Մեկնաբանություն

28.03.2014 16:58


Քեսաբն ու հայոց «գլամուրը»

Քեսաբն ու հայոց «գլամուրը»

«Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչն ասում է, որ հիմա Քեսաբին անհրաժեշտ է հումանիտար-մարդասիրական օգնություն ցուցաբերել, իսկ սրանք բռնել այնտեղ են ուղարկել հիմնականում ժելեած գլուխներով, սիգար ծխող, «ֆրակավոր»-ների, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ էին լսում Քեսաբի ու քեսաբահայության մասին եւ դեպքերից հետո միայն քարտեզի վրա առաջին անգամ տեսան Քեսաբի տեղը...

Ախր ՀՀ տարածքում ժելեածներն աչքի են ընկել բացառապես հակահումանիտար գործունեությամբ, հիմա սրանց գործուղել եք տեղահանված քեսաբահայության մոտ, որ ի՞նչ անեն:

Դրա համար էլ, արդեն երրորդ օրն է, ինչ համացանցը պայթում է հեգնական-ծաղրական գրառումների առատությունից:

«Հայ երեսփոխանները խփել են երկու թուրքական ինքնաթիռ, վերացրել են տասնյակ կործանիչներ եւ գերի են վերցրել հազարավոր թուրք գրոհայինների»,- հեգնում են սոցցանցի օգտատերերը:

«Էս տուրիստները մեր՝ հարկատուներիս հաշվին գնացել են Լաթաքիա՝ ֆոտոսեսիայի՞»,- հարցնում է օգտատերերի մեկ այլ խումբ:

«Գնացել էին, որ մոտիկից տեսնեին Ասադին»,- արձագանքում են այլոք:

Եվ, իսկապես տեսարանը հիշեցնում է անցյալ տարվա լուսանկարչական պահը, երբ ակնապիշ հիացմունքով ՀՀԿ-ական երիտբրիգադը նայում էր Անգելա Մերկելին:

Ամենազարմանալին, երբ սրանք գնացել հասել են այնտեղ, որ Թուրքիային մի երկու «լավ խոսք» ասեն, ինչն էլ հրատապ կարգով տարածեն-ցուցադրեն հայկական հեռուստաընկերությունները: Համ էլ նկարները գցեին «Ֆեյսբուք» և «լայքեր» հավաքեին։

Ի՞նչ է, այդ ամենը այստեղ չէ՞ին կարող ասել: Կամ ուրիշ նկար չունեի՞ն, որ «Ֆեյսբուք» գցեին։

Վերջում էլ պարզվեց, որ իշխանական երեսփոխանները «փաստահավաք առաքելությամբ» են մեկնել: Կգան ու մեզ կպատմեն, թե ինչեր են տեսել:

Մինչդեռ տեսնողները, մասնավորապես, արեւմտյան եւ մերձավորարեւելյան երկրների լրատվամիջոցներն այդ ամենն արդեն պատմել-ներկայացրել է:

Հետաքրքիր է, «ֆեյսբուքի» նախարար Աշոտյանը այս ամբողջ ծաղրուծանակը չի՞ տեսնում, եւ եթե տեսնում է, ապա իրական մարդկանց իրավացի նկատառումները «ֆեյքերի» ո՞ր խմբին է վերագրում:

Ի դեպ, քեսաբյան պատվիրակության այցի վերաբերյալ համացանցում տեղ գտած գնահատականների հեղինակները հիմնականում անկուսակցականներ են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը