝  Մինսկի այն խումբը, որն այսօր աշխատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ և նախագահների հանդիպումները իսկապես օգուտ կբերեն։ Այսօր ամեն ինչ դա է հաստատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը