Մեկնաբանություն

19.03.2014 19:48


Սերժ Սարգսյանի երկխոսացավության պատճառները

Սերժ Սարգսյանի երկխոսացավության պատճառները

Տիգրան Սարգսյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ կոչ է արել «Դեմ եմ»–ի ներկայացուցիչներին գալ երկխոսության։ Նա նշել է, որ օրենքում կան թերություններ և իրենք ուզում են դրանք քննարկել շահագրգիռ այդ խմբի հետ։

«Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ սկզբունքից հրաժարումը օգտակար կլինի բոլորիս համար»,– հայտարարել է բոլշևիկյան այդ սկզբունքով առաջնորդվող թիմի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային «բարեփոխման» մեջ առկա թերություններից ԵԿՄ համագումարի շրջանակներում տեղի ունեցած «ասուլիսի» ժամանակ խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հատուկ շեշտելով, որ թերությունների շտկումը չի կարող վերաբերել սկզբունքային հարցերին։ Ըստ նրա՝ իշխանությունները «ժամանակի մեքենա» են առաջարկում երիտասարդներին (բա հո՞ չէր ասելու, թե «փող «քցելու» մեքենա» է առաջարկում)։

Թեև հանրության 80 տոկոսը դեմ է «կուտակայինին», բայց միևնույն է մենք գնալու են մինչև վերջ։ Սա նույն Սերժ Սարգսյանի տեսակետն է։

«Մենք հո ախմախ չենք, որ քաղաքական ռեսուրս մաշենք, բայց մաշում ենք, քանի որ լավ բան ենք անում»,– խրոխտ կերպով իր դիրքորոշման շարժառիրթներն էր ներկայացնում Ս. Սարգսյանը։

Հիմա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի միջոցով ուզում է երկխոսել «Դեմ եմ»–ի հետ և որոշ հարցեր քննարկել։ Հարց է առաջանում՝ ինչու՞։

Պատասխանը շատ պարզ է։

Ինչպես փորձն է ցույց տվել՝ Սերժ Սարգսյանը երկխոսացավ կպնելու 3 պատճառ ունի՝

1.Երբ պետք է իմիտացիայով զբաղվել, դատարկախոսությամբ լցնել քաղաքական օրակարգն ու գյալաջին ներկայացնել որպես հանրային լայն շերտերի հետ կապի հաստատում (2008թ. Մարզահամերգային համալիրում Սերժի հանդիպումները ՀՀ–ում գրանցված տասնյակ կուսակցությունների հետ),

2.Երբ երկխոսության արդյունքում արվելիք զիջումներն իրեն պետք չեն և ծառայում են զուտ PR նպատակների («Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» տիպի շոուների շրջանակներում),

3.Երբ իր իշխանությանն իրական վտանգ է սպառնում և պետք է երկխոսության միջոցով ժամանակ շահել (2011–ին տեղի ունեցած իշխող կոալիցիա–ՀԱԿ երկխոսությունը և հանրային ճնշման տակ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը հետաձգելն այդ դեպքերն էին)։

«Դեմ եմ»–ի հետ երկխոսության գնալու առաջարկը Սերժ Սարգսյանն, ակնհայտորեն, արել է իր աթոռը կորցնելու ահից ելնելով։ ԱԺ չորս ոչիշխանական ուժերի լիակատար քաղաքական աջակցությունը «Դեմ եմ»–ին ու նրանց համատեղ գործունեությունը վախեցրել է Բաղրամյան 26–ին։

Սերժ Սարգսյանի վախն է պատճառը, որ իշխանություններն ուզում են լարում առաջացնել քաղաքական ու քաղաքացիական այդ սուբյեկտների հարաբերություններում («Դեմ եմ»–ի մարտի 22–ի հանրահավաքում որոշ ժողգործիքների ամեն կերպ հանրահավաքային հարթակի վրա ճխտելը և նրանց համար ելույթի հնարավորություն ապահովելը հենց դրան է միտված)։

Բացի այդ՝ Սերժն ուզում է փոշիացնել «Դեմ եմ»–ի ռեսուրսն ու այդ իսկ նպատակով հիմա փորձում է խուճուճ տարբերակներով ժամանակ ձգել ու փոխել հանրային ռեկետի կիրառման տեխնոլոգիան։

Սերժն այժմ «Տիգրա՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ գեղեցիկ չէ «կուտակայինը»» ծրագրի շրջանակներում ուզում է շոու սարքել և անցկացնել իր համար լարված այս շրջանը։ Ահա թե ինչու է «տիրացու» վարչապետը երկխոսություն առաջարկել։

Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանությունները երկխոսության առաջարկեցին «Դեմ եմ»–ին այն պահին, երբ ԱԺ չորս ոչիշխանական ուժերը հայտարարեցին կառավարությանն անվստահություն հարցի շուրջ վերջնական որոշման մասին։ Գործընթացը սկիզբ է առնելու ապրիլի 28–ի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

Իշխանություններն, ահա, ուզում են ժամանակ ձգել, «կուտակայինի» մասով այս պահին թուլացնել լարվածությունը, քանզի կարծում են, թե ոչիշխանական ուժերը «կուտակայինի» հետ կապված ՍԴ որոշման վրա են կառուցել պայքարի մարտավարությունը։ Պետք է, սակայն, նշել, որ «կուտակայինով», թե առանց «կուտակայինի»՝ «ռասկաչկայի» սցենարներն արդեն մշակվել են և իրականացվելու են անկախ Սերժ Սարգսյանի երկխոսացավության դրսևորումներից։

Այնպես որ Սերժը թող կապվի Յանուկովիչի հետ ու հետաքրքրվի նրա որպիսությամբ։ Բրյուսելում, Վաշինգտոնում ու Մոսկվայում նրա զանգերին այլևս չեն սպասում ու չեն պատասխանելու։ Իսկ հայաստանցիներին նրա զանգը չի հետաքրքրել, չի հետաքրքրում և չի հետաքրքրելու։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը