Մեկնաբանություն

08.05.2014 12:57


Մայնդորֆից մինչև Քարնեգի կենտրոն. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Մայնդորֆից մինչև Քարնեգի կենտրոն. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Նախագահական նստավայրում հայտնվելուն պես Սերժ Սարգսյանը սկսեց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարել՝ ձգտելով ներքին լեգիտիմության բացակայությունը փոխհատուցել արտաքին դաշտում զիջումների գնալու պատրաստակամությամբ։

Թույլ և քաղաքականապես անմեղսունակ Սերժ Սարգսյանը պարզապես գտածո էր միջազգային հանրության համար, և բնական է, որ ամեն մեկն սկսեց իր կողմը քաշել և իր ուզած ձևով օգտագործել «նախաձեռնողական» այդ մարդուն։

Սերժ Սարգսյանը բոլորին «այո» էր ասում։ Նա «այո» ասաց Մեդվեդևին ու ստորագրեց տխրահռչակ Մայդնորֆյան հռչակագիրը, որտեղ առաջին անգամ պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով Բաքվի հետ փաստաթուղթ էր ստորագրում առանց Ստեփանակերտի։

Դրանից հետո Սարգսյանն «այո» ասաց Անկարային ու Արևմուտքին՝ ազդարարելով «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկը, որի արդյունքը եղավ այն, որ կանգ առավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես նաև սև ամպեր կուտակվեցին Ղարաբաղի ու Հայաստանի գլխին։

«Ֆուտբոլային» դիվանագիտության ուղղակի հետևանք էր Կազանում տեղի ունեցածը։ Մենք փրկվեցինք զուտ հանգամանքների բերումով և միայն Ալիևի ագահության շնորհիվ գոնե այդ պահին խուսափեցինք Ղարաբաղի հարցով վատագույն սցենարից։

Չբավարարվելով «Ֆուտբոլային» դիվանագիտության «ձեռքբերումներով»՝ Ս. Սարգսյանն «այո» ասաց նաև ԵՄ–ին՝ խոստանալով ասոցացվել։ «Արևմտամետ» Սարգսյանի վերջին հանգրվանը, սակայն, դարձավ Մաքսային միությունը։

Այս բոլոր «այո»–ները Սարգսյանն աջ ու ձախ էր նետում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հաշվին և հանուն սեփական աթոռի։

Հիմա եկել է այս ամենի համար վճարելու ժամանակը։ Ուորլիքի ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի շուրթերով ԱՄՆ–ի պաշտոնական տեսակետի հրապարակումը Քարնեգի կենտրոնում և «Թվիթերում» հենց այդ վճարի ստացման մասին հայտ էր։ Ամերիկացիները հաշիվ–ապրանքագիր են ներկայացնում Սարգսյանին ու նրա միջոցով՝ Հայաստանին։

Սարգսյանն Արևմուտքի հետ գործարքի էր գնացել՝ համաձայնվելով Հայաստանը դարձնել հակառուսական նախագծի ակտիվ մասնակից։ Փոխարենը նա Արևմուտքից խնդրել էր աչք փակել իր ապօրինի իշխանության և տոկոս «խփոցիի» վրա։ Գործարքը կնքվել էր ՀՀ քաղաքացիների թիկունքում և ժողովրդավարության երկակի ստանդարտների կիրառման շրջանակներում։

Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին Սերժ Սարգսյանը «քցեց» Արևմուտքին, բայց դրանով չշահեց Ռուսաստանի համակրանքը և չամրապնդեց Հայաստանի անվտանգությունը։ Ճիշտ հակառակը տեղի ունեցավ։

Հայաստանն այժմ անպաշտպան է առավել, քան երբևէ։ Եվ դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Նա խախտեց Հայաստանի շուրջ ձևավորված բալանսը և հրաժարվեց կոմպլեմենտար քաղաքականությունից։ Արդյունքները տեսանելի են բոլորին։

Արևմուտքն այժմ Կովկասում երկրորդ Ուկրաինա է ուզում սարքել, քանզի չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանն ու Ղարաբաղը Կրեմլի ազդեցության տիրույթում են հայտնվել։ Կրեմլն էլ իր հերթին չէր ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանն ու Ղարաբաղը կարող են «չերեզ» Թուրքիա ու Ադրբեջան հայտնվել ԵՄ–ի տիրույթում։ Դա էր պատճառը, որ մենք անընդհատ ահազանգում էինք այն մասին, որ Սարգսյանի ու նրան կցված «արևմտամետների» բռնած գիծը ԵՄ–ի հետ ասոցացման մասով Հայաստանին տանում է դեպի կատաստրոֆիկ զարգացումներ։

Սարգսյանը միայն վերջին պահին շրջադարձ կատարեց պրոթուրքական «արևմտամետությունից», բայց այդ շրջադարձն այնքան կտրուկ էր և այնքան սխալ, որ հիմա մենք հայտնվել ենք Արևմուտքի ճնշման տակ։ Մինչդեռ Հայաստանը ո՛չ ԵՄ–ի հետ պետք է ասոցացման գործընթաց սկսեր, ոչ էլ հայտնվեր ՄՄ–ի մեջ։

Այս վիճակից դուրս գալու ելքը իշխանափոխությունն է։ Սա արդեն դառնում է անվտանգության խնդիր։

Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, այլապես աշխարհի քաղաքական քարտեզի վրայից կջնջվի Հայաստանը։

Մենք չենք կարող մեր պետության ու քաղաքացիների ապագան զոհաբերել մեկ մարդու անձնական շահերին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը