Լրահոս

26.08.2009 14:52


Ճնշում «Բջնի» հանքային ջրեր գործարան» ՓԲԸ–ի դե՞մ

Ճնշում «Բջնի» հանքային ջրեր գործարան» ՓԲԸ–ի դե՞մ

 

«ԲՋՆԻ» հանքային ջրեր գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնոօրեն Լ. Հարությունյանը բողոք-դիմում է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Տարածված հայտարարության մեջ ասված է.

««Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության հետ կապված նախկինում Ձեզ շատ ենք դիմել: Պետք է տեղեկացնենք, որ անօրինականությունները շարունակվում են:

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը' խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք: Ավելին, նընկերությունն այդ թղթերի պատճեները տրամադրելը պարտավորեցնելու պահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան: Գործը արդեն հինգ ամիս է քննվում դատարանի կողմից:

Կատարողական վարույթի նյութերի պատճենների չտրամադրելու պատճառը կարծում ենք, շատ պարզ է, «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության կողմից, որը հաղթել էր աճուրդում, գումարն իրականում չի վճարվել:

Համոզված ենք, որ որևէ բանկային փոխանցում չի իրականացվել այս ընթացքում: Եվ ԴԱՀԿ ծառայությունը հավանաբար կեղծ դրամարկղի մուտքի անդորրագիր պատրաստելով սպասում էր, որ փաստացի գումարը համալրվի: Այդ է պատճառը նաև, որ նշված գումարը (որը պետք է մուտք եղած լիներ մինչև 19.02.2009թ.) մինչև 2009թ. մարտի 19-ը (նաև դրանից հետո) չի փոխանցվել պետական բյուջե' Պետական եկամուտների կոմիտեին (պահանջատիրոջը), չի տրամադրվել գումարների բաշխման տեղեկանք և ավելացված գումարը չի վերադարձվել պարտապանին:

Իրոք, որ շատ ռացիոնալ հարց է ծագում, թե ինչու ԴԱՀԿ ծառայությունը ստացված ահռելի գումարը չի փոխանցել պետական բյուջե, ինչն է պատճառը: Եվ ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում կատարողական վարույթի նյութերը Ընկերությանը տրամադրելուց, այն դեպքում, երբ նա պարտավոր է դրանք տրամադրել: Ավելին, դեռևս օրինական ուժի մեջ չմտած ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով աճուրդն անվավեր է ճանաչվել, նույն հարկադիր կատարողների կողմից շատ անհապաղ կատարվում է և իբր ստացված գումարը վերադարձվել է «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը: Այդ ինչպես եղավ, երբ հարկադիր կատարման ծառայությունը, որը զլանում է նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կատարելու հարցում, սկսել է կատարել նույնիսկ ուժի մեջ չմտած դատական ակտը:

Այս մասով ընկերությունը դեռևս 2009թ. մարտի  17-ին գրավոր հաղորդում է տվել ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ ոստիկանությանը խնդրելով ստուգել' փաստացի կանխիկ դրամն առկա է ԴԱՀԿ դրամարկղում, թե' ոչ և ինչ հանգամանքներում է գումարը բերվել ԴԱՀԿԾ (ով է բերել, երբ է բերել, ով է ընդունել և այլն) և ինչու այն մինչև հիմա չի բաշխվել պարտատիրոջը, և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:

Առ այսօր, ի խախտումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների' նշված իրավապահ մարմինների կողմից ընկերությունը չի ստացել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որևէ որոշում:

Այս իրավապահ մարմինները, որոնք կոչված են սուբյեկտների շահերը պաշտպանելու, շատ դանդաղ են շարժվում, երբ խնդիրը վերաբերում է «Բջնի» հանքային ջրերի գործարան ընկերության շահերին, և շատ արագ են արձագանքում, եթե հարկավոր է ճնշել «Բջնի» ընկերությանը և այդ անվան հետ կապված յուրաքանչյուրին:

ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով 19.03.2009թ. վճիռը, որով անվավեր է ճանաչվել ԴԱՀԿ ծառայության 10.01.2009թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդով Ընկերությանը պատկանող և արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, պարտավորեցվել է վերջինիս ձեռնպահ մնալ Ընկերության գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելուց «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն'  վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ սույն օրենսգրքով:

       Վերը նշված հոդվածի պահանջներն իրենց արտացոլումն են գտել նաև վճռում, որի համաձայն' վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճռի հրապարակման օրվանից' 19.03.2009թ-ից հաշված մեկ ամվա վերջին օրը համընկնում է 19.04.2009թ. հետ և վճիռն օրինական ուժի մեջ է մտնում նշված օրվանից հետո, եթե այն գործին մասնակցող անձանցից որևէ մեկը չբողոքարկի:

Սնանկության վարույթն սկսվել է 2009թ. մարտի երկրորդ կեսին:

Ընկերությանը պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարվել էր «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը, և սնանկության գործով դատական նիստի օրվա դրությամբ Ընկերության գույքի de jure սեփականատերը հանդիսանում էր  վերջինս (Ընկերության անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում է կատարվել աճուրդի և դրա հիման վրա կնքված պայմանագրերի համաձայն): Հետևաբար, ստացվում է, որ այդ պահի դրությամբ Ընկերությունը ՀՀ վարչական դատարանի կողմից 14.10.2008թ. տրված թիվ ՎԴ/0551/05/08 կատարողական թերթով de jure որևէ պարտավորություն չունի պետական բյուջեի նկատմամբ:

Մինչդեռ այդ հանգամանքները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել և Ընկերությանը ճանաչել է սնանկ:

2009թ. հուլիսի դրությամբ Ընկերության գույքի նկատմամբ դեռևս գրանցված էր □Արմենիա Ռոյալ Սիգարետ□ ՓԲԸ սեփականության իրավունքը: Ստացվում է, որ ընկերության գույքը վերցրել են և ամբողջ պարտքը լրացուցիչ կախել են վերջինիս վրա:

Իսկ, որ իշխանություններն են կազմալուծել Ընկերության գործունեությունը հաստատվում է նաև հետևյալ փաստերով'

1.                         երբ 10.10.2008թ. ՀՀ վարչական դատարանը վճռեց ավելի քան 4 մլրդ. դրամ գումար բռնագանձել ընկերությունից և վճիռն էլ ուժի մեջ մտավ հրապարակման պահից, պետական եկամուտների կոմիտեն անհապաղ դիմել էր կատարողական թերթ ստանալու պահանջով, չսպասելով, Ընկերության կողմից վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից օգտվելուն.

2.                         ԴԱՀԿ ծառայությունը դիմակավորված անձանցով մեկ օրվա ընթացքում ընկերության ողջ գույքը դնում է արգելանքի տակ, իսկ ընկերության աշխատող (առաքող) տրանսպորտային միջոցներն առգրավվում և տեղափոխվում են ԴԱՀԿ տուգանային հրապարակ.

3.                         Ընկերությունը դիմում է նույն վարչական դատարանին խնդրելով մինչև վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտը' 10.01.2009 թվականը, սահմանել վճռի կատարման այլ կարգ, որպեսզի չկազմալուծվի ընկերությունը: Որպես առաջարկություն ընկերությունը համաձայնվել էր, որ բռնագանձվող գումարի 40 տոկոսը ուղարկվի բյուջե, իսկ մնացածը տրվի աշխատավարձ, հումքերի ձեռք բերում, ընթացիկ հարկային պարտավորություններ և այլն: Ընկերությունը նշված դիմումին կցել էր նաև իր 483 աշխատակիցների ցանկը, որոնք հարկադիր պարապուրդի էին մատնվել: ՀՀ վարչական դատարանը մերժել է ընկերության հիշյալ դիմումը:

 

Փաստորեն, որոշ իշխանավորներ, տեսնելով, որ չեն կարողանում արագ և առանց արձագանքի խլել գործարանը, փորձում են այդ կատարել սնանկության ճանապարհով: Ավելին, սնանկության կառավարչի միջոցով, փորձում են ուրիշի սեփականությունն օգտագործել և արտադրանք տալ: Չնայած նույն «ցավացող» մարդկանց թեթև ձեռքով գործարանի արտադրական կազմակերպման վիճակն այնքան է վատացել, որ հազիվ թե դա հնարավոր լինի վերականգնել երկար ժամանակ»:

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը