Տնտեսական

12.05.2014 13:27


ԲՀԿ–ն քաղաքական մեծամասնությունից հստակ դիրքորոշում է պահանջում

ԲՀԿ–ն քաղաքական մեծամասնությունից հստակ դիրքորոշում է պահանջում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իշխանություններից շատ կոնկրետ գնահատական է պահանջում պարտադիր կուտակային համակարգի հետ կապված։ ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդել է.

–Իշխող կուսակցությունը պետք է ասի՝ ինքը հետամո՞ւտ է լինում այս փոխոխությունն իրականացնելուն, թե՞ հետընթաց է կատարում։ Սա կանգա՞ռ է, թե՞ առաջընթաց։ Այստեղ Ներսես Երիցյանը հայտարարում էր, որ հինգ տոկոսից պակաս անհնար է՝ լինի, որովհետև ռեֆորմը չի աշխատի։ Հիմա եթե մենք ասում ենք՝ գործատո՛ւ, դիմում գրի՛, հրաժարվի՛, բա էդ ֆոնդերը ո՞նց են աշխատելու։ Այս հարցին էլ պետք է պատասխան տաք։ ԲՀԿ–ն նաև կոնկրետ հարց է դնում՝ 127 հազար մարդու կատարած փոխանցումները ի՞նչ են լինելու։ Սրա մասին էլ հստակ պետք է ասվի։

ԲՀԿ–ական պատգամավորը նաև նշել է, որ Կառավարության ներկայացրած օրինագծում արդեն իսկ հակասահմանադրական տարրեր է տեսնում.

–Եթե մարդուն մենք ստիպում ենք՝ դիմում գրի և հետ ստանա իր սեփականությունը, դա սահմանադրակա՞ն է, թե ոչ։ Ես արդեն տեսնում եմ, որ այս օրենքում շատ կետեր հակասահմանադրական են։ Եվ հետո, այս օրինագիծն Արդարադատության նախարարությունով, ԱԺ–ով է անցել. այդ ամբողջ իրավաբանական ծառայությունները պատասխանատվություն ունենալո՞ւ են հակասահմանադրական օրենքն առաջ տանելու համար։

Մ. Մելքումյանը դրական է գնահատել, որ նոր ձևավորված Կառավարությունը փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, բայց և ընդգծել է՝ այդ աշխատելը զուտ տեխնիկական բնույթ չպետք է կրի։

–Քաղաքական կուրսի՛ փոփոխություն պետք է ենթադրի։ ԲՀԿ–ի քվեարկությունն էլ պայմանավորված կլինի իմ հարցադրումների նկատմամբ ձեր մոտեցումներով, հատկապես քաղաքական գնահատականով՝ գնում եք հե՞տ, առա՞ջ, թե՞ տեղում եք մնում,–ասել է Մ. Մելքումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը