Լրահոս

06.08.2009 16:36


ՀՀ վարչապետ. «Մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման Հայաստանում այլևս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել»

ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունել է որոշումներ, որոնք դնում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության սկիզբը։ Այդ նպատակով գործադիրը ՀՀ համապատասխան մարզպետներին և համայնքի ղեկավարներին հանձնարարել է կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողհատկացման գործընթացը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի նախագծա-հաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել է 18 մլն 500 հազար դրամ՝ մինչև 2009թ. ավարտը Ասիական զարգացման բանկից նշված գումարը ստանալուց հետո վերադարձնելու պայմանով։ Այս երկու որոշումները վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է իբրև մեծ գործընթացի սկիզբ։ Դա ճանապարհաշինությունն է, որի արժեքը, ըստ Ասիական զարգացման բանկի գնահատման, կարող է հասնել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի։ Առաջին փուլի համար, որի հայտը ներկայացնելու է Հայաստանը և որը սեպտեմբերին քննարկելու է բանկի տնօրենների խորհուրդը, անհրաժեշտ կլինի 700 մլն դոլար։ Հյուսիս-Հարավ ժամանակակից ճանապարհը համապատասխանելու է միջազգային լավագույն չափանիշներին», - ասել է վարչապետը։

Մյուս որոշմամբ կառավարությունը ստեղծել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն և սահմանել դրա կանոնադրական կապիտալը, իսկ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել տրանսպորտի և կապի նախարարությանը։ Նորաստեղծ ՓԲԸ-ն պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը։ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Դրա անհրաժեշտությունն առաջացել է հայկական և ռուսական կողմերի միջև վարված բանակցությունների արդյունքում։ «Մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման Հայաստանում այլևս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել», - ասել է Տիգրան Սարգսյանը։ «Միայն հանձնաժողովը կարող է տալ դրական եզրակացություն և տեղյակ պահել կառավարությանը։ Եվ եթե մենք նպատակահարմար չենք համարում փոխել սակագները, ապա պարտավոր ենք փոխհատուցել այն դրույթները, որ նրանք կրում են։ Սակագների փոփոխությունը այսուհետև միայն այս մեթոդաբանությամբ տեղի կունենա, ինչը կանխատեսելի կդարձնի դրանք և մենք չենք հայտնվի այն վիճակում, որում հայտնվեցինք այս տարի, երբ սակագների փոփոխությունը կոնցեսիոները հայտարարեց և բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց»։

Այս խորագրի վերջին նյութերը