Մեկնաբանություն

27.01.2014 14:10


Եվրամայդանի հայկական «ճակատը»

Եվրամայդանի հայկական «ճակատը»

Ուկրաինացիները երևի տեղյակ չեն, որ իրենց շարքերում, ի դեմս հայաստանյան «արևմտամետների», ունեն լեգիոներներ, ովքեր նոր ճակատ են բացել «Բերկուտի» դեմ։

Շատ մազալու դեմքեր են հայաստանյան «արևմտամետները»։ Հո «բալետ» չեն անում Կիևում տեղի ունեցող բախումներին, հո «բալետ» չեն անում։ Մե ծափ, մե ծիծաղ, մե ուրախություն ...

«Արևմտամետ» ուժերն ու անհատներն իրար հետևից հայտարարություններ են ընդունում՝ ի աջակցություն ըմբոստ ուկրաինական ժողովրդի, ստատուսներ են թխում տանը նստած, «շեյր» են անում Ուկրաինայից ստացվող լուրերը և բոցաշունչ «քոմենթներ» ներկայացնում «անկախ» լրատվամիջոցների տարածքներում։

Ախր շա՜տ վճռական են մեր «արևմտամետները»։ Նրանք Շանթ Հարությունյանի սրածայր փայտերով, մարգանցովկա–բրոնզով, Մոլոտովի կոկտեյլներով, բեյսբոլի բիտերով, քարերով ու այլ իրերով զինված գրոհում են «Բերկուտի» դիրքերը։ Բնականաբար, ֆեյսբուքյան տիրույթում։ Բա հո հարի՞ֆ չեն, որ դուրս գան հրապարակ և իրական պայքար մղեն հանուն ԵՄ–ի հետ ասոցացման՝ լինի դա Երևանում, թե Կիևում։ Նրանց ՄՄ–ում էլ վատ չեն կերակրում։ Նրանք զանգի են սպասում, ինչպե՞ս կարող են համակարգիչը թողնել, համարները հանել և իջնել ձոր։

Իսկական «արևմտամետ» հեղափոխականը հենց այդպիսին է լինում. համակարգչի առաջ նստած կատու է ճղում, փրփրակալած բերանով պաթետիկ ստատուսներ է գրում և պայքարում ... Սերժ և Տիգրան Սարգսյանների ընդդիմախոսների դեմ։

Մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը «արևմտամետները» Սերժ Սարգսյանի հետույքն էին մտել և հիմնավորում էին իրենց այդ որոշումը ԵՄ–ի հետ ասոցացման «ատմազկայով»։

«Մենք արևմտամետ դիրքորոշում ունենք, ու քանի որ Սերժը մեզ տանում է այդ ուղղությամբ, մենք նրան որպես չարյաց փոքրագույն ենք պաշտպանում»,– հայտարարում էին հայաստանյան «արևմտամետները» մինչև Զորի Գայկովիչի «մեյդան» գալը։

ՀՀԿ ղեկավարն, իր վարչապետի հետ ուս ուսի տված, հիմա մտել է Կրեմլ ու դուրս չի գալիս, բայց հայաստանյան «արևմտամետների» կռիվը, ինչպես սեպտեմբերի 3–ից առաջ, այնպես էլ հիմա ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մասամբ նաև ՀՅԴ–ի ու «Ժառանգության» հետ է։

Ի դեպ, Ուկրաինայում էլ իրենց ընդդիմադիր դաշտում դիրքավորած քաղաքական ուժերը մի պահ աջակցում էին այնտեղի Սերժ Սարգսյանին՝ Յանուկովիչին, քանզի նա գնում էր ԵՄ–ի հետ ասոցացման ճանապարհով։ Հենց Յանուկովիչը կտրուկ շրջադարձ կատարեց, ընդդիմադիրներն անցան գործի՝ պահանջելով իշխանության հրաժարականը։

Այլ է պատկերը մեր տնաբույծ «արևմտամետների» դեպքում։ Սրանք այնպես են սեփականաշնորհված Բաղրամյան 26–ի և Կառավարության կողմից, որ էլ դու սուս։ Դա է պատճառը, որ «արևմտամետները» հիմա վիրտուալ տարածքում վիրտուալ թիրախների դեմ են կռիվ տալիս՝ ի ցույց դնելով իրենց «վճռականությունը» և «սկզբունքայնությունը»։

Հայաստանյան «արևմտամետների» թիրախը Յանուկովիչն է, Պուտինը, «Բերկուտը», ռուսական «Ֆէ ԷՍ ԲԷ»–ն։ Մի խոսքով, բոլորը՝ բացի Սերժ Սարգսյանից ու Տիգրան Սարգսյանից։

Բանը նույնիսկ հասել է շիզոֆրենիայի և հոգեխանգարմունքի։

Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի օֆշորային փաստաբան և Սերժ Սարգսյանի հպատակ «Lragir.am»–ն ամենուրեք ռուսների չար հետքն է տեսնում։ Դա ներքին կյանքում թռնողական պահելու հնարավորություն է տալիս ղարաբաղցի ռենեգատներին։ Ուշագրավն այն է, որ «Lragir.am»–ում այնքան են մտել դերի մեջ, որ արդեն խղճահարություն են առաջացնում։ Սույն լրատվամիջոցի պահվածքը կոնկրետ դիագնոզ է. այդպես է լինում, երբ սնվում ես ՄՄ–ից, բայց քարոզում ես ԵՄ։

Ինչ մնում է «Հադրութ.am»-ի կարկառուն ներկայացուցիչ, ռուսախոս «արևմտամետ», Զորի Գայկովիչի կոլեգա և ուկրաինական լսարանի առաջ ինքն իրեն Հայաստանի առաջատար քաղաքագետ հռչակած Իգոր Մուրադյանին, ապա սա առանձնահատուկ դեպք է։ Մարդը նույնիսկ Կիևում պաշտպանում է հայաստանյան «խեղճ» իշխանությանը, որոնց, ըստ Իգորի, ճնշեց չար Պուտինը, և միայն այդ ճնշումներն էին, որ ստիպեցին Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին Մաքսային միություն մտնել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Դե, իսկ «Lragir.am»–ից ոչ պակաս տխրահռչակ «1in.am»–ը, որը նույնպես «թունդ արևմտամետ» դաշտում է գործում, ամեն տեղ Գագիկ Ծառուկյանին է տեսնում։ Անգամ Ուկրաինայի Մայդանում տեղի ունեցող բախումների հետևում սույն քարոզչամիջոցի ղեկավար Արման Բաբաջանյանը ԲՀԿ ղեկավարի «հետքն» է հոտոտում։ Սա արդեն ոչ միայն ու ոչ այնքան պատվերի կատարում է, որքան պաթոլոգիա։

Զիգմունդ Ֆրեյդը, թերևս, շատ կափսոսար, որ հայաստանյան «արևմտամետներին» ուսումնասիրելու հնարավորությունից զրկված է եղել։ Մտե՛ք «Ֆեյսբուք» և կհամոզվե՛ք ասածներիս մեջ։

Սոցիալական ցանցերում բոլոր «արևմտամետները» վճռական են, հեղափոխական ու պուտինատյաց, բայց սնվում են Կրեմլի վասալների վերածված Սերժ և Տիգրան Սարգսյաններից։ Ու եթե այդ ամենին գումարում ես նրանց անլիարժեքության բարդույթներն ու համակարգչային Ռեմբո երևալու մոլուցքը, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը