Մեկնաբանություն

06.03.2014 10:55


Ինչո՞վ է Սարգսյանը պակաս Սահակաշվիլուց

Ինչո՞վ է Սարգսյանը պակաս Սահակաշվիլուց

Լևոն Տեր–Պետրոսյանը, ժողովրդական լեզվով ասած, «պաժառ» գցեց իշխանական տանը։

Սերժ Սարգսյանը հիմա լարել է ուղեղն ու փորձում է հազար ու մի տարբերություն գտնել Գագիկ Ծառուկյանի և Բիձինա Իվանիշվիլու միջև ու այլոց շուրթերով այդ տարբերությունները մատուցել հանրությանը։

Տարբերություններ, իրոք, կան, քանզի տարբերվում են նաև Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին։

Եվ ուրմեն, եկեք անենք հետևյալ հարցադրումը՝ ինչո՞վ է Սարգսյանը պակաս Սահակաշվիլուց։

Նախ հասակով։ Այս պատասխանն անմիջապես բխում է հոդվածին կից նկարին նայելիս. Սարգսյանը կարճահասակ է և ցողունային բջիջներն այստեղ անկարող են։ Սակայն հասակը քաղաքական կատեգորիա չէ։ Մեզ քաղաքական «պակասություններն» են հետաքրքրում, որոնք բացահայտելու համար սկսենք նմանություններից։

Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Միխայիլ Սահակաշվիլին վարել են պրոթուրքական քաղաքականություն, որի անունը քնքշորեն դրել էին «արևմտամետություն»։ Բայց եթե Սահակաշվիլին դա անում էր միսիոների հոգեվիճակով, ապա Սարգսյանին «ֆուտբոլային» դիվանագիտությունը պետք էր 2008–ի ընտրակեղծիքները մարսելու, ներքին լեգիտիմության բացակայությունն արտաքինով լրացնելու և աթոռն ամրապնդելու համար։

Ե՛վ Սահակաշվիլին, և՛ Սարգսյանը վարում էին հակառուսական քաղաքականություն, որը պրոթուրքական քաղաքականության բաղկացուցիչ մասն էր։ Մեր տարածաշրջանի առանձնահատկությունն այն է, որ եթե դու վարում ես ոչ թե կոմպլեմենտար ու հավասարակշռված, այլ, այսպես կոչված, արևմտամետ քաղաքականություն և այն համադրում հիստերիկ հակառուսականության հետ, ապա ավտոմատ կերպով հայտնվում ես Թուրքիայի գրկում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Սահակաշվիլու պրոթուրքական քաղաքականության գինը Վրաստանի տնտեսությունը թուրքական և ադրբեջանական կապիտալի կցորդ դարձնելն ու աջարական տարածքը թուրքերով բնակեցնելն էր (ի դեպ, վերջերս թուրքական իշխանությունները պաշտոնական Թբիլիսիից դժգոհել են, որ իրենց տված փողերով Սահակաշվիլին մինչև վերջ չի հասցրել իրականացնել Վրաստանը թուրքերով լցնելու քաղաքականությունը)։

Սարգսյանի պրոթուրքականությունն արկածախնդրության և փողասիրության հետևանք էր։ Դրա գինը Հայաստանի համար եղավ այն, որ մենք ստիպված եղանք ռուսական ռազմաբազան մեզ մոտ տեղակայելու ժամկետը երկարաձգել 49 տարով, ինչպես նաև 30 տարով դարձանք «Գազպրոմի» կովկասյան ֆիլիալը։

Նկատենք, որ եթե Սահակաշվիլու պարագայում պրոթուրքականությունն Արևմուտքի հստակ առաջադրանքն էր, ապա Սարգսյանն այդ խաղի մեջ մտավ սեփական նախաձեռնությամբ՝ քաղաքական անմեղսունակությունից ելնելով ու փողի ակնկալիքով։ Այդ քաղաքականության արդյունքն այն է, որ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Հայաստանը միայն Ալիևի ու Էրդողանի էշության և ագահության պատճառով խուսափեց Ղարաբաղի կորստից ու հետագա ողբերգություններից։

Սերժ Սարգսյանի քաղաքական անմեղսունակության ու ագահության հետևանքը եղավ նաև այն, որ հիմա Հայաստանը հայտնվել է Մաքսային միության «չուլանում»՝ կորցնելով իր վարկանիշը թե՛ Արևմուտքում, թե՛ Թուրքիայում։

Այժմ տարբերությունների մասին։

Սերժ Սարգսյանին, ի տարբերություն Սահակաշվիլու, չհաջողվեց «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել և բերիական կեղտոտ համակարգի ներդրումը հասցնել ավարտին։

Սահակավիլին կարողացավ հեշտությամբ բիզնեսն իր ձեռքը հավաքել, քանզի Էդուարդ Շևարդնաձեից ժառանգել էր փտած տնտեսական համակարգ և բիզնես–վերնախավի փոքրաթիվ զանգված։ Սեփականության վերաբաշխումն, ըստ այդմ, բավական հեշտ ընթացավ Վրաստանում։

Այլ էր պատկերը Հայաստանում։ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ստացավ փոքր, միջին ու խոշոր բիզնեսի կայացած շերտեր և էքստենսիվ զարգացող տնտեսություն՝ շինարարական լոկոմոտիվով։ Խոշոր բիզնեսում կային մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչը Սերժի համար դժվարացրեց սեփականության վերաբաշխման գործընացը, քանզի կազմակերպվեց հզոր դիմադրություն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Անհաղթահարելի տարաձայնություններն էին պատճառը, որ ԲՀԿ–ն, ի վերջո, դուրս եկավ իշխող կոալիցիայից։

Ցավալին այն է, որ փոքր ու միջին բիզնեսն ընկան Սերժ և Տիգրան Սարգսյանների հետ անհավասար մարտում (ունեցանք նաև 300–հազարանոց արտագաղթողների բանակ), սակայն խոշոր բիզնեսի ինստիտուցիոնալ շահերի ներկայացուցիչ ԲՀԿ–ն թույլ չտվեց «Վերջի բոլշևիկին» իրականացնել ամբողջական կուլակաթափություն։ Իսկ դա շանս էր բիզնեսի մյուս շերտերի ու հանրության լայն շրջանակների համար խուսափել տոտալ թալանից։ Այն, որ հիմա «կուտակայինի» դեմ պայքարողներին աջակցում են ԱԺ 4 ոչիշխանական ուժերը, այդ շանսի շրջանակներում է։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման համար Սերժ Սարգսյանը ստեղծեց «Գեբելսյան» քարոզչամեքենա, որպեսզի կարողանա գաղջ մթնոլորտ ձևավորել և այդ մթնոլորտում կյանքի կոչի նեոբոլշևիկյան ծրագրերը, բայց քանի որ դիմադրությունը չէր դադարում ինչպես հրապարակում (ՀԱԿ–ի ջանքերով), այնպես էլ պետական կառավարման համակարգի ներսում ու բիզնես դաշտում (ԲՀԿ–ի ջանքերով), Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ Սահակաշվիլի դառնալ ու Հայաստանը վերածել հարյուր հազարավոր մարդկանց կալանավայրի։

Սահակաշվիլու հետ համեմատած՝ Սերժ Սարգսյանը լիբերալիզմի ռահվիրա է, բայց ինքը հաստատ ուրախ չէ դրա համար, քանզի կուզենար դառնալ Սահակաշվիլի, բայց քաղաքական պայքարի բուրժուադեմոկրատական կոդը, պատկերավոր ասած, կոկորդին կանգնեց։

Միայն մակերեսային դատողությունների սիրահար հայ քաղքենու համար է Սահակաշվիլին ժողովրդավար ու առաջադեմ։ Իրականում նա մոտ 300 հազար մարդ էր անցկացրել Վրաստանի բանտերով։

Սերժը ազատամիտ է։ Նա այդ 300 հազարին ոչ թե բանտարկեց, այլ թույլ տվեց արտագաղթել դեպի Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհ», քանզի ձեռքը ճար չկար։ Թե չէ, «Վերջի բոլշևիկը» պակաս արյունարբու և ագահ չէ, քան Սահակաշվիլին, ով, ի դեպ, տոտալ հակահայկական քաղաքականություն էր վարում։

Սահակաշվիլու և Սարգսյանի այս տարբերություններն են, որ տարբերություն են առաջացնում Իվանիշվիլու և Ծառուկյանի միջև։

Բնության օրենքների համաձայն՝ ուժը ծնում է հավասարարժեք հակաուժ։ Սահակաշվիլին արդեն կառուցել էր «Մեկ օլիգարխի տնտեսություն», և միայն դրսում փող ունեցող Իվանիշվիլին կարող էր նրան հակազդել՝ որդեգրելով կոշտ հռետորաբանություն, որը ոչ թե պայքարի սկզբում էր, այլ ամենավերջում։ Տեղին է հիշեցնելը, որ Իվանիշվիլին եղել է Սահակաշվիլու մերձավորն ու ամեն կերպ աջակցել նրան և՛ իշխանությունը վերցնելու, և՛ իշխանությունը պահելու հարցերում։

Սերժին չի հաջողվել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն ավարտին հասցնել, հետևաբար, Ծառուկյանի հռետորաբանությունը համարժեք է այսօրվա վիճակին, այսինքն՝ համեմատաբար փափուկ է։ Որքան Սարգսյանն է իր նեոբոլշևիզմով զիջում Սահակաշվիլուն, նույնքան էլ Ծառուկյանն է իր կոշտությամբ զիջում Իվանիշվիլուն։ Բայց բալանսը նույնն է։ Կփորձի Սարգսյանը սահակաշվիլիություն անել Ծառուկյանի դեմ, կստանա «ա լյա» Իվանիշվիլի համարժեք պատասխան։

Այնպես որ, Ծառուկյանի և Իվանիշվիլու տարբերությունները սերժահաճո կոդերով ներկայացնողները դեմագոգիայով թող չզբաղվեն և էժանագին պատվերներ չկատարեն։

Գալու է «ատչոտ» տալու ժամանակը։ Յուրօրինակ «Նյուրնբերգյան» դատավարություն է սպասվում «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող բոլոր գործիքներին՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական ծագումից, «դհոլության» աստիճանից, «շուստրիության» մակարդակից ու սեռական կողմնորոշումից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը