Մեկնաբանություն

06.03.2014 22:50


«Մայդանն» ու Ղարաբաղի խնդիրը

«Մայդանն» ու Ղարաբաղի խնդիրը

Ուկրաինացիները ոչ թե Պուտինին, այլ իրենք իրենց պետք է մեղադրեն Ուկրաինայում տիրող քաոսի համար։

Եթե նրանք հանդուրժել էին, որ նախագահ դառնա ու թալանով զբաղվի Յանուկովիչի պես փալասը, եթե Ուկրաինայի քաղաքական ընդդիմությունը աչք էր փակել Յանուկովիչի թալանի վրա ինչ է թե նա եվրաասոցացման գործընթացի մեջ էր մտած, եթե ուկրաինացիները ծպտուն չէին հանում Յանուկովիչի մի քանի տարվա «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության կապակցությամբ ու չէին հասկանում, որ այդպիսով դառնալու են կռվախնձոր, ապա թող հիմա հնձեն այն, ինչ ցանել էին։

Եթե ուկրաինացիները թույլ էին տվել առևտրի առարկա դարձնել ու գերտերությունների շահերի բախման թատերաբեմի վերածել իրենց երկիրը, ապա թող չնեղվեն, որ հիմա Ուկրաինան կանգնած է մասնատման եզրին։

Ամեն մի սխալ գին ունի։ Ղրիմն ուկրաինացիները գրեթե կորցրել են և եթե կարողանան գոնե պահել Ուկրաինայի արևելյան հատվածները, ապա դա կարող են մեծ հաջողություն համարել։

Պետության ղեկավարների քաղաքական սխալների համար գինը պետությունն ու ժողովուրդներն են լինում։ Ուկրաինան այդ դեպքն է, և ոչ մի «Մայդան» չի փրկի իրավիճակը։

Այս ամենը նաև Հայաստանին է վերաբերում։ Մենք էլ մեր «Յանուկովիչն» ունենք և նրան պետության ղեկին պահելն արդեն չափազանց մեծ ճոխություն է դառնում։

Մեծ ճոխություն է նաև հզորների բախման ժամանակ «ոտատակ» ընկնելը։

Ուշագրավն այն է, որ Կիևի «Եվրամայդանի» հայաստանյան «լեգիոնի» ներկայացուցիչներն այնքան են տարվել իրենց հակառուսականությամբ և «թունդ արևմտամետությամբ», որ պատրաստ են անգամ թուրքական ու ադրբեջանական դրոշներ ծածանել Ստեփանակերտում։

Բանն այն է, որ տնաբույծ «արևմտամետներին» զայրացրել է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տեր է կանգնում իր ազգակիցներին ու փորձում է պաշտպանել Ղրիմի թերակղզու ինքնորոշման իրավունքը։

Թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ հանդես եկողները հիմա հայտարարում են, թե ՌԴ–ի քայլից հետո Թուրքիան կարող է զորք մտցնել Ղարաբաղ և օգնել ադրբեջանցի իր եղբայրներին այնպես, ինչպես ռուսներն են օգնում իրենց եղբայրներին։ Ավելին՝ հայաստանյան «արևմտամետները» կոչ են անում Թուրքիային ռուսական նախադեպն Ուկրաինայում օգտագործել և անհապաղ հարձակվել Հայաստանի վրա, միայն թե ռուսներն այստեղից հեռանան։ Ահա այսպիսին են «արևմտամետները», իմա՝ թուրքամետները։

Սխալ համարել ՌԴ–ի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մոտեցումը նույնն է, թե սխալ համարել ՍՍՀՄ տարիներին Ադրբեջանին հանձնված Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախացումը։

Ինչպես որ Ղրիմն էր կամայական որոշմամբ տրվել Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղն էր պոկվել Հայաստանից ու տրվել Ադրբեջանին։ Հիմա եթե Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից հանդիսացող Ռուսաստանն այսօր բոլոր միջոցներով տեր է կանգնում հայերիս համար ձեռնտու ազգերի ինքնորոշման սկզբունքին՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Պարզվում է «արևմտամետների» համար դա վատ է, քանզի այդ սկզբունքը պաշտպանում է իրենց համար ատելի Ռուսաստանը (Հայաստանն այդ մարդկանց համար շատ պայմանական միավոր է)։ Ինչ է դա, եթե ոչ շիզոֆրենիա (լավագույն դեպքում) կամ 5–րդ շարասյան պահվածք։

Լավ, ի՞նչ աստիճանի մարդ պետք է քաղաքականապես անմեղսունակ կամ թուրքական շահերի պաշտպան լինի, որ ցանկանա Ռուսաստանի պարտությունը Ղրիմում ու մեր տարածաշրջանում։

Մի՞թե պարզ չէ, որ այս տարածաշրջանում Արևմուտքն ու ՆԱՏՕ–ն աշխատում են Թուրքիայի միջոցով։ Իսկ Թուրքիայի շահերը համընկնու՞մ են Հայաստանի շահերի հետ։ Թե՞ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, տվյալ դեպքում՝ Արևմուտքից ավելի արևմտամետ լինելը հայերիս խրոնիկ հիվանդությունն է։ Սա ի՞նչ «խասիաթ» է՝ բոլշևիկների օրոք լինել ավելի բոլշևիկ, քան ռուսները, իսկ հետո փորձել ավելի լիբերալ երևալ, քան Ադամ Սմիթը։

Մի՞թե պարզ չէ նաև, որ եվրաասոցացման այն արկածախնդրությունը, որի մեջ մտել էր Սերժ Սարգսյանը և որը ողջունում էին մեր «արևմտամետները» գին էր ունենալու և այդ գինը լինելու էր Հայաստանի վերացումը։ Լավ, քանի՞ անգամ պետք է պետություն կորցնենք, որ այս ամենը հասկանալի դառնա։ 1920–ը դաս չեղա՞վ։ Բայց եթե հիմա պետությունը տանուլ տանք, ապա 1991–ի շանս այլևս չի լինի։ Ինչքա՞ն կարելի է ախմախությունը քաղաքական կատեգորիա դարձնել։

Եթե որոշները չեն բարձրաձայնում (թեև Արամ Զավենի Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ծննդյան նախաշեմին, ուղիղ տեքստով ասեց, որ պետք է զիջել Ղարաբաղը հանուն արևմտամետ քաղաքականության), բայց աչքով–ունքով հասկացնում են, որ հանուն ԵՄ–ի հետ ասոցացման կարելի է զոհաբերել Ղարաբաղն այնպես, ինչպես Ուկրաինան է զրկվում Ղրիմից, ինչպես Մոլդովան կզրկվի Մերձդնեստրից, ինչպես Վրաստանը զրկվեց Աբխազիայից ու Հարավային Օսիայից, ապա պետք է նկատել, որ ի տարբերություն ՎՈՒԱՄ–ի անդամ այդ երեք երկրների, Հայաստանը, Ղարաբաղը կորցնելուց հետո, չի կարող մնալ քաղաքական քարտեզի վրա, էլ ուր մնաց թե կարողանա ասոցացվել այս կամ այն ուղղությամբ։

Չհասկանալ այս ամենը, նշանակում է չհասկանալ քաղաքականության այբուբենը։ Իսկ շատ ավելի վատ է, երբ մեզանում կան մարդիկ, ովքեր այս ամենը հասկանում են, բայց «արևմտամետություն» (չշփոթել արևմտյան (համամարդկային) արժեքների հետ) են քարոզում և «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարի անվան տակ կոմերցիայով են զբաղվում, ընդ որում՝ սեփական բարեկեցության հարցի լուծումը կապելով ռուսական հատուկ ծառայություններից մեդալի արժանացած և դեպի Գյուլիստան սուրացող Սերժ Սարգսյանի հետ։

Բայց դե պետք չէ զարմանալ։ Եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է «ֆուտբոլասեր» Սերժ Սարգսյանը, ապա 5–րդ շարասյունը կարող է բացահայտորեն վխտալ ամենուրեք։ Ոչինչ, շատ չմնաց։ Ամեն մեկն իր պատասխանը կստանա։

Հայաստանն ու Ղարաբաղը աճուրդի հանողների արածը հայցային վաղեմություն չունի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը