Մեկնաբանություն

19.03.2014 09:44


«Ճաք տվածի» միամսյակը

«Ճաք տվածի» միամսյակը

Օհո՜, պարզվում է կառավարությունը որոշել է «նշանավորել» «չաթլախ» բառի հրապարակային արտաբերման միամսյակը: Հետո, երեւի՝ «կնշանավորի» երկամսյակը, եռամսյակը եւ այդպես շարունակ:

Ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ամիս անց միայն գույնզգույն աղյուսակների միջոցով փորձեց պատասխան գտնել իր հասցեին հնչած քննադատությանը, այնպես էլ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մեկ ամիս ժամանակ պետք եղավ, որ կարողանա վերջապես «հակադարձել» և «հուժկու» պատասխան տալ Արմեն Ռուստամյանին: Դե, ՀՀԿ-ում ամենաարագ «հակադարձողը» Կարեն Ավագյանի «գրասենյակն» է:

Իսկ կառավարությունը ինչպես աշխատում ու «մտածում» է՝ նույն տեմպերով էլ պատասխանում է իր հասցեին հնչած արտահայտություններին:

Մեկ ամիս առաջ, երբ Արմեն Ռուստամյանը խորհրդարանում համարժեք պատասխան տվեց Հրայր Թովմասյանի հայտարարություն-սպառնալիքին, թե՝ «ղալաթ են անում» ոչ իշխանական ուժերը, որ բարձրացում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը՝ հաջորդող օրերին եւ շաբաթներին նույն Թովմասյանը լրատվամիջոցների հարցերին չէր արձագանում:

Նա համառորեն հրաժարվում էր մեկնաբանել Արմեն Ռուստամյանի այս հայտարարությունը. «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի՝ սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում չաթլախ, չնեղանաք»:

Հիշեցնենք՝ Արմեն Ռուստամյանը նաեւ բացատրեց բառի իմաստը՝ «ճաք տված»:

Ահա, այս «իրադարձությունից» մեկ ամիս հետո միայն, այսինքն՝ այսօր Արդարադատության ակադեմիայի բացման ժամանակ կայքերից մեկի հարցին՝ «Պարո՛ն նախարար, պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ Ձեր հայտնի միջադեպից անցել է մեկ ամիս, կարո՞ղ ենք արձանագրել, որ այն այլեւս հարթցած է», Հրայր Թովմասյանը պատասխանել է, թե իր լեքսիկոնում հայհոյախոսությունը բացակայում է, բայց եթե մեկը որոշի, որ կարող է իր հետ այդկերպ, ապա նրան կարող է այնպիսի որակումներ տալ, որ…Մի խոսքով, էլ դու սուս:

Իսկ հետո շարունակել է. «Ես կարծում էի, որ Ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել և ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, և նախարար Հրայր Թովմասյանից: Հրայր Թովմասյան անձից՝ մարդուց, նա ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի: Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում և ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:

Վերջում էլ Թովմասյանն ասել է, թե իր կողմից օգտագործված բառը «կոլորիտային բառ» է եւ եթե այն որպես վիրավորանք է ընկալվել, ապա ինքը միշտ պատրաստ է ներողություն խնդրել:

Նախ հարց է առաջանում՝ եթե պատրաստ ես ներողություն խնդրել, ապա մեկ ամիս առաջ խնդրեիր: Կամ եթե «ղալաթ» բառը կոլորիտային է, ապա ինչու չի կարող այդպիսին համարվել մյուս բառը: Եվ եթե ըստ Թովմասյանի նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում, ապա Արմեն Ռուստամյանն էլ պատասխանել է իր հայտարարությունը: Գուցե Թովմասյանը մոռացե՞լ է, որ ինքն է առաջինը սկսել:

Դե, ինչ, սպասենք, թե երբ են Թովմասյանին ազատում նախարարի պաշտոնից, որ մարդը կարողանա մի լավ «տեղը դնել» Ռուստամյանին:

Իսկ մինչ այդ նա Սերժ Սարգսյանի հետ Արդարադատության ակադեմիա է բացում, որը պետության վրա նստել է 2 միլիոն դոլար:

Ի՞նչի համար են բացում այս ակադեմիան: Նշվում է, որ պետք է այստեղ ուսուցանեն դատավորների ու դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց:

Զարմանալի բան. Արդարադատության նախարարությանը հսկայական գումարներ են հատկացվում, ամեն տարի լսում ես, թե այս գերատեսչությանը որքան վարկային գումարներ են տալիս, եւ պարզվում է, որ դեռ մի հատ էլ ակադեմիա է պետք, որը կկարողանա «անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական գիտելիքներ» փոխանցել դատավորներին եւ դատախազներին:

Ի՞նչ է, այդ 8-ամսյա դասընթացները նախարությունն ինքը չէ՞ր կարող կազմակերպել: Կամ արդյոք Կառավարման ակադեմիան չի՞ կարող այդպիսի կադրեր տալ։

Իսկ այդ կառույցի վրա վատնված 2 միլիոն դոլարն էլ հնարավոր կլիներ ուղղել սոցիալապես անապահով խավերին:

Բա հիմա ո՞նց կարող ենք չասել, որ սա «ճաք տված»-ների կառավարություն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը