Մեկնաբանություն

08.05.2014 16:37


Իր համար «խախանդ ուղերձում» էր մեկ էլ ասեցին՝ դե մի հատ «ատվետ» տուր ԱՄՆ-ին

Իր համար «խախանդ ուղերձում» էր մեկ էլ ասեցին՝ դե մի հատ «ատվետ» տուր ԱՄՆ-ին

Կեսօրին բացեցի կայքերից մեկը ու աչքիս առաջ ի՞նչ տեսնեմ… Գեներալ Մանվելի շնորհավորարական ուղերձը Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան տոների կապակցությամբ: Ահագին ծավալուն տեքստ է, բայց դե ասում ես՝ ոչինչ, չպետք է ծուլանալ ու չկարդալ ԵԿՄ նախագահի փոխարեն ինչ-որ մեկի գրած տեքստը:

Գեներալ Մանվելը հաստատ կարդացել է ու հավանություն է տվել իր անունից գրված ուղերձին: Իսկ Մանվել Գրիգորյանն այն անձն է, որ մինչ օրս եթե մի ճշմարիտ բնութագրում է տվել, ապա դա «Վերջի բոլշեւիկն» է: Բա հիմա չիմանա՞նք էս վերջին ուղերձում ի՞նչպես է բնութագրում «Վերջի բոլշեւիկին»:

Ուրեմն՝ հիմա էլ գեներալ Մանվելի համար Սերժ Սարգսյանը «ամենաիսկական երկրապահ է», որ գիշերները չի քնել ու մտածել է, թե ոնց անի, որ Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենք ընդունել տա:

Այսպես, գեներալ Մանվելն իր «գրած» ուղերձում հատուկ ընդգծում է Սերժ Սարգսյանի դերը այդ օրենքի ընդունման հարցում: Մինչ այդ մի քանի տեղում էլ նշված է «Սպարապետ Վազգեն Սարգսյանի» ու «Գրետա մայրիկի», կաթողիկոսի անունները, թվարկված են «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» ակումբների անուններն ու նրանց հետ իրականացվող աշխատանքները եւ այսպես շարունակ: Բայց լավ է, որ ուղերձի վերջում հիշատակվում է ժողովուրդը։ «Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են»:

Լավ պրծանք, լավ է, ուրեմն՝ հույս կա … դեռ հիշում են, որ այս երկրում ժողովուրդ էլ կա ընդհանրապես: Բա որ ողջ ժողովուրդն է երկարպահ, էլ ինչո՞ւ են առանձին անուններ նշված ուղերձում: Է՛հ, թվարկեիք նաեւ հերոսներ ծնած բոլոր մայրերի անունները եւ կամ բոլոր հերոսների անունները: Ոչ թե միայն Վ.Սարգսյանի եւ նրա մոր անունները:

Ամենաիսկական երկրապահների մեծ մասը հիմա սովից մեռնում է, կամ լքում է հայրենիքը, բայց պարզվում է «Վերջի բոլշեւիկն» է «ամենաիսկական երկրապահը», ով ինչպես նշում են լավատեղյակները, 1990-ականների սկզբին՝ պատերազմի ամենաթեժ շրջանում մոսկվաներից էր «երկրապահություն» անում, իսկ ԵԿՄ–ն էլ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ «հուժկու» հավաքներ էր անում ընդդեմ «ամենաիսկական երկրապահ» Սերժ Սարգսյանի: Ինչեւէ:

Այսօր Եռաբլուրում գեներալներ Մանվելն ու նրա կյանքի մշտական ուղեկից Սեյրան Սարոյանը «շռնդալից» հակադարձեցին ամերիկացիներ Ուորլիքին ու Հեֆերնին:

Էս երկրում, պարզվում է էլ մարդ չկա, ո՛չ ղեկավար, ո՛չ արտգործնախարար եւ ո՛չ էլ անգամ Շարմազանով: Վերջինս, գիտեք, թե ոնց է ամեն անգամ վիրտուալ «շշպռում» Ալիեւին:

Հիմա, ավելի ճիշտ՝ արդեն 24 ժամ իշխանության կողմերից ձեն-ծպտուն չի լսվում ամերիկացիների այն հայտարարության կապակցությամբ, թե հողերը պետք է հանձնենք:

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ կառավարության՝ «գրավյալ» տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին արտահայտած դիրքորոշումը, որն իրենից ուլտիմատում–պահանջ է ներկայացնում, «ոչ ու փուչ» անելու գործը թողել են գեներալներ Մանվելի ու Սեյրանի վրա:

«25 տարի ա՝ ես լսում եմ, միշտ էլ ուզել են, իրանց տվո՞ղ ա եղել, դա ազատագրված տարածքներ են, չհայտարարված պատերազմ, իրանք ուզում են, մենք էլ չպիտի տանք»,- Եռաբլուրում հայտարարեց Մանվել Գրիգորյանը:

Ի դեպ, պաշտպանության նախարարը, որ նույնպես Եռաբլուրում էր, հարցին խուսափողական, ավելի ճիշտ՝ լղոզված պատասխան տվեց: Բայց ախր միշտ այսպես չեն ուզել, հիմա ՄԽ-ի համանախագահող երկրնեից մեկը ապտակելու պես է ասում՝ հայկական կողմ, է՛ս է, տեսե՛ք, եթե չվերադարձնեք «գրավյալ» տարածքները ՝ ոչ մի զարգացում չեք ունենալու: Ենթատեքստում՝ սպասեք պատերազմի:

Սերժ Սարգսյանի «Եւ, եւ»-ի ու «Կամ, կամ»-ի արտաքին քաղաքական աճպարարության հետեւանքը սա էր լինելու: Բայց դե, գեներալ Մանվելն ի՞նչ է հասկանում այս ամենից, համ էլ հո չէ՞ր ասելու, թե «սաղ Վերջի բոլշեւիկն ա մեղավոր», որին հիմա «վերաորակավորել» ու դարձրել է «ամենաիսկական երկրապահ»:

Ուորլիքի ու Հեֆերնի վերջին հայտարարություններն ավելորդ անգամ ցույց տվեցին, թե Սարգսյանը ոնց է երկիր պահում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը