Մեկնաբանություն

07.05.2014 16:20


Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը

Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ «կորում» է քաղաքական դաշտից ու եթերից։ Դա նրա բնական վիճակն է, քանզի գործ ունենք ստվերային գործչի հետ։

Սարգսյանը հայտնվում է լրահոսում այս կամ այն երկիր ուղարկվող շնորհավորական կամ ցավակցական հեռագրերի միջոցով։

Շատ հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Ս. Սարգսյանը և իր PR–թիմը սպասում են տեսնեն, թե երբ է որևէ երկրում ուրախություն կամ դժբախտություն լինելու, որպեսզի շնորհավորական կամ ցավակցական հեռագիր ուղարկեն ու այդպիսով լցնեն տեղեկատվական վակումը, որը պարբերաբար առաջանում է ՀՀԿ ղեկավարի շուրջ։

Սարգսյանի լռությունն, ի դեպ, լավ նշան է։ Երբ նա խոսում է, արդյունքում ստանում ենք տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտություն, Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ կամ սովորական «լյափսուսներ»։

Եթե Սարգսյանը լռում է, նշանակում է հանգիստ վիճակ է «նախաձեռնողականության» ոլորտում և Հայաստանին նոր նվաստացումներ ու ձախողումներ չեն սպասում։ Այնպես որ, ինչքան քիչ խոսի, այնքան լավ և՛ իր, և՛ Հայաստանի համար։

Սարգսյանը լռում է շատ հաճախ։ Մի ժամանակ դա հնարավորություն էր տալիս տարածելու, թե իբր նա խորը և իմաստուն մարդ է, բայց հիմա բոլորն էլ գիտեն, թե ինչու է նա լռում։

Սարգսյանը լռում է նաև այլ դեպքերում և այլ պատճառով։

Տեսե՛ք. ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները քննադատեցին «Վերջի բոլշևիկին», Գագիկ Ծառուկյանն էլ օրերս հայտարարեց, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք–Ադամյան փողոցը (ուշադրությու՛ն դարձրեք, ԲՀԿ առաջնորդը չի նշել հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններում, մինչդեռ «անկախ» մամուլը շեփորահարում է, թե իբր ԲՀԿ–ն բացառել է արտահերթ ընտրությունը)։

Ե՛վ Տեր–Պետրոսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Ծառուկյանի խոսքերն ուղղված էին Սերժ Սարգսյանին, սակայն երեքին էլ արձագանքեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Սարգսյանի լռությունն այս առումով շատ ուշագրավ է։ Հարց է առաջանում, թե ինչու՞ նա չի պատասխանում նշյալ անձանց հայտարարություններին։

Կան մի քանի վարկածներ այս առումով, բայց հիմնականները հետևյալն են՝

1.Սարգսյանը չի պատասխանում, քանզի ասելիք չունի և հոգնել է երկրի ղեկավարի ֆունկցիաները կատարելուց,

2.Սարգսյանը հասկանում է, որ եթե պատասխանի, ապա դրա հետևանքով կտրուկ կբարձրանա այն մարդու կամ կառույցի վարկանիշը, ում կքննադատի ինքը, և այդ իսկ պատճառով գերադասում է լռել ու «մարտի» է ուղարկում Հ. Աբրահամյանին։

Ամեն դեպքում, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, բառիս քաղաքական իմաստով, գոյություն չունի։ Նա չկա։ Իսկ թե ինչու՞ է նրա բացակայությունը փորձում լրացնել Հովիկ Աբրահամյանը, այլ խոսակցության թեմա է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը