Մեկնաբանություն

09.05.2014 17:05


Չմսխել հաղթանակը

Չմսխել հաղթանակը

Տոնական օրերին ընդունված է գրեթե կենացային բառապաշարով խոսել, բայց արժե խախտել այդ ավանդույթը։ Մանավանդ որ ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատման քսանամյակի նախաշեմին և Շուշիի ազատագրման օպերացիայի մեկնարկի օրը պաշտոնական Վաշինգտոնը շոկի ենթարկեց մեզ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի ներկայացուցիչ Ուորլիքի ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի շուրթերով հայտարարելով, թե պետք է կապիտուլացվենք։

Ճիշտ է, ամերիկացիների պահանջ–առաջարկը նորություն չէր, բայց նորություն էր այն, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի բերանով խախտվում է դիվանագիտական լեզվի կանոնը, և բացահայտ հակահայկական հայտարարություն է արվում։

Եվ այդ ամենը տեղի է ունենում եռատոնին ընդառաջ։

Այսպիսի սառը ցնցուղ եղավ նաև «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, երբ ապրիլի 24–ից մեկ օր առաջ հայ–թուրքական քիրվայության գովազդն արվեց։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փաստորեն, ավանդույթ է դառնում այն, որ տոնական կամ սգո օրերից առաջ հարվածներ ենք ստանում այդ տոնի կամ սգո թեմաներով։ Ստացվում է, որ Ցեղասպանության օրը պետք է ոչ թե հարգենք զոհվածների հիշատակը, այլ կասկածի տակ դնենք 1915 թվին տեղի ունեցածը՝ թուրքերի հետ պատմաբանների հանձնաժողով ստեղծելով, իսկ ղարաբաղյան հաղթանակի օրն էլ պետք է ոչ թե ուրախ տրամադրությամբ տոնենք կամ գոնե չտխրենք, այլ պետք է կապիտուլյացիոն փաստաթղթի մասին մտածենք։

Ի դեպ, դրսի ուժերին այս ամենի համար պետք չէ մեղադրել։ Ամեն մի պետություն, առավել ևս՝ գերտերություն, իր շահերն է առաջ մղում։ Ցավալին այն է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունից» այս կամ այն չափով օգտվել են բոլորը, բացի Հայաստանից ու Ղարաբաղից։ Նույնիսկ Սարգսյանն է «նախաձեռնողականության» միջոցով անձնական օգուտ ստացել իշխանության պահպանման տեսքով, բայց Հայաստանը դրանից ոչինչ չի շահել, ավելի ճիշտ՝ կորցրել է։

Ահա այսպես է մսխվում հաղթանակը։

1994–ից հետո մենք պետք է կարողանայինք պետականաշինության և տնտեսության ոլորտներում հաղթանակներ գրանցել, որպեսզի Ադրբեջանի ախորժակը զսպվեր, ու ռևանշի հասնելու ցանկությունն այդպես էլ ցանկություն մնար, սակայն չկարողացանք։

Անիմաստ է Ադրբեջանի հետ մրցելը սուլթանատ կառուցելու հարցում։ Այդտեղ մենք «էս գլխից» պարտված ենք։ Առանց նավթ ու գազ սուլթանատը միշտ էլ կպարտվի նավթով ու գազով հարուստ սուլթանատին։

Հետևաբար, մենք պետք է ժամանակակից պետությունը հակադրենք հետադիմական ալիևյան համակարգին, դինամիկ զարգացող ու մրցակցային տնտեսությունը՝ վառելիքի արտահանման վրա «նստած» տնտեսությանը, ժողովրդավարական ինստիտուտները՝ ժառանգական իշխանական համակարգին։ Առայժմ այս ամենը մեզ մոտ չի ստացվում։

Այո՛, մենք ազատությունների ու քաղաքացիական ինստիտուտների մակարդակով համեմատաբար լավ վիճակում ենք, քան Ադրբեջանը, բայց Հայաստանը հաստատուն քայլերով հետընթաց է ապրում։

Մենք մսխում ենք հաղթանակը տնտեսության թուլացմամբ, ընտրակեղծիքներով, արտագաղթով, միահեծան քաղաքական համակարգ կառուցելով, բոլշևիկյան մոդելի սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով, անգրագետ կառավարմամբ և գաղջ մթնոլորտ ստեղծելով։ Իսկ դա պարտությունն է։

Հաղթանակի քսանամյակին հաճելի չէ պարտությունից խոսելը, բայց ստիպված ենք խոսել։ Պարտավոր ենք նաև գործել, որպեսզի կրկին հաղթանակներ լինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը