Լրահոս

14.02.2014 21:27


Սերժ Սարգսյան. «Առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են»

Սերժ Սարգսյան. «Առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են»

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Քաղաքաշինության նախարարություն: Նա պատասխանել է խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներքին և արտաքին քաղաքականությանը:

Նախագահականից հայտնում են, որ մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը: Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը նա անթույլատրելի է համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը:

«Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» օրերս հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում՝ առաջ է իր բոլոր հարևաններից: Ըստ այդ զեկույցի, մենք մամուլի ազատությամբ գերազանցում ենք անգամ Եվրամիության որոշ երկրների՝ օրինակ, Հունաստանին, Բուլղարիային, էլ չեմ խոսում Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք համարվում էին ազատության, ժողովրդավարության կղզյակներ: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մե՛ր ձեռքբերումն է: Բայց այս ձեռքբերումը բոլորիցս պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ: Որովհետև մամուլի ազատությունը նաև նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում: Մամուլի ազատություն նաև նշանակում է, որ մարդկանց որոշակի խմբեր՝ ելնելով իրենց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, ցանկացած լավ գործ կարող են հանրությանը ներկայացնել որպես վատ: Ստացվում է, որ միայն լավ գործ անելը, լավ պայմանագիր կնքելը, լավ որոշում ընդունելը բավարար չէ, որպեսզի հանրության շրջանում ունենանք համապատասխան պատկերացում այդ որոշման, օրենքի նախագծի կամ գործընթացի մասին: Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը