Մեկնաբանություն

06.03.2014 00:55


«Եզն» ընկավ, բայց «դանակավորներին» նա արդեն չի հետաքրքրում

«Եզն» ընկավ, բայց «դանակավորներին» նա արդեն չի հետաքրքրում

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախ ասել է, որ ինքը հոգնել է «ընդդիմության խոսելուց», ովքեր հայտարարում են, որ հանձնաժողովները ստեղծվում են, որպեսզի թաղեն հարցերը: Իսկ հետո, դիմելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ասել է. «Վարչապետ ես եղել, անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի»։

Այն, որ «անկախ» հանձնաժողովի նախագահը կոչ է անում քննադատության թիրախ դարձնել Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին, ինչ-խոսք, զարմանալի է:

Չլինի՞, Ռոբերտ Նազարյանը հոգնել է ոչ միայն ընդդիմությունից, այլեւ Սերժ Սարգսյանից, ով Նազարյանին եւ նրա հանձնաժողովին ստիպեց գազի սակագնի վերանայման (գնի բարձրացման) մասին հայտը քննարկել ու դրական որոշում ընդունել:

Կամ գուցե Ռոբերտ Նազարյանն իսկապես համարում է, որ Սերժ Սարգսյանն արժանի է ավելի շա՞տ քննադատության, քան արվում է նրա հասցեին:

Այլապես, ի՞նչու պետք է նա իր «անցավ գլուխը դներ քարի տակ» եւ քննադատության համար Բագրատյանին նոր թիրախ հուշեր: Նազարյանը որ Սերժ Սարգսյանի անունը տալիս է, ուրեմն մի բան գիտի։ Ներսից գիտի։

Սակայն առավել զարմանալի է Ռոբերտ Նազարյանի արտահայտած հաջորդ միտքը:

Նա համոզված է, որ Տիգրան Սարգսյանն «ընկած եզան» վիճակում է, իսկ ընկածին չեն խփում:

Սա նորություն էր: Նորություն այն առումով, որ ի տարբերություն շատերի, վարչապետի այդ աննախանձելի վիճակը տեսնում եւ այդ մասին հրապարակավ հայտարարում է իշխանական բարձրաստիճան պաշտոնյան:

Դե, Տիգրան Սարգսյանն իրեն «ընկած եզան» նման չի պահում, արտաքուստ գուցե ճգնում է «ֆորման պահել», բայց սրատես Նազարյանը դա ոչ միայն ֆիքսում է, այլեւ համոզված է, որ նա արդեն «ընկած» է: Բնականաբար, «ընկած եզան» վիճակում են նաեւ Տիգրան Սարգսյանի քավոր-սանիկ-խնամի-բարեկամ-ծանոթները, որոնցով լցված է կառավարման համակարգը, եւ դրա մասին շարունակ խոսում է Հրանտ Բագրատյանը:

Թերեւս, Ռոբերտ Նազարյանը չի սխալվում: Ո՞ւմ մասին ավելի քան մեկ տարի խոսեն ու գրեն, որ նա հայտնվել է օֆշորային սկանդալի մեջ ու այդ մարդը իրեն չզգա «ընկած եզան» կարգավիճակում: Մանավանդ, երբ այդ եւ այլ «մեղադրանքներին» չի կարողանում հիմավոր կերպով հակադարձել: Ինչպես, վերջերս չկարողացավ հանրությանը հավատացնել, որ ինքն ու իր եղբայրները կապ չունեն «Նաիրիտի» մութ գործարքների հետ (գործարանը կանխամտածված սնանկացման տանելու, թանակրժեք հոսքագիծը Չինաստան տեղափոխելու եւ որպես մետաղի ջարդոն փոշիացնելու եւ այլն):

Այս մեղադրանքներին Տիգրան Սարգսյանը հակադարձում է ընդամենը ասելով, որ իրեն ցանկանում են վարկաբեկել: Ուրիշ ոչինչ: Ոչ մի հիմնավոր փաստարկ կամ ապացույց չի նշում, ինչով հնարավոր լիներ գոնե փոքր-ինչ հավատալ նրան, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ:

Վեցամյա վարչապետական գործունեության մասին լռում ենք, քանի որ դա ինքնավարկաբեկման տեւական շրջան է, ինչի հետեւանքով երկիրն ու ժողովուրդն, ահա, հայտնվել են այնպիսի ծանր վիճակում, որ նման բան չի արձանագրվել անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում:

Այնպես, որ այլ կերպ, քան «ընկած եզան» վիճակն է, հնարավոր չէ բնութագրել Տիգրան Սարգսյանի «դիրքն» այսօր:

Հավանաբար, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ շաբաթներ առաջ գիտեր իր շեֆի վիճակը եւ այդ պատճառով էր, որ կարեկցանքից դրդված ստիպված եղավ հուսահատ բացականչել՝ ասելով, որ «ղալաթ» են անում բոլոր նրանք, ովքեր պահանջում են «ընկած եզան» հրաժարականը: Ռուստամյանն էլ մի բան գիտեր, որ Թովմասյանին «չաթլախով» դիմելու տարբերակ էր առաջարկում։ Իսկ Ռոբերտ Նազարյանը պարզապես պետական «գաղտնիք» բացահայտեց։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը