Քաղաքական

10.03.2014 12:34


Քաղաքական մեծամասնությունը՝ դեմ, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»՝ կողմ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն (տեսանյութ)

Քաղաքական մեծամասնությունը՝ դեմ, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»՝ կողմ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել 2008թ. մարտի 1-2–ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ–ի առաջարկած նախագիծը։

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ–ն կողմ է քվեարկելու այս նախագծին։

–Կոչ եմ անում քաղաքական բոլոր այն ուժերին, որոնց համար իրապես կարևոր է ստանալ այս լրջագույն հարցերի պատասխանը, քվեարկել կո՛ղմ։ ԲՀԿ–ն պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, անգամ մեկ կենտրոնից կառավարվող ուժերի կողմից հրահրվող հարցերը մեզ համար տաբու չեն։ Ովքեր թաքցնելու և վախենալու բան չունեն, կոչ եմ անում քվեարկել կողմ,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, որ իրենք ուսումնասիրել են նախորդ հանձնաժողովների աշխատանքը, և այսօր նոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չեն համարում։

Ովքեր մտածում են, որ կարող են շոուներ ստեղծել, այդ ճանապարհը մեզ համար ընդունելի չէ։ Մենք դե՛մ ենք քվեարկելու,–ասել է Գ. Սահակյանը։

Նրան հակադարձել է նախագծի հեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ասելով, որ ինքը շոու ստեղծելու որևէ նպատակ չի հետապնդել։

–Նաև ցավում եմ, որ գրեթե որևէ բովանդակային առաջարկություն չհնչեց։ Ի՞նչ է ստացվում՝ բոլոր պատգամավորները կողմ են, որ այդ դեպքերը բացահայտվեն, բայց կողմ չեն քվեարկում,–ընդգծել է նա։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս անդրադարձել է Գալուստ Սահակյանի մատնանշած շոուին։

–Մտածում եմ՝ ինչու եք դեմ քվեարկում։ Շատ բաներ, որ չեմ ասում, ուղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս, որ ասեմ...

Խոսքն ավարտել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել՝ անջատելով Ռ. Հակոբյանի խոսափողը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ոչ թե պետք է ուսումնասիրեր սպանությունները, այլ թե իրավապահ մարմիններն արդարադատությունը խոչընդոտող ինչ քայլեր են կատարել։

–Եթե կողմ չեք քվեարկում, նշանակում է՝ արդարադատության խոչընդոտման և արյան համար ողջ պատասխանտվությունը վերցնում եք ձեր ուսերին,–ընդգծել է Լ. Զուրաբյանը։

Օրինագիծը, այդուհանդերձ, 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը