Կարծիք

24.01.2011 14:06


Հանրային պայմանագիր

Հանրային պայմանագիր

Հայերենի ամենահետաքրքիր կողմերից մեկն էն ա, որ բառերի մեջ արմատները չեն կորում-անհետանում-անճանաչելի դառնում, այլ մնում են բաց ու հրապարակային: Ազատական: Ազատ-ական: Ազատության կողմնակից: Եթե հայաստանցիներին մեկ մեկ մոտենաս ու հարցնես' դու ազատության կողմնակի՞ց ես, երևի մեծագույն մասն ասի' հա: Ու կստացվի, որ էդ բոլորը ազատակա՞ն են: Չէ իհարկե, ուր էր թե ամեն ինչ էսքան  պարզ լիներ: Ազատականը ազատության պարզ կողմնակիցը չի ընդամենը, այլ ազատության կառուցմանը մասնակցողն ա: Որովհետև ազատությունը ծառերի վրա չի աճում ինքն իրան, այլ կառուցվում ա: Բայց կառուցելու համար նախ պետք ա խնդիրը դնել: Ազատության կառուցման խնդիրը:

Ազատությունը հնարավոր դարձնելու համար պետք ա գործեն օրենքներ, որոնք հնարավոր փոքրագույնի հասցնեն պարտադրանքն ու սահմանափակումը: Պարտադրանքն ու սահմանափակումը բոլորովին հանել հնարավոր չի, որովհետև կյանքը էդ դեպքում կդառնա քաոս, իսկ քաոսի մեջ ազատություն չկա, բայց դրանք պետք ա հասցվեն օպտիմալ նվազագույնի ու գործեն էն ձևով, որ մարդն ունենա սեփական ընդունակություններն իրացնելու հնարավոր առավելագույն հնարավորություն: Իսկ թե ո՞րն ա էդ օպտիմալ նվազագույնը' ամեն երկրում առանձին պայմանավորվելու հարց ա: Խոսքը հանրային պայմանավորվածության մասին ա: Ու հենց էդ հանրային պայմանավորվածությունն ա, որ Հայաստանում չկա: Ոչ միայն չկա, այլ նաև սկզբունքորեն անհնար ա դարձվել, որովհետև դրա խրտվիլակն են սարքել ու իսկականը դարձրել անհնար: Մի խումբ մարդիկ ամեն ինչ բաժանել են իրար մեջ, խաղում են իրանց ուզած կանոններով, իսկ մնացածի համար գրել են խրտվիլակային սահմանադրություն ու խրտվիլակային օրենքներ, ստեղծել են խրտվիլակային դատարան ու խորհրդարան: Հայաստանում ամեն ինչն ա սուտ ու խրտվիլակային, իսկականն ու աշխատողը մենակ փողն ու կապիտալն են: Բայց կանոնները,  որոնց համաձայն էդ փողն ու կապիտալը կենտրոնացել են մի խումբ մարդկանց ձեռքին, հրապարակային չեն, ընդհատակյա են: Եվ ընդհատակյա լինելով, բնականաբար չեն ենթարկվում հրապարակային քննարկման: Իսկ ազատականությունը պահանջում ա հենց դա' որ սեփականություն ձեռք բերելու կանոնները, կապիտալ կուտակելու կանոնները լինեն հրապարակային ու բոլորի համար հավասար: Ազատական իշխանությունը պետք ա անի հենց դա' պետք ա հետեւի, որ կապիտալ կուտակելու կանոնները, հանրությանը վերաբերող մնացած բոլոր կանոնների նման, լինեն հրապարակային ու բոլորի համար հավասար: Այնինչ Հայաստանի էսօրվա վարչախումբը անում ա ճիշտ հակառակը, ինքը հենց խաղում ա չգրված կանոններով ու խաղալով չգրված կանոններով' սեփական ձեռքում ա կենտրոնացրել փողն ու կապիտալը:

Էս պայմաններում շատ կարևոր ա դառնում ազատականության ու հեղափոխականության հարաբերության հարցը: Հայաստանում բավական տարածված էն պատկերացումը,  թե ազատականները հեղափոխական չեն, էվոլյուցիոն զարգացման կողմնակիցներ են, իրականում թյուրիմացություն ա: Ազատականները պարտադիր ոչ էս են, ոչ էն, իրանք հեղափոխական դառնում են կամ չեն դառնում' կախված տվյալ երկրի առանձնահատկություններից: Անգլիայում, օրինակ, ազատականները կարիք չունեցան դառնալու հեղափոխական, իսկ Ֆրանսիայում ունեցան: Հայաստանում էլ ունեն: Հայ ազատականը չի կարող չլինել հեղափոխական, որովհետև ավանդույթը Հայաստանում ազատականի հակառակորդն ա, մեր ավանդույթը պետք ա ջարդել: Հայաստանում գործում ա բռնության ավանդույթը, իշխում ա «ուժն ա ծնում իրավունք» սկբունքը, որը ազատականության սկզբունքի ճիշտ հակառակն ա: Ավանդույթ ջարդելու տարբեր ձևեր կան իհարկե, բայց դրանք բոլորը հեղափոխական ձևեր են, առանց հեղափոխման, էվոլյուցիոն ճանապարհով, բռնության ավանդույթը չի կարող վերափոխվել ու հանգել իրա հակառակին' հանրային պայմանավորվածության սկզբունքին:

Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում սկսի աշխատել հանրային պայմանավորվածության սկզբունքը,  ուրեմն պետք ա իրար հետ պայմանավորվենք ու հեղափոխություն անենք:  Իմ ասած մենքի մեջ մտնում են բոլոր նրանք, ովքեր հասկանում են հանրային պայմանավորվածության կարևորությունը ու չեն ուզում ենթարկվել բռնության սկզբունքին: Բռնությունը պարտադիր չի մարդու վրա կրակելով լինի, մարդու վրա կրակելը բռնության ծայրահեղ ու ոչ ամեն օր հանդիպող դրսևորումն ա, բայց դրա կողքին կա նաև բռնության առօրեական, ամենօրյա դրսևորումը, երբ որ մի խումբ մարդիկ իրանց համար կանոններ են պայմանավորվել' առանց քեզ հարցնելու, իրանք խաղում են էդ կանոններով, իսկ իրանց խաղի արդյունքում առաջացած կեղտն ու կեղտաջուրը թափվում են քո գլխին: Հայաստանում երևի կան մարդիկ, ովքեր համարում են, որ մարդու գլխին թափվող կեղտն ու կեղտաջուրը նորմալ են, բնական երևույթ են, անխուսափելի են, ուրիշ ձև չի լինում: Նման ձևով մտածող մարդիկ բնականաբար չեն մասնակցի հայկական հեղափոխությանը: Իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, որ ուրիշի կեղտն ու կեղտաջուրը թափվեն իրանց գլխին, պետք ա հավաքվեն, պայմանավորվեն ու կատարեն էդ հեղափոխությունը:

Հավաքվել որ ասում ես, շատերն առաջին հերթին պատկերացնում են հանրահավաք: Բայց ազատականի համար հանրահավաքը չի կարող լինել գործունեության գլխավոր ձև: Որովհետև հանրահավաքում միշտ ուժեղ ա հուզակական պահը, իսկ ազատականի համար ամենակարևորը գիտակից, ռացիոնալ մասնակցությունն ու ռացիոնալ պայմանավորվածությունն են: Թե ինչքան մեծ ա հանրահավաքում հուզական պահը, հստակ ցույց են տալիս Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքները: Շատերին էդ հանրահավաքները ոչ միայն ջղայնացնում, այլ նաև վախեցնում են, որպես Հայաստանի քաղաքական կյանքում հայտնված ռեալ վտանգ: Իսկ ինձ թվում ա, որ Կարապետիչի էս վերջին հանրահավաքային բումը խոշոր հաշվով դրական ա, քանի որ խորհրդանշում ա հին էպոխայի վերջնական ավարտը Հայաստանի քաղաքական կյանքում: Էդ մոդելը, երբ որ մարդիկ հավաքվում են վերևում կանգնած խարիզմատիկ լիդերի շուրջը ու ծափ տալիս, արդեն պատկանում ա անցյալին: Խարիզմաները իհարկե տարբեր են լինում' լուրջից մինչև զավեշտալի, բայց դրանց աշխատանքի սկբունքը նույնն ա. մարդուն գցում են հուզական կախվածության մեջ: Փոփոխությունների փորձերը Հայաստանում մինչև հիմա էդ մոդելով են արվել: Բայց էդ մոդելը արդեն սպառել ա իրան, և Կարապետիչը դրա վերջին' զավեշտալի դրսևորումն ա:

Իսկ ո՞րն ա մյուս մոդելը: Մյուս մոդելը էն ա, երբ որ մարդիկ հավաքվում, գրում են հանրային պայմանագրի նախագիծ, հետո դրա շուրջ հավաքում են մյուսներին, որոնք մասնակցում են պայմանագրի հետագա  քննարկման-մշակմանը ու ստորագրելով դրա տակ' դառնում են հանրային պայմանագրի անդամ:  Հետո էդ հանրային պայմանագրի շուրջ քայլ առ քայլ ձևավորվում ա հայկական նոր հանրապետությունը, որտեղ սահմանադրությունը չի լինի թղթի կտոր եւ կառավարողները հաշվետու կլինեն հանրությանը: Ու քանի որ նույն տարածքի վրա չեն կարող գոյություն ունենալ երկու պետություն, նոր հանրապետության ու հին վարչախմբի միջև սկսվում ա պայքար, որի արդյունքում հաղթում ա նորը: Պայքարի ձևերի ու մանրամասների մասին' մեկ ուրիշ անգամ:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը